Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչի հետեւում երեւում են իրենց պատվիրատուների ականջները». Միքայել Սրբազանը՝ հեղափոխական իշխանության եւ պատմության դասագրքի մասին

Դեկտեմբեր 26,2023 14:57

«Տիկին նախարարի հայտարարությունը բնորոշում է այսօրվա կառավարության եւ իշխանության ընդհանուր մտածելակերպն ու վարվելակերպը, որոնք հիացած են իրենցով եւ առաջնորդվում են միապետական լյուդովիկյան սկզբունքով, կարծում են՝ պետությունն իրենք են: Չգիտեն, որ իրենք չեն պետությունը, այլ ընդամենը ժամանակավոր մի փուլ են այս պետության մեջ, բայց նույնացնում են իրենց պետության հետ: Այդ ամբարտավանությունը, որ իրենց բնորոշ է, բոլոր հեղափոխականներին է բնորոշ… Այդ մոտեցումն է, որ մեզ համար անընդունելի է:

Եվ չգործակցել հայ իրականության մեջ գոյություն ունեցող հարատեւ ու մնայուն կառույցի հետ, որ եկեղեցին է, խոսում է ամբարտավանության հիվանդագին եւ ծայրահեղ դրսեւորման մասին, որը չունեցան նույնիսկ բոլշեւիկները 1920-30-ական թվականների խանդավառությունից հետո: Անգամ նրանք սկսեցին գործակցել եկեղեցու հետ՝ հասկանալով եկեղեցու դերն ու նշանակությունը ոչ միայն այստեղ, այլեւ Սփյուռքում», – պատասխանելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ պատմության դասագրքի վերաբերյալ ԱԺ-ում արած հայտարարության մասին հարցին՝ ասաց Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Սրբազանի ձեւակերպմամբ. «ԿԳՄՍ նախարարի հայտարարությունը բացահայտում է իրենց կեցվածքն ու քաղաքականությունը, որը ինքնասիրահարվածություն է, հեղափոխականություն է, բայց այդ ամեն ինչի հետեւում երեւում են իրենց պատվիրատուների ականջները, որոնք ընդհանուր ոչինչ չունեն հայության, հայ ազգային պետության ու պետականության հետ: Իրենց պատվիրատուները դրսից են, որոնք տարիներ շարունակ համոզում էին մեր իշխանություններին, որ պետք է «ռեվիզիայի»՝ վերատեսության ենթարկել ողջ պատմագիտությունը եւ պատմագրությունը, ազատվել պատմությունից կառչածությունից, թոթափել բարդույթները, որոնցից մեկը ցեղասպանության հետ կապվածությունն է եւ դառնալ համաշխարհային հանրության անդեմ ու անդիմագիծ անդամներից մեկը:

Այդ նպատակին լծված՝ այժմ գնում են առաջ եւ գուցե դեռ պիտի շարունակեն, քանի դեռ այդ ընթացքը կասեցված չէ մեր հասարակության եւ ժողովրդի կողմից, քանի դեռ Մայր Աթոռի ձայնը լսված չէ մեր հանրության կողմից իբրեւ սթափության ձայն»:

Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի Հայոց պատմության՝ աղմուկ հանած դասագրքի մասին խոսելիս էլ ասաց, որ պատահաբար հանդիպել է դասագրքի հեղինակին. «Գյումրի էր եկել էր ինչ-որ սեմինարի: Ես իմացա, որ ինքն այդտեղ է, հրավիրեցի, 5 րոպեով եկավ: Ես իրեն առաջարկեցի ներկայացնել իր դասագրքի որեւէ հատված, որը համարում է ամենաանխոցելին, եւ ինքը չկարողացավ ներկայացնել նման հատված…

Ես համոզված ասում եմ եւ հիմա էլ կրկնում եմ՝ այդ դասագրքում չկա մի պարբերություն, որը լինի անթերի եւ անխոցելի: Ես ինքս, դասագրքին ծանոթացել եմ բավական զգալի մասով եւ բոլոր պարբերությունների նկատմամբ ունեմ դիտողություններ: Հեղինակն ինձ վրա ամբարտավան մարդու տպավորություն չթողեց, համեստ ներկայացավ, բայց ես հասկացա, որ իրենք առաջնորդվում են հետեւյալ սկզբունքով՝ ոչինչ չկա կատարյալ այս երկնքի տակ, մեր դասագիրքն էլ կատարյալ չէ, թեթեւ տարեք, կարեւոր չէ, որ սերունդը կփչանա, հետո, երբ անդառնալի կդառնա սերնդի փչացածությունը, կհարմարվեք:

Բայց մենք չենք հարմարվելու, ինչպես չհարմարվեցինք 70 տարի իշխող սովետական մտածելակերպին ու գաղափարախոսությանը: Եվ ի վերջո ո՞վ հաղթեց… Ի դեպ, իրենց երկրորդ կետն էլ այն էր, թե՝ նախկին դասագրքերն ավելի լա՞վն էին: Այսինքն, դարձյալ նախկինների հիշատակում: Սա է իրենց մտածելակերպը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031