Երեւանի ավագանու նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթի ժամանակ բանավեճ տեղի ունեցավ Մարությանի եւ քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջեւ։ Ավինյանը Մարությանին կոչ էր անում ավարտել ելույթը՝ նշելով, որ ժամանակը սպառվել է։
Մարությանն իր ելույթում քննադատեց իշխանության ճոխ ծախսերը, մասնավորապես, նշելով, որ այս տարի միայն տոնածառի լույսերի վառման արարողության վրա ծախսվել է 89 մլն դրամ։ «Մենք այս տարի մեր պատմության մեծագույն ողբերգություններից մեկն ենք տեսել, երկրում ունենք 100 հազարավոր արցախցի փախստականներ, որոնց հարցերը դեռ շատ հեռու են լուծված լինելուց, էլ չասած հարցի բարոյական կողմը, լավ, ի՞նչ ենք մենք ի վերջո տոնում այս բուռն տոնակատարություններով ու ճոխ հրավառություններով, ո՞ր մի հաջողությունը, ո՞ր մի հաղթանակը։ Ասում ենք՝ երեխաների համար ենք անում։ Շատ լավ, ի՞նչ ուղերձ ենք փոխանցում սրանով մեր երեխաներին, ի՞նչ ենք սովորեցնում, որ երբ եղբորդ տունը ձեռքիցդ խլում են, դու պետք է ձեւացնես, թե չես նկատել ու շարունակես քեֆ անե՞լ։ Դա՞ ենք սովորեցնում»,- ասել էր Մարությանը։
Նա նաեւ անդրադարձել էր Տիգրան Ավինյանի երդմնակալության համար ծախսված գումարներին՝ ասելով․ «Այս տարի քաղաքապետի երդմնակալության արարողության վրա ծախսվել է ավելի քան 87 մլն դրամ։ Համեմատության համար ասեմ՝ իմ երդմնակալության համար 2018 թվականին ծախսվել էր 900 հազար դրամ։ Եվ այսպես՝ 900 հազար դրամ եւ 87 մլն դրամ, այսինքն՝ մոտ 100 անգամ ավելի։ Եթե հաշվի առնենք, որ քաղաքապետերը բնական պայմաններում հինգ տարին մեկ պետք է ընտրվեն, ստացվում է, որ դուք միանգամից 500 տարվա երդմնակալության գումար եք ծախսել, ժողովուրդ»։
Տիգրան Ավինյանը, ընդհատելով Հայկ Մարությանին, ասաց, որ կարգ է փոխվել, նախկին 10 րոպե փոխարեն խմբակցությունների անուններից ելույթների համար այժմ 5 րոպե է ժամանակ է սահմանված։ «Քաղաքի բյուջեն սա ամենակարեւոր փաստաթուղթն է, որն ընդունում է մեկ տարվա համար։ Եվ շատ տարօրինակ է, որ որոշում է ընդունվել, որ առաջվա 10 րոպեի փոխարեն 5 րոպե է ելույթի ժամանակը»,- ասաց Մարությանը։ Տիգրան Ավինյանը նշեց, որ եթե Հայկ Մարությանը ներկայանա ավագանու նիստերին, հատուկ առիթներով չներկայանա, ելույթ ունենալու հնարավորություն կունենա։ «Խնդրում եմ, միկրոֆոնն անջատեք, ավարտվեց, չի կարելի, ժողովուրդ ջան, բալագան չի։ Արտոնյալներ չկան, չի կարելի ավագանու նիստն անարգել»,- ասաց Ավինյանը։ Հայկ Մարությանի խմբակցության անդամները դժգոհեցին։ Տիգրան Ավինյանն ասաց․ «Հարգելի Ազգային առաջընթաց ֆրակցիա, էստեղ վերին արտի ցորեն կա՞։ Չի կարելի երկու-երեք նիստ բացակայել, հետո բարեհաճել գալ ու որոշել, որ 40 րոպե ելույթ է ունենում, ամենայն հարգանքով։ Ես ընդամենը խնդրում եմ հարգել կանոնակարգը, սա թատրոն չէ բեմ չէ, մոնոներկայացում չէ։ Բարի եղեք, ամբողջ կազմով եկեք, ելույթներ ունեցեք, սա թատրոն չի, երրորդ նիստի մի հարցին ներկայանում է, կիլոմետրերով ելույթ պիտի ունենա, բարեւ ձեզ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ