«Ինձ համար անընկալելի է այն ընդդիմադիր գործիչը, որը հիմա խոսում է արտահերթ ընտրություններից»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Ես հույս ունեի, որ 2021 թվականը դաս կլինի մեր շատ սիրելի գործընկերների համար եւ կգիտակցեն, որ Փաշինյանի կազմակերպած ընտրությունները խախտումներով, վարչական ռեսուրսի չարաշահմամբ են ընթանում։ Կամ ՏԻՄ-երի պարագայում, երբ մարդն ընտրվում է, եւ իրեն բանտ են նետում, օրինակ, Մամիկոն Ասլանյանը։ Մենք ունենք Երեւանի քաղաքապետ, որին ընտրել է Երեւանի 9 տոկոսը։ Դե թող 9 տոկոսին էլ կառավարի։ Այնպես որ՝ ընտրական մեխանիզմի կիրառումը օր օրի դիկտատոր դարձող Փաշինյանի պարագայում, ինձ համար անընկալելի է»,- ասաց նա։
Մամիջանյանը նշեց, որ արտահերթ ընտրությունների հավանականությունը պայմանավորված է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ իր՝ այս կամ այն տերերի ցանկությամբ։ «Երբ ինքը հիասթափեցնի այս կամ այն մարզչին, իրեն կպարտադրվեն արտահերթ ընտրություններ։ Այնուամենայնիվ, Հանրապետականը խիստ դեմ է արտահայտվում արտահերթ ընտրություններին ինչպես 2021 թվականին, այնպես էլ հիմա։ Եվ վերահաստատեմ՝ իշխանափոխության հավանականությունը տեսնում ենք բացառապես համաժողովրդական կոնսոլիդացիայի արդյունքում։ Դրա մեխանիզմը պատկերացնում ենք վարչապետին անվստահություն հայտնելու տրամաբանությամբ եւ ֆրակցիայի նկատմամբ ժողովրդի ուղղակի ճնշման միջոցով»,- ասաց նա։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործիքը հաջորդ տարի կիրառելո՞ւ են, Հայկ Մամիջանյանը պատասխանեց, որ խորհրդարանական անվստահություն հայտնելու գործիքը հնարավոր է կյանքի կոչել բացառապես փողոցային ճնշման միջոցով։ «Բոլոր այն մարդկանց, որոնք հարցնում են՝ իսկ ինչո՞ւ հիմա մուտք չեք անում անվստահության փաստաթուղթը, շատ պարզ պատասխան կա՝ մեր օրենքն այնպես է ձեւակերպված, որ անվստահության փաստաթղթի մուտք անելուց հետո ԱԺ, մենք ունենք 72 ժամ։ 72 ժամում տապալվելու պարագայում վեց ամիս շարունակ այդ գործընթացն անել չի կարելի։ Հետեւաբար, մենք դա կանենք այն ժամանակ, երբ վստահ լինենք հաջողության հարցում»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ