Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբծննդյան տոնավաճառ Գյումրիում՝ արցախյան, լիբանանյան խոհանոցով, ճապոնական քաղցրավենիքով ու հայկական գորգերով (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 26,2023 17:50

«Իմփաքթ հաբի» Գյումրու գրասենյակում կազմակեպվել էր Սուրբ ծննդյան տոնավաճառ՝ կենդանի երաժշտությամբ,  արհեստի ու արվեստի գործերի՝ զարդագործության, գորգագործության, ասեղնագործության, ինչպես նաեւ՝  արցախյան, լիբանանյան խոհանոցի ցուցադրմամբ։

«Իմփաքթ հաբի» Գյումրու գրասենյակի պատասխանատու Գայանե Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  մի հարկի տակ հավաքել են 30-ից ավելի արտադրողների, որոնք հիմնականում Շիրակի մարզից են, բայց կան նաև Երևանից, Ռուասաստանի Դաշնությունից։

«Իմփաքթ Հաբը» սեպտեմբերի կեսերին է բացվել Գյումրիում, 3 ամիս է՝ ինչ գործում է,  մեզ համար շատ կարևոր է, որ Գյումրիում տրամադրություն փոխենք, նոր ոճ բերենք, նոր մոտեցում։ Արտադրողները տարբեր ոլորտներից են՝ պատրաստում են շատ տարբեր բաներ՝ սկսած լիբանանյան ուտելիքներից, ճապոնական քաղցրավենիքներից, վերջացրած հայկական ավանդական գաթայով և արցախյան ժենգյալով հացով։ Կան արցախցի արտադրողներ, որոնք եկել են, միացել են մեզ և նրանց մասնակցությունը «Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն է ապահովել»,-ասաց Գայանե Ավետիսյանը։

«Իմփաքթ հաբի» գործառնական աշխատանքների տնօրեն Տաթև Մանտոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս ամենը սկսել են դեռ 2020 թվականին՝ «Իմփաքթ հաբ Երևանում», երբ պատերազմից հետո անհրաժեշտ էր փոքր ու միջին բիզնեսի համար հարթակ ստեղծել, որպեսզի գործարարները կարողանային իրացնել իրենց արտադրանքը։

«Իմփաքթ հաբի» երկրորդ մասնաճյուղը բացվել է Սյունիքում, որտեղ և կազմակերպել են երկրորդ Սուրբծննդյան տոնավաճառը, երրորդը՝ Գյումրին է։

«Ինչո՞վ է մեզ համար կարևորում ամանորյա տոնավաճառը, ոչ միայն փոքր ու միջին բիզնեսին ենք օժանդակում, այլ մենք միշտ կանգնում ենք սոցիալական ձեռնարկատերերի կողքին և միշտ ստեղծում ենք այն հարթակը իրենց համար, որը իրենք կկարողանա զարգացնել իրենց արտադրանքը, որովհետև դա տնտեսության բավականին մեծ ճյուղ է կազմում»,– ասաց Տաթև Մանտոյանը։

Նա նշեց, որ Գյումրիում բավական մեծ աշխատանքներ են տարել, որ գործարարներին ծանոթացնեն իրենց կառույցի հնարավորությունների հետ, միգուցե առևտուր քիչ լինի, բայց տեսանելիության բարձրացում և ճանաչում կլինի։

Արցախի զորամասերից մեկում որպես խոհարար աշխատած Ալինա Գեվորգյանը, որը մասնակցում էր տոնավաճառին, որոշել է իր գործունեությունը շարունակել Գյումրիում։ Նա տոնավաճառի ընթացքում ժենգյալով հաց էր պատրաստում, իր հետ բերել էր արցախյան գաթա, թթի օղի։

«Մենք Քարին Տակ գյուղից ենք: Մինչ Շուշին վերցնելը, զորամասում էի աշխատում՝ որպես խոհարար, Շուշին վերցրեցին, եկանք Ստեփանակերտ, այնտեղ էլ զորամասում մտա, աշխատեցի, հետո կամավոր ընկերությունում աշխատեցի։ Բլոկադայից հետո աշխատատեղերը փակվեցին, հենց եկանք Հայաստան, որոշեցի թխել, թխեցի, աշխատանք չկա, այսպես գոնե օնլայն վաճառում եմ։ Իմ ուզած գործը չկա, գուցե կա, չեմ գտնում։ Համակերպվել եմ Գյումրիում ապրելու հետ, ճիշտ է ՝ տնից լավ տեղ չկա, բայց ինչ կարող եմ անել, պետք է դիմանալ», -ասաց Ալինա Գևորգյանը։

Մեր զրուցակիցը  մտախոհ  նշում է, որ Արցախից  ոչ մի բան չի կարողացել իր հետ բերել Հայաստան, չի հասցրել  բերել։ «Թուրքի կազմի մեջ անհնար է ապրելը, այլապես կտեղափոխվենք Արցախ։ Բլոկադայի ժամանակ էլ ահավոր էր՝ լույս չկար, գազ չկար, հերթ էինք կանգնում․ մեկին հասնում էր, մյուսին չէր հասնում»,- ասաց մեր զրուցակիցը։

Տոնավաճառին վաճառքի էին հանվել նաև հայկական զարդանախշերով գորգեր։

Անահիտ Սարգսյանը՝ «Ժպիտ քեզ» հասարակական կազմակերպության հիմադիր նախագահը, ներկայացրեց, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի գորգագործությունը չդառնա մեռնող արհեստ։

Ունեն գորգագործության անվճար խմբակ․  Շիրակի մարզի պատանիներին, կանանց սովորեցնում են գորգագործություն՝  թե՛ տեսական գիտելիք են փոխանցում՝ մանրամասնելով  հայկական զարդանախշերի իմաստաբանությունը և թե՛ պրակտիկ։ Գորգեր գործելու համար թելեր ձեռք են բերում Ամասիայի բրդի գործարանից։

Մեր զրուցակիցը նշում է, որ տարածում են այս արհեստը, ապահովում սերնդափոխությունը։ «Գորգագործությունը սկսել է հետաքրքություն առաջացնել  երիտասարդների շրջանում։ Զբաղվելով գորգագործությամբ՝ վեր ենք հանում մեր հայկականությունը, նպաստում ենք հայապահապանությանը և ամենակարևորը՝ թերապիա է, մարդը իր նյարդային համակարգը հանգստացնում է, բացում մտահորիզոնը։ Հուսով եմ՝ որոշ  ժամանակ հետո գորգագործությունը մեծ զարթոնք կապրի,  ալևս չենք ունենա այն մտահոգությունը, թե գորգագործությունը մեռնող արհեստ է,  այսպես մտածելու առիթ տալիս է նաև մեր խմբակ հաճախող պատանիների, կանանց թվի ավելացումը», -ասաց Անահիտ Սարգսյանը։

«Յուրմարի» բրենդի հիմնադիր Մարի  Մկրտչյանն էլ տոնավաճառին ներկայացել էր իր ձեռքի աշխատանքերով, նա նշում է՝ իր վրձինը իր ասեղն է։ «Ինձ ասում են ասեղնանկարչուհի ՅուրՄարին։ Ես նկարում եմ թելերով, իմ վրձինը իմ ասեղն է», -ասում  մեր զրուցակիցը։

 

Նա հպարտանում է, որ Գյումրին ներկայացնում է տարբեր ցուցահանդեսներում, այդ թվում Հայաստանից դուրս, մեծ պահանջարկ ունեն թելերով ստեղծված հայ մեծանուն գործիչների դիմանկարները։  նա նշում է, որ 2016 թվականի «Դիլիջան էքսպոյում» Մհեր Մկրտչյանի դիմանակարը գնել են՝ նվիրելով Վախթանգ Կիկաբիձեին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031