Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի հեշտ կլինի երեւի Միլլի Մեջլիսում արցախանպաստ որեւէ բանաձեւ անցկացնել, քան ՔՊ-ի կողմից կառավարվող խորհրդարանում»․ Հայկ Մամիջանյան

Դեկտեմբեր 26,2023 14:38

«Ես ձեզ երաշխավարում եմ, որ Եվրոպական պառլամենտում հայանպաստ, արցախանպաստ բանաձեւ անցկացնելն անգամներով ավելի հեշտ է, քան այս երեսփոխանների հետ։ Եվ դա բազմիցս ապացուցվել է, Եվրոպական խորհրդարանը մի քանի բանաձեւ է ընդունել թե՛ անցած տարի, թե՛ դրա նախորդ տարիներին։ Ընդ որում, այդ ուղղությամբ աշխատել են ընդդիմադիր պատգամավորներ կամ ընդդիմադիր գործիչներ։ Այնպես որ, նույն հաջողությամբ, երևի թե, Միլլի Մեջլիսում կստացվի արցախանպաստ բան անցկացնել, քան ՔՊ-ի կողմից կառավարվող խորհրդարանում», – այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն ինչո՞ւ Արցախի սուբյեկտայնության հարցով նախաձեռնությամբ կամ նախագծով հանդես չեն գալիս ՀՀ խորհրդարանում։

Մամիջանյանը հիշեցրեց, որ այս խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների առաջին նախաձեռնությունն Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ստեղծումն էր։ «Հիշո՞ւմ եք՝ ինչ երգեր էին երգում՝ միջխորհրդարանական ձեւաչափ կա, եսիմ ինչ կա։ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը ձեւի համար մեկ նիստ անգամ չի արել։ Հետագայում բանաձեւի նախագիծ ենք ներկայացրել։ Սա նաեւ կարող եք համարել պառլամենտում իմ մնալու դրդապատճառներից մեկը, որովհետեւ երբ Հայաստանից պատվիրակություն է գնում որեւէ երկիր, ինձ համար անընդունելի է, որ գնա 3-4 երեսփոխան ու բոլորը միաբերան ասեն՝ վայ, ինչ լավ է, հիմա հանգիստ կապրենք։ Անհրաժեշտ է, որ ընդդիմությունը ներկայացված լինի այդ ձեւաչափերով եւ ներկայացնի ՀՀ բնակչության 80-90 տոկոսի կարծիքը, որ, այո, Արցախի էջը փակված չէ, աշխարհը պետք է տեր լինի Մինսկի խմբի համանախագահ երկրների 5 հայտարարություններին, բազմաթիվ բանաձեւերին, որոնք ընդունվել են ԵԱՀԿ-ի կողմից», – ասաց նա։ Ըստ Մամիջանյանի՝ այսինքն՝ մենք աշխարհից պահանջում ենք այն, ինչ իրենք ասել են։ «Միայն Փաշինյանն է հասկացել, որ իրենց ասածը չի նշանակում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում», – հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031