Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի պետականության եւ Արցախի հետագա գոյության համար ռումբ են Փաշինյանն ու այդ երեսփոխանները»․ Մամիջանյան

Դեկտեմբեր 26,2023 16:31

Այսօր հրավիրած ասուլիսում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրին։

«Հանրապետականի դիրքորոշումը՝ կապված այդ հրամանագրի հետ, շատ պարզ է եւ հնչեցվել է նախագահ Սարգսյանի կողմից մոտ մեկ շաբաթ առաջ։ Որեւէ հրամանագիր չի կարող լուծարել Արցախը։ Արցախը թղթով չի ստեղծվել, արյամբ է ստեղծվել եւ որեւէ թուղթ այն լուծարել չի կարող։ Ես կխուսափեմ խորհուրդներ տալ նախագահ Շահրամանյանին, մանավանդ, որ իր ու մեր արցախցի մի շարք գործընկերների հանրային խոսույթում արդեն իսկ տեսանելի է իրենց մոտեցումն այդ փաստաթղթին։ Այդ փաստաթղթին իմ անձնական ու կուսակցության մոտեցումը բազմիցս ենք հնչեցրել, այն չի կարող ունենալ որեւէ իրավական հիմք՝ մի շարք պատճառներով»,- ասաց նա։

Ըստ Մամիջանյանի՝ թե ինչ կանեն Արցախի իշխանությունները, դեռ կտեսնենք, բայց Հանրապետականի մոտեցումն այն է, որ այդ փաստաթուղթը որեւէ իրավական ուժ չունի, եւ դրանով Արցախը լուծարվել չի կարող։

«Ապագայի հետ կապված՝ քանի դեռ Արցախը յուրաքանչյուր հայի սրտում է, քանի դեռ դա մեզանից յուրաքանչյուրի պայքարի մոտիվացիան է, Արցախի էջը փակված համարել հնարավոր չէ։ Ես կարող եմ տասից ավելի տարբերակ թվարկել, թե ինչ կարող է տեղի ունենալ հետագայում՝ կապված Արցախի ինքնորոշման հետ, եւ դրանցից ոչ մեկում այդ հրամանագիրը որեւէ դերակատարում չունի», – հավելեց նա։

Հարցին, թե իր կարծիքով՝ Արցախի պետական ինստիտուտները պետք է շարունակեն գործե՞լ Հայաստանում, Մամիջանյանը պատասխանեց․ «Հայաստանի պետականության եւ Արցախի հետագա գոյության համար ռումբ են Փաշինյանն ու այդ երեսփոխանները։ Դրանից մեծ ռումբ պատկերացնել հնարավոր չէ։ Այո, ես համարում եմ, որ Արցախի պետական ինստիտուտները պետք է շարունակեն գործել, իրենք ունեն ահռելի աշխատանք՝ թե սոցիալական, հումանիտար խնդիրների հաղթահարման ու լուծման համար, թե հայկական մշակութային ժառանգության՝ այս պահին գոնե պահպանման ուղղությամբ, թե առհասարակ Արցախի մշակույթի պահպանման ուղղությամբ։ Եվ, իհարկե, ամենակարեւորը՝ միջազգային հարթակներում Արցախի հարցը բաց ու օրակարգային պահելու համար, որովհետեւ Հայաստանի այս պահի իշխանություններից, մեղմ ասած, հույս չկա»։

Ըստ Մամիջանյանի՝ Փաշինյանը հլու-հնազանդ կատարում է այն ամենը, ինչ ասում են՝ Ադրբեջանից։ Դրանով կորուստները, Հայաստանի ու Արցախի զոհերի թիվը չեն նվազել։ «Ուստի, այն տրամաբանությունը, որ՝ այսինչ բանը չանենք, որպեսզի չլինեն ագրեսիաներ, պատերազմական գործողություններ, բոլոր ցայսօր տեղի ունեցած ագրեսիաների հեղինակը, հարձակվողը, իհարկե, Ադրբեջանն է, բայց շատ ու շատ առումներով դրա հնարավորությունը ստեղծել է Հայաստանի՝ այս պահի դավաճան ու կապիտուլյանտ ռեժիմը։ Միջազգային իրավունքն ու օրենքները խախտողը միանշանակ Ադրբեջանն է, բայց հաճախ դրա համար նպաստավոր հող, նպաստավոր մթնոլորտ է ստեղծել Փաշինյանն ու իր խմբակը», – հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031