Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը «Արմենպրես» լրատվական կենտրոնում, ամփոփելով մրցաշրջան 2023-ը, նշեց, որ այս տարի նախորդի հետ համեմատած միայն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճած մեդալների թիվն ավելացել է 40-ով եւ հասել 146-ի։ «Աննախադեպ հաջողություն ենք գրանցել նաեւ այն առումով, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան եւ հավաքականը լավագույնն է եղել աշխարհում։ Մենք հաղթել ենք նաեւ Չինաստանին, մի բան, որ երկար տարիներ չէին կարողանում անել ոչ միայն Հայաստանը, այլեւ՝ աշխարհը։ Մենք արեցինք՝ հաղթելով նաեւ աշխարհի մյուս երկրների ընտրանիներին եւ ֆեդերացիաներին, ինչը, իրոք, պարծենալու բան է։ Վկա այս գեղեցկուհի գավաթը, որ մեզ հետ միասին եկավ Հայաստան»-ասաց պարոն Ալավերդյանը։
Նա նաեւ գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում հիանալի պատանի ու երիտասարդ ծանրորներ են աճում, որոնք չեմպիոն ու մրցանակակիր են դառնում իրենց ըտարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպաների առաջնություններում, այլ մրցումներում։ Վերջինների ցուցանիշները, ինչչպես նշեց Փաշիկ Ալավերդյանը, ինքը չի ընդգրկել մեդալների այս հաշվարկում։
«Մեր մարզաձեւում առանձին վարժություններում եւ երկամարտում նվաճված մեդալները հավասար են։ Սակայն այդ հաշվարկը չի վերաբերում օլիմպիական խաղերին, որտեղ մեդալ տրվում է միայն երկամարտի արդյունքի հաշվարկով։ Հիմա խոսակցություն կա, որ օլիմպիական խաղերում էլ առանձին վարժություններում մեդալներ սահմանվեն։ Ու դա ճիշտ է։ Օրինակ, սեղանի թենիսում կա մենախաղ, զուգախաղ, խառը զուգախաղ։ Մեկ մարզիկը կարող է միեւնույն օլիմպիական խաղերում երեք մեդալ նվաճել մեկ մարզաձեւում։ Իսկ ինչո՞ւ նույնը չի կարելի անել ծանրամարտում։ Հետո՞ ինչ, որ գործիքը նույնն է։ Բայց վարժություններն են միմյանցից սկզբունքորեն տարբեր, առավել եւս, որ պոկում եւ հրում վարժությունների միջեւ տարբերությունը հասնում է 40-50 կիլոգրամի»,-ասաց մասնագետը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ