Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» բացառիկ պատկերագիրքը՝ արդեն անգլերեն

Դեկտեմբեր 26,2023 18:59

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը (ՍՀՀԿ) լույս է ընծայել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը՝ անգլերեն The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone։ Այն կազմվել եւ հրատարակվել է ՀՀ  ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով:  Հեղինակներ են լրագրող, Քաշաթաղի շրջանի նախկին «Մերան» թերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը (բովանդակություն, լուսանկարներ) եւ ՍՀՀԿ նախագահ, ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը (գիտական խմբագրում, ստուգաբանություններ)։ Գրքի խմբագիրն է ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ներսիսյանը, թարգմանիչն է Սոնա Քումունցը։

Գիրք-պատկերագիրքը լույս է տեսել «Ոսկան Երևանցի» տպագրատանը՝ 1000 տպաքանակով, եւ ըստ ծրագրի՝ գրեթե բոլոր օրինակները տարածվելու են արտասահմանում։ Գիտական քննարկումը անցկացվել է Գորիսի պետական համալսարանում։

Aravot.am-ի հետ զրույցում, ներկայացնելով կարեւոր հատորը, Մհեր Քումունցն ասաց, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը սպասված է հայ հասարակության կողմից. «Շուրջ երեք տասնամյակ բաց են թողնվել կարեւոր աշխատանքներ այս բնագավառում։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը պատմական Սյունիք-Արցախի հայկականությունը ամրագրող փաստագրում ունի, ստվերում է  Հայաստանի Հանրապետությունից դուրս գիտական և քաղաքական հարթակներում հրատարակվող և հրապարակվող կեղծ թեզերը, պատմաքաղաքական կողմնորոշումները։ Այն կարող է օգտակար լինել հայ և հայանպաստ դիվանագիտական ինստիտուտներին՝ հայկական մշակույթի արևելյան հատվածի միջազգայնացմամբ, օգնել ոչ հայախոս հանրությանը շիտակ տեղեկատվությամբ՝ Արցախի հարցում ունեցած պատկերացումները, կողմնորոշումները հստակեցնելու, առնչվելու տարածաշրջանի քրիստոնեական և նախաքրիստոնեական բազմադարյան մշակույթին և նրան  սպառնացող վտանգներին։

Գրքի հրատարակման նպատակներն ու խնդիրները բավականին կարևոր են, և, ով գիտի, հայ իրականության մեջ այլևս նման բովանդակությամբ գիրք կլինի՞։ Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանները տեղում դիտարկելը այլևս անհնար է։ Հայ ժողովրդի՝ դարեր ի վեր ստեղծած արժեքավոր շատ հուշարձաններ ոչնչացվում են, բռնափոխվում,  որոշ մասն էլ հայտնվել է «չեզոք» գոտում (оրինակ՝ նորահայտ վիշապաքար-հուշարձանը, որ գտնվում է Խոզնավար-Միրիկի տարածքում, չենք կարողանում այցելել): Նույնիսկ կան հուշարձաններ, որոնք նոր հայտնաբերված լինելու հետևանքով համապարփակորեն չեն գնահատվել։ Մյուս հուշարձանները, որոնք ճանաչման և գնահատման կարիք ունեն, պատշաճ կերպով երբևէ չեն հանրայնացվել ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլև սփյուռքում և ընդհանրապես»։

Գիտնականի ձեւակերպմամբ. «Մյուս խնդիրը հուշարձանների պատկանելության ճանաչման հարցն է։ Քաշաթաղի շրջանում չկա գրեթե մեկ բնակավայր, որտեղ չլինի հայկական հետք։ Արժեքավոր հուշարձաններ կան, որոնք ադրբեջանական մամուլում ներկայացվում են որպես թյուրքական, աղվանական եւ կամ քրդական։ Պատմական վայրերի եւ հուշարձանների ցուցակագրումը, գիտական բարեխղճությամբ ներկայացումը, ապա դիդակտիկ՝ լուսանկարային, ցուցադրությունը, բնակավայրերի պատմական տեղորոշումը և անունների ստուգաբանությունը ապահովում են գրքի հարգը, պահանջարկը և հատկապես օգտակարությունը ոչ միայն  Սյունիք-Արցախի պատմության, նրա ուսուցման, այլ նաև մշակույթի, արվեստի, քաղաքակրթությունների, ազգերի պատմության, ճարտարապետության բնագավառներում։ Մյուս կողմից գիրքը, որ գիտական ուսումնասիրության հանրամատչելի խմբագրումով է տրված, կարող է մեծ դեր խաղալ տեղեկատվական պատերազմում, որը հայտարարված է  աշխարհաքաղաքական նպատակներն իրագործելու համար»։

Գիրքը ստեղծողները կարծում են, որ այն պահանջված կլինի հետազոտողների (հնդեվրոպական ժողովուրդների ժառանգությամբ, ուրարտական քաղաքակրթությամբ, միջնադարյան քրիստոնեության պատմությամբ, հայ ժողովրդի պատմությամբ, Հարավային Կովկասի վաղ միջնադարի պատմությամբ և պատմամշակութային ժառանգությամբ զբաղվողների) ու առհասարակ  պատմամշակութային տարբեր ոլորտներով հետաքրքված անձանց համար: Ըստ նրանց, միջազգային հանրությանը այսպիսով հասանելի է գիտականորեն փաստագրված գիրք, որն արտացոլում է Սյունիք-Արցախի պատմական շրջաններից մեկի՝ Քաշաթաղի նկարագիրը։ Դիվանագիտական ինստիտուտների ներկայացուցիչների համար այն կարևոր կռվան է՝ կեղծ հռետորաբանությունները կանխելու համար։

Հավելենք, որ գիրքը յուրահատուկ ձևավորում ունի եւ դուրս է նմանատիպ գրքերին բնորոշ կառուցվածքային կաղապարներից։ Հեղինակները նպատակ ունեն առաջիկայում  էլ պատրաստել եւ միազգային հանրությանը ներկայացնել նաև Քաշաթաղի շրջանի հոգևոր մշակույթը արտացոլող աշխատանք։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031