Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն դեռ իր նախաձեռնած պայքարի փուլը չի ունեցել, որպես այս կապիտուլյանտների հեռացման գործիք՝ դիտարկում ենք փողոցային պայքարը»

Դեկտեմբեր 26,2023 15:44

«Իհարկե, նախորդ տարիների շարժումներն իրենց հիմնական նպատակին չեն ծառայել, որովհետեւ դեկտեմբերի 31-ին, ժամը 12-ից 5 պակաս բոլորս զզվանքով անջատելու ենք հեռուստացույցը եւ 12-ին նորից միացնելու ենք, որովհետեւ Փաշինյանն է իր ուղերձը կարդում։ Որոշ արդյունքներ դրանք գրանցել են, բայց դրանք ունեին բազմաթիվ սխալներ»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նա նշեց, որ վերջին հնգամյակի ընթացքում 2018 թվականին ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն էր, որը պայքարում էր Փաշինյանի դեմ։ «Հետագայում մեզ միացան նաեւ մի շարք գործընկերներ։ Այս տարիների ընթացքում չի եղել գոնե մեկ շոշափելի ընդդիմադիր պայքար, գործողություն, ակցիա, որին ՀՀԿ-ն առնվազն չի աջակցել։ Բայց ֆիքսենք, որ ՀՀԿ-ն դեռեւս իր հեղինակած, իր նախաձեռնած պայքարի փուլը չի ունեցել այս տարիների ընթացքում։ Մենք միշտ եղել ենք աջակից։ Հերթը կարծես թե մերն է։ Ինչ վերաբերում է հարմարվելուն, ես երկար կարող եմ ձեզ ասել, թե ինչու Հանրապետականը չի կարող հարմարվել այս իշխանություններին եւ դառնալ սովորական ընդդիմություն, բայց երեւի ամենահեշտը հետեւյալն է՝ ՀՀԿ-ն չի կարող հարմարվել դավաճաններին ու կապիտուլյանտներին մի պարզ պատճառով. մենք չենք կարող նայել մեր պայքարի այն ընկերների, հարազատների աչքերին, որոնք այս պահին այդ պայքարի արդյունքում անազատության մեջ են։ Աշոտյան Արմենի որդիների, Մալյանի երեխաների աչքերին, մեր մյուս քաղբանտարկյալ ընկերներին, որոնք մեզ հետ կողք-կողքի պայքարելու ու իրենց հայրենասիրության արդյունքում հայտնվել են անազատության մեջ։ Ո՞նց կարող ենք հարմարվել ու հանդուրժել այդ իրավիճակը։ Կամ ո՞նց կարող ենք հարմարվել, եթե ամեն օր տեսնում ենք այն ողբերգությունը, որն ապրել են 100 հազարից ավելի մեր հայրենակիցները։ Սա է ամենակարեւոր երաշխիքը, որ Հանրապետականն այս ամենին չի հարմարվի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետագա ծրագրերին, նա ասաց․ «Թույլ տվեք այս պահին չմանրամասնել, որովհետեւ դրանց՝ այս պահին մանրամասնումը էականորեն կնվազեցնի դրանց արդյունավետությունը։ Որպես այս կապիտուլյանտների հեռացման առաջնային գործիք՝ ՀՀԿ-ն դիտարկում է փողոցային պայքարը։ Հանրապետականի հանրային խոսքին հետեւողները գիտեն, որ այդ ծրագիրը կա, այդ ծրագրի իրագործման պլանները կային, որոնք խախտվեցին ու խաթարվեցին բոլորիս հայտնի իրադրություններով։ Այդ ծրագիրը շարունակում է գոյություն ունենալ, նախապատրաստական աշխատանքները դրա համար տարվում են։ Եվ մեզ համար, բացի փողոցային պայքարից, այլ գործիք անընկալելի է թվում, մեկ պարզ պատճառով՝ ՀՀ քաղաքացիները, հայ ժողովուրդը, հայրենասերները Փաշինյանից պատասխան ունեն ստանալու եւ իրենք այդ պատասխանը ստանալու են»։

Մամիջանյանը նշեց՝ շատ ուրախ կլինեն, որ մյուս քաղաքական ուժերն այս հարցում իրենց աջակցեն այնպես, ինչպես ժամանակին ՀՀԿ-ն էր նրանց աջակցում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031