Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց եկեղեցին չկա, դասագիրքը լի է եկեղեցագիտական, պատմագիտական, մեթոդաբանական սխալներով». Հայր Զաքարիան` աղմուկ հանած դասագրքի մասին

Դեկտեմբեր 26,2023 14:09

«Իրականում նոր դասագրքերը հետեւանք են, իսկ պատճառը հանրակրթության նոր չափորոշիչն է: Երբ 2020թ այդ չափորոշչի նախագիծը շրջանառության մեջ դրվեց եւ սկսվեց քննարկվել, 2020թ հուլիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի կրթական հանձնախումբը հանդես եկավ պաշտոնական կարծիքով, ասելով, որ այն նախագիծը, որ դրված է սեղանին եւ քննարկման, պետք է վերատեսության ենթարկել, որովհետեւ այդ չափորոշչի հիման վրա ստեղծված դասագրքերը լինելու են ավելի վատը:

Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը կոչ էր անում հայրենի կառավարությանը՝ դադարեցել քննարկումները պետական չափորոշչի վերաբերյալ, քննարկումներում ներգրավել մասնագիտական կառույցներին՝ հաշվի առնելով նաեւ սփյուռքի պահանջները; Եվ պետք էր ձեւակերպել մեկ պահանջ՝ ինչպիսի՞ մարդ եւ քաղաքացի ենք ցանկանում կերտել, ինչ ազգային արժեքներով», – Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի աղմուկ հանած դասագրքի վերաբերյալ Մայր Աթոռում հրավիրված ասուլիսում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Հայր Սուրբի խոսքով. «Երկրորդ պարագան, որ Մայր Աթոռը բարձրաձայնեց, Հայոց եկեղեցու պատմություն առարկային էր վերաբերում, նույն հանձնախումբը նաեւ կարծիք հայտնեց, որ մեզ համար անընդունելի է այս առարկան դուրս հանել հանրակրթությունից եւ ինտեգրել մյուս առարկաների մեջ, քանի որ այդ ինտեգրման «շնորհիվ» տուժելու է ամբողջ առարկան: Եվ դժբախտաբար, երբ նոր դասագրքերը տպագրվեցին, մենք տեսանք, որ իսկապես այս դասագրքերում Հայոց եկեղեցին չկա, իսկ նոր դասագիրքը լի է եկեղեցագիտական, պատմագիտական,մեթոդաբանական սխալներով: Մենք այստեղ տեսնում ենք հստակորեն արժեքային համակարգի փոփոխություն»:

Հայր Զաքարիան ընդգծեց. «Բարձրացված, իսկապես արդարացի քննադատումների պատճառն այն է, որ սա պարզապես նախերգանքն է: Այս դասագրքին հաջորդելու են այլ դասագրքեր: Մայր Աթոռը ժամանակին՝ դեռեւս 3 տարի առաջ զգուշացնում էր, որ նման հանրակրթության պետական չափորոշչի հիման վրա չենք կարող ստեղծել դասագրքեր, որոնք իսկապես կդաստիարակեն ու կկրթեն մեր սերունդներին ազգային ոգով, Մայր Աթոռի ձայնը չլսվեց, եւ մենք տեսանք այն, ինչ հիմա տեղի ունեցավ:

Մի կարեւոր արձանագրում էլ պետք է կատարել, որ ծրագրով նախատեսված թեմաներն անգամ չկան այս դասագրքում, իսկ ծրագրով նախատեսված բազում եկեղեցական թեմաներ կան, որոնք ընդհանրապես չկան այս դասագրքում, իսկ եղածներն էլ կցկտուր են, հատվածական եւ չեն կարող աշակերտի մոտ ամբողջական պատկերացում կազմել տալ տվյալ նյութի մասին: Նաեւ սխալ են ձեւակերպված որոշակի եկեղեցագիտական եզրույթներ, ինչպես օրինակ ձեռնադրությունը, նվիրապետական կարգը: Իրենք պարզապես պետք է մեկ բան անեին՝ բացեին Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասագրքերը եւ գոնե աչքի անցկացնեին: Վստահ եմ, որ չէին սխալվի այս հարցում»:

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանն էլ հավելեց, որ դասագրքի հետ կապված բոլոր դիտարկումներն ու վերապահումները առանձին նամակով ուղարկել են ԿԳՄՍ նախարարին. «Մեկ ամիս լրացել է, եւ որեւէ արձագանք չկա, այդ ընթացքում իրենք քննարկումներ են կազմակերպել եւ այդ քննարկումներում եւս մենք ներգրավված չենք եղել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031