Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել «ադրբեջանցիների՝ պատմական հայրենիք վերադարձի մասին»

Դեկտեմբեր 26,2023 16:35

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը այսօր նիստ է արել ու հայտարարություն ընդունել «ադրբեջանցիների՝ պատմական հայրենիք վերադարձի մասին»։ Խոսքը գնում է իմ և քո պետության՝ Հայաստանի Հանրապետության մասին, այն պետության, որի վարչապետ իրեն հռչակել է Նիկոլ Փաշինյանը։

Հայտարարության մեջ հայերին մեղադրում են ադրբեջանցիներին քշելու, տանջելու, էթնիկ զտման ենթարկելու և այլ հորինովի մեղքերի մեջ։ Ամփոփման մեջ նշված է․ «Միլլի Մեջլիսում ներկայացված Արևմտյան Ադրբեջան համայնքի ներկայացուցիչները վճռականորեն աջակցում են Ադրբեջանի նախագահի նախաձեռնություններին և ջանքերին՝ տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության հաստատման և համագործակցային հարաբերությունների հաստատման ուղղությամբ։ Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ արևմտյան ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածքում իրենց պապենական տները վերադառնալու իրավունքի ճանաչումը Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման կարևոր միջոցներից է։ Սա կարևոր քայլ կլինի երկու պետությունների միջև իրական հաշտեցման հասնելու և տարածաշրջանում համակեցության միջավայր ստեղծելու ուղղությամբ»։

Ես զուտ հիշեցնեմ, որ առաջին անգամ սրա մասին Իլհամ Ալիևը խոսել է 2022 թվականի դեկտեմբերի 24-ին՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Մեկ տարվա մեջ Ադրբեջանը այդ հարցը մտցրել է օրակարգ, ու դա արել բացառապես Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Մինչ Հայաստանը ամեն օր ու ամեն ժամ հրաժարվում է մեր ժողովրդի ու պետության շահերի սպասարկումից, Ադրբեջանը կառուցում ու առաջ է մղում նոր օրակարգեր։ Գիտե՞ք ինչու որևէ թուղթ չի ստորագրվում անգամ Արցախի հայերի բռնի տեղահանումից հետո, որովհետև Ադրբեջանին երբեք էլ միայն Արցախը պետք չի եղել, Ադրբեջանը դա երբեք էլ չի թաքցրել։ Մեր կռիվը Արցախում մղելու ու դրանով Հայաստանը պաշտպանելու փոխարեն, կռիվն ուրացանք, թույլ տվեցինք մեզ դարձնել անկամ ու բարոյազուրկ, նայել սեփական հայրենակիցներին գաղթին, իսկ հետո հերթը կհասնի մեզ։

Ալիևը մի քիչ էլ «Խաղաղության պայմանագրով» պինգ-պոնգ կխաղա Փաշինյանի հետ ու հետո հարձակման կանցնի։

Ադրբեջանը հասավ նրան, որ իր պահանջների և՛ կատարումը, և՛ չկատարումը կործանարար լինի Հայաստանի համար։ Դա արեց գերազանցապես Փաշինյանի միջոցով։ Հիմա որոշելիքը մերն է, կամ մենք այս իշխանությանը հեռացնում ենք ու աղետը կանխում, կամ էլ կարող ենք լավագույն դեպքում մի երկու ամիս էլ ջայլամի պես գլուխներս հողի տակ պահել, հետո բախվել ծանր ու անդառնալի իրողությունների հետ։ Ամեն դեպքում՝ Ադրբեջանը շատ պարզ ասում է իր նպատակների մասին, գնդակը մեր դաշտում է հասկանալ ու կանխել, թե շարունակել չտեսնելու տալ․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031