Aravot.am-ի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն վարչական տարածքում գտնվող «Բնակատեղի պետցուցիչ 2.47.3» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինարարական աշխատանքների՝ հողաքանդման ժամանակ ծանր տեխնիկաներով ավերվել է նշված բնակատեղիի կենտրոնական հատվածը:
Նշված տարածքը «Պատմամշակութային արգելոց-հուշարձան» է, հատուկ պահպանական գոտի, որն էլ առանց լիազոր մարմնի թույլտվության «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ ծանր տեխնիկաներով վնասվել է: Հիշեցնենք, որ տարիներ առաջ պեղումների արդյունքում Ներքին Սասնաշենում hայտնաբերվել էր նոր հնագիտական վայր եւ հենց այս վայրն է ավերվել:
Վարչական շրջանի ղեկավար Ալիշան Արեյանը Aravot.am-ին հայտնեց, որ խնդիրները վերացվում են. «Հողային աշխատանքների ժամանակ ավել գրունտ էին լցնում, հետո նախարարությունից եկան, տեսան եւ այդ տարածքում հիմա աշխատանքները դադարեցված են: Չեմ կարող կոնկրետ ասել՝ ինչն է վնասվել: Այդ տարածքում որեւէ երեւացող հուշարձան չկա, տարածքը միշտ եղել է անասնաճանապարհ, գյուղի անասուններն են եկել, գնացել, ուղղակի ավելի վաղ պեղումների ժամանակ են հայտնագործություն արել»:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, ըստ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի շրջանակներում հնագիտական հարցերով խորհրդատու Բորիս Գասպարյանի, ունի հնագիտական բաղադրիչ, և նախքան շինաշխատանքները սկսելը կառուցվելիք հատվածներում կատարվել են հնագիտական պեղումներ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ում հնագիտական պեղումներ իրականացվել են 11, իսկ Տրանշ-3-ում՝ 5 տեղամասերում: Ըստ Գասպարյանի՝ հյուսիս-հարավի կառուցման ընթացքում բացահայտվել են հուշարձաններ, որոնց մասին հնագետները գաղափար չունեին. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը հնագիտական բաղադրիչով Հայաստանի ամենաօրինակելի նախագիծն է։ Այստեղ բավականին լուրջ ուշադրություն է դարձվում պատմամշակութային արժեքներին և նրանց փրկությանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ