Երեւանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանն ասաց․ «Ուզում եմ չակերտավոր շնորհավորել գործող կոալիցիային՝ դուք այլեւս ունեք ձեր երրորդ գործընկերը։ Երեւանն արդեն ունի եռակուսակցական կառավարող կոալիցիա։ Եվ երեւանցիներին հրաշալի ամանորյա նվեր մատուցվեց։ Սիրելի երեւանցիներ, դեկտեմբերի 31-ին, երբ շամպայնի բաժակների պղպջակները կբարձրանան վերեւ, դրանք պղպջակներ չեն, տեղական տուրքերն են, որ բարձրանում են եռակողմ կոալիցիայի ջանքերի շնորհիվ»,- ասաց Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը «Հանրային ձայնին» կոչ էր արել բոյկոտել այսօրվա նիստը, որպեսզի տեղական տուրքերի եւ վճարների բարձրացման մասին հարցի քննարկումն ու առհասարակ նիստը տապալվի, սակայն «Հանրային ձայնը» չմիացավ բոյկոտին։
Անդրադառնալով Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագին, որը քննարկվում է ավագանու նիստում, Մանուկ Սուքիասյանն ասաց․ «Ես չէի ենթադրում, որ հնգամյա ծրագիրը նման հակիրճ, տրաֆարետային տեքստով կարելի է բարձրաձայնել։ Այս ծրագրում ես խոսք չտեսա այն մասին, թե քաղաքն ի՞նչ ստրատեգիական զարգացում է ունենալու, ինչի՞ հաշվին։ Բազմաբնակարանային շենքերի այս հրավառությունը, դրանից բացի այլ ներդրում լինելո՞ւ է, թե՞ չէ, քաղաքամերձ կանաչապատում լինելո՞ւ է, թե՞ ոչ, որ գոնե քաղաքի օդը լինի մաքուր։ Եվ այդպիսի շատ ռազմավարական հարցադրումներ, որոնք այս ծրագրում տեղ չեն գտել։ Եվ այս ծրագիրն ընդամենն ինձ հիշեցնում էր նախատոնական լավ բաժակաճառ»։
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Եվ առհասարակ, եթե դեռեւս հարցեր մնում են, առաջարկում եմ այնուամենայնիվ այդ ծրագիրը կարդալ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ