Լրահոս
Օրվա լրահոսը

«Չափդ ճանաչիր, խմել նո՞ր ես եկել։ Խմելը քո պրոֆեսիան է»․Երեւանի ավագանու նիստում իրավիճակը լարվեց

Դեկտեմբեր 26,2023 16:16

«Այսօր «Հանրային ձայնը» երկրորդ անգամ է քեզ դավաճանում, երեւանցի: Նոր տարվան նվեր անելով եկավ ու քվորում ապահովեց թանկացումների մասին նիստում: Երեւի ասելով՝ ամեն ինչ իր գինն ունի, բոլորիս հայտնի «Դոգը» իրենց նկատի ուներ», – այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը։ Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» «Հանրային ձայնին» կոչ էր արել բոյկոտել այսօրվա նիստը, որպեսզի տեղական տուրքերի եւ վճարների բարձրացման մասին հարցի քննարկումն ու առհասարակ նիստը տապալվի, սակայն «Հանրային ձայնը» չմիացավ բոյկոտին։


Նարինե Հայրապետյանն իր ելույթում ասաց՝ այսօր վերջապես ընկավ բոլորի դիմակը եւ պարզ ընդգծվեց՝ ովքեր են իսկական ընդդիմադիրները, ով ում հետ է կոալիցիա, ով ում համար է գրպանի ընդդիմադիր աշխատում․ «Ես, որպես ընդդիմադիր, կանդրադառնամ միայն թուրքերի հետ եղբայրություն անող իշխանազավթներին, քանի որ ոչ մի ինքնասիրություն ունեցող հայ չի կարող նրանց համախոհ լինել, առավել եւս ծառայել նրանց։ Սովոր եմ բուն չարիքի հետ կռվելուն․․․»։

«Չափերդ ճանաչիր, խմել նո՞ր ես եկել», – արձագանքեց «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը։

«Խմելը քո պրոֆեսիան է», – պատասխանեց Հայրապետյանը։

«Էդ անդաստիարակի ձենը կտրեք», – ասաց Անի Խաչատրյանը։

Նիստում աղմուկ սկսվեց, ավագանու անդամները բղավում էին։

Միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանն, ասելով, որ ելույթի ժամանակ պետք է խոսել միայն տվյալ հարցի վերաբերյալ՝ ըստ կանոնակարգի, եւ պետք է խոսել կոռեկտության սահմաններում:

Ավինյանի խոսելու ժամանակ Անի Խաչատրյանը շարունակում էր տեղից ինչ-որ բաներ ասել։ Ավինյանը զայրացավ Խաչատրյանի վրա․ «Տիկին Խաչատրյան, յաաա, խոսում եմ»։

Նարինե Հայրապետյանը շարունակեց. «2018 թվականից կարմիր գծեր քաշելով ժողովրդի եւ իրենց միջեւ, իրենց բազազարտեմների դերում տեղավորած գիքորները, որոնք ինչքան էլ հարստացան, այդպես էլ արիստոկրատ չդարձան, վերջին ջեբկիրների, գրպանագողերի նման մտել են Հայաստանի քաղաքացու գրպանը, ու իրենց ագահությունը ոչ կերպ սանձել չեն կարողանում՝ բառացի թքած ունենալով երեւանցու կարծիքի ու ապրելակերպի վրա: Ամեն ինչի դիմում են, ընդհուպ մինչեւ դավաճանության, միայն թե չկորցնեն իրենց կերակրատաշտը»:

Հայրապետյանն ասաց, որ կայանատեղիների վճարը բարձրացնելով իշխանությունը փորձում է շեղել բնակչության ուշադրությունը կուլիսային խաղերից թուրքերի եւ Արեւմուտքի հետ՝ նախ իրենց սրտի օլիգարխիային ծառայություն մատուցելով ու կենտրոնը դարձնելով օլիգարխիկ հաճույքների վայր, ուր շարքային երեւանցին անելիք չի ունենա, քանի որ նրա գրպանի պարունակությունը չի համապատասխանի ՔՊ-ի ախորժակին․ «Ինչ վերաբերում է Տիգրան Ավինյանի ասածին, թե բյուջեն սահմանափակ է, հիշեցնեմ, որ ձեր պարագլուխ, գերագույն գլխավոր ազգադավը բազմիցս ասել է, որ դուք փողի խնդիր չունեք»:

Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը միջամտեց, Հայրապետյանին կոչ արեց կոռեկտություն պահել։ Հայրապետյանը շարունակում էր իր ելույթը, նորից դահլիճում իրավիճակը լարվեց՝ չնայած, որ տեղից ավագանու որոշ անդամներ միջամտում էին, բղավում էին։

«Ժողովուրդ, ամեն դեպքում, ով ինչ խոսում է, դրանով ինքն իր մտածելակերպը, աշխարհայացքն ու վարվելակերպն է ի ցույց դնում, հետեւապես` թողեք խոսի», – ասաց Ավինյանը։

«Հանրային ձայնից» արձագանքեցին՝ մենք այդքան ժամանակ չունենք լսելու անհեթեթ մտքեր, խնդրում եմ՝ ընդհատեք ելույթը։

«Տիկին Հայրապետյան, դուք զրկվում եք խոսքի իրավունքից մինչեւ նիստի ավարտը»,-հայտարարեց Ավինյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031