Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Աթոռի հանձնախումբը մեզ հստակ ասաց՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ». Վահրամ Դումանյանն արձագանքում է Միքայել Սրբազանին

Դեկտեմբեր 26,2023 18:10

Aravot.am-ի հետ զրույցում, արձագանքելով Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի այն հայտարարությանը, թե նախարար Դումանյանը վերջնագրային պահվածք է ցուցաբերել եւ ասել է՝ կամ կհամաձայնեք Հայոց եկեղեցու պատմությունը սահմանափակել մեկ տարվա մեջ, կամ՝ այդ էլ չեք ունենա, ԿԳՄՍ նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանն ասաց, որ որեւէ վերջնագրային առաջարկ չի արվել իր կողմից:

«Զարմացած եմ Միքայել սրբազանի՝ նման  ձեւով հարցի մատուցումից: Երբ ես նշանակվեցի ԿԳՄՍ նախարար 2020թ նոյեմբերի 23-ին,  3 դասագրքերի շուրջ աղմուկ կար՝  Գրականության, Հայոց պատմություն, Հայոց եկեղեցու պատմության: Ես, լինելով ակադեմիական շրջանակի ներկայացուցիչ, շատ կարեւորելով մասնագիտական հանրույթի կարծիքները, անմիջապես հրավիրեցի Լեզվի ինստիտուտի, Գրականության  եւ  Պատմության ինստիտուտների տնօրեններին: Նախորդ երկու դեպքում հարցն այն էր, որ իրենք մասնակից չեն եղել դասագրքերի ծրագրերի եւ բովանդակության ձեւավորմանը: Ես իրենց առաջարկեցի ակտիվ մասնակցություն ունենալ եւ խմբագրել, ինչպես իրենք հարկ են համարում: Կարճ ասած՝ այդ հարցերը լուծվեցին եւ որեւէ դժգոհություն, իմ ունեցած տվյալներով, չկա:

Ինչ վերաբերում է Հայոց եկեղեցու պատմություն առարկային, այդ ժամանակ քննարկվող տարբերակներից մեկն այն էր, որ Հայոց եկեղեցու պատմություն առարկան ընդհանրապես դուրս գա, եւ այդ բովանդակությունն ինտեգրվի Հայոց պատմություն առարկայի ծրագրում: Մայր Աթոռը դեմ էր արտահայտվել: Իմ նախաձեռնությամբ ես հանդիպումներ եմ ունեցել եւ Վեհափառ Հայրապետի, եւ սրբազանների հետ: Իմ նախաձեռնությամբ տեղի ունեցավ մի հանդիպում ԿԳՄՍ նախարարությունում: Նույնիսկ մասնակիցների կազմն եմ հիշում՝ եկեղեցու կողմից կրթական հանձնախմբի ներկայացուցիչներն էին՝ Արշակ սրբազանը, Միքայել սրբազանը, Անուշավան սրբազանը՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանը, Շահեն Կարամանուկյանը եւ, եթե չեմ սխալվում, Հայր Զաքարիան:

Աշխարհիկ կողմից ես էի, այն ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար տիկին Անդրեասյանն էր, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Արեւելագիտության ինստիտուտի այն ժամանակվա տնօրեն Ռոբերտ Ղազարյանը:

Ի դեպ, պետք է ասեմ, որ մինչ այդ հանդիպումը, ունեցել էի նաեւ առանձին հանդիպումներ ակադեմիայի նշված մեր գործընկերների հետ, եւ մենք ձեւավորել էինք համատեղ ընդունելի առաջարկ Մայր Աթոռի կրթական հանձնախմբի համար:

Խնդիրը հետեւյալն էր՝ Հայոց եկեղեցու պատմությունն անցնում էին դպրոցում 7 տարի՝ շաբաթական 1 ժամ  ծանրաբեռնվածությամբ: Ես երկու կետից բաղկացած առաջարկ ունեի. 1-ին՝ ընդունել Մայր Աթոռի մոտեցումը, որ պետք է Հայոց եկեղեցու պատմություն առարկան պետք է մնա: Երկրորդ մասը վերաբերվում էր ծավալին: Ես զարմանում եմ, որ Միքայել սրբազանը տարիներով է չափում առարկայի ծրագիրը, մինչդեռ այն պետք է ժամաքանակով չափել: Ասում է՝ իբր ես վերջնագրային ձեւով ասել եմ՝ մեկ տարի: Բացարձակապես նման բան բան չի եղել: Ես առաջարկել եմ մեկ տարի, բայց կրկնակի ծանրաբեռնվածությամբ 2 կիսամյակ: Ես ասել եմ՝ հասկանում եմ, որ Մայր Աթոռը կարող է դա չընդունել, բայց, այնուամենայնիվ, մենք ընդառաջ քայլ ենք անում դեպի Մայր Աթոռ, առարկան մնում է, ժամաքանակը կրճատվում է, բայց այնպես է կրճատվում, որ ավագ դպրոցում մեկ տարի անցնում են կրկնակի ծանրաբեռնվածությամբ: Եվ կուզեի ընդառաջ քայլ լիներ նաեւ Մայր Աթոռի հանձնախմբի կողմից: Շատ եմ ափսոսում, բայց կարճ տեւեց մեր քննարկումը: Քննարկման ռեսուրս չկար այն պատճառով, որ Մայր Աթոռի հանձնախումբը ուղղակի հստակ ասաց՝ ոչ, ինչպես  կա, այդպես պետք է մնա առարկան, առանց չնչին փոփոխությունների: Նույնիսկ մեկ ժամ չպետք է կրճատվի: Որեւէ այլ առաջարկ չեղավ: Ասացին՝ այն, ինչ կա, ճիշտ նույն ձեւով պետք է մնա, ոչ աջ, ոչ ձախ»,-ասաց Վահրամ Դումանյանը;

«Ես հարցը քննարկել եմ նաեւ Վեհափառի հետ; Ասել եմ՝ Վեհափառ տեր, հասկանում եմ ձեր ընդունած որոշումը, բայց, այնուամենայնիվ, ես կակնկալեի որոշակի առաջարկ ձեր կողմից՝ մի քիչ ընդառաջ այս մոտեցումներին: Վեհափառն ասաց՝ մենք էլ ձեզ ենք հասկանում, դուք Կառավարություն եք, դուք կրում եք պատասխանատվություն, ուստի դուք կարող եք ընդունել ձեր որոշումը, մենք էլ կմնանք մեր որոշմանը: Շատ հարգալից մենք ընդունեցինք միմյանց դիրքորոշումը եւ շարժվեցինք առաջ: Հիմա Միքայել սրբազանն ասում է՝ Դումանյանը վերջնագրային ձեւով ասաց՝ կամ մեկ տարի, կամ ոչ մի բան: Կներեք, նման բան Դումանյանը չի ասել, Դումանյանն ասել է՝ առաջարկում եմ մեկ տարի կրկնակի ծանրաբեռնվածությամբ անցնել, ակնկալում եմ, որ մի բան էլ դուք առաջարկեք, բայց չի եղել ոչ մի առաջարկ եկեղեցու կողմից: Երկրորդ կետը, որ ասում է Միքայել սրբազանը, այն է, որ այլեւս հանդիպում չի եղել: Մինչդեռ ես շատ լավ հիշում եմ, որ դրանից հետո մի քանի գրություն ենք ուղարկել Մայր Աթոռ, որովհետեւ ունենք օրենք՝ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին ՀՀ օրենք, ըստ որի, եկեղեցին իրավունք ունի մասնակցելու կրթական բովանդակությանը ձեւավորմանը: Մենք առնվազն 2 գրությամբ դիմել ենք Մայր Աթոռին, որ խնդրում ենք մասնակցել  ԿԳՄՍ նախարարության առաջարկած ձեւաչափով առարկայի ծրագրի մշակմանը, բայց ոչ մի արձագանք չենք ստացել, ինչի համար շատ եմ ափսոսում»:

ԿԳՄՍ նախկին նախարարն ընդգծում է. «Բացարձակ քննարկում տեղի չունեցով, որովհետեւ Մայր Աթոռի հանձնախումբը շատ հստակ ասաց՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031