Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ներառված է Երեւան համայնքում տեղական տուրքերի 2024 թվականի դրույքաչափը սահմանելու մասին որոշման նախագիծը։
Ըստ այս նախագծի սահմանվում է հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան` Երեւանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների եւ ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքերի հետեւյալ դրույքաչափերը՝
- Հիմնական շենքերի եւ շինությունների համար` ա. մինչև 300 քմ ընդհանուր մակերեu ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների համար՝ 105 հազար դրամ մինչեւ 200 քմ մակերեu ունեցող հաuարակական եւ արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների համար` 105 հազար/ դրամ
- 200-ից 500 քմ ընդհանուր մակերեu ունեցող շենքերի եւ շինությունների համար` 210 հազար դրամ՝ գոտիականությանը համապատասխանող գործակցով, բ. 501-ից 1000 քմ մակերեu ունեցող շենքերի եւ շինությունների համար` 700 հազար դրամ, գ. 1001-ից 3000 քմ մակերեu ունեցող շենքերի եւ շինությունների համար` 1,4 միլիոն դրամ։
Դրույքաչափերի փոփոխությունների մանրամասները տե՛ս այստեղ:
«Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանը նախագծի վերաբերյալ ասաց․ «Այնպիսի տպավորություն է, որ դրույքաչափերը բարձրացնում ենք միայն խոշոր կառուցապատողների համար, սակայն նախագծից պարզվում է, որ մինչեւ 300 քմ նույնիսկ այգեգործական տների համար շինթույլտվությունների տուրքերն են բարձրանալու։ Սա փոքր բիզնեսն է կամ անհատական տները։ Հիմնավորման մեջ նշվում է, որ խոշոր կառուցապատողներին ուզում ենք բերել ավելի պատասխանատու դաշտ, որ կառուցապատումը ժամկետում ավարտեն, չդիմեն երկարացման համար։ Այսինքն, մենք փորձում ենք անհարմարությունները բարձր գներով զսպել։ Բայց ինչո՞ւ ենք թանկացնում այն սեփական տների համար, որոնք կառուցապատող չեն»։
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման գանձման վարչություն պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ջհանգիրյանն ի պատասխան Գրիգորյանի հարցի, ասաց՝ տուրքերի հետ կապված ունենք օրենքով սահմանված ուղղություն եւ դրույքաչափ, դրա շրջանակում ենք սահմանում դրույքաչափերը․ «Անհատական տների համար 105 հազար դրամը նպատակ չունի խոշոր կառուցապատողների համար լրացուցիչ բեռ ստեղծելու»։
Գրիգորյանն էլ արձագանքեց՝ մեր տիրույթում չէ՞ սահմանվել գործակից, մենք սահմանե՞լ ենք նվազագույն շեմ, թե՞ էլի գործակից ենք կիրառել, որովհետեւ բնակելի տունը խոշոր կառուցապատող չէ։
Ջհանգիրյանը պատասխանեց, որ նաեւ արտոնություն են սահմանելու որոշ դեպքերի համար, որոշակի կառուցապատողների վրայից բեռը թեթեւացնելու են․ «Օրինակ տուրքի արտոնություն ենք տալիս շինթույլտվության վճարը մինչեւ ամսի 31-ի վճարած կառուցապատողներին»։
«Ինչո՞ւ ենք բեռը դնում, հետո ուզում արտոնությամբ թեթեւացնել», – հարցրեց Գրիգորյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցի առնչությամբ ասաց՝ առհասարակ այդ այսպես ասած՝ փոքր-փոքր կառուցապատումը, որը տեւում է տասը տարի, ուզում ենք ձերբազատվել դրանցից․«Նույնիսկ փոքր կառուցապատումն իր տրամաբանական ժամկետը պիտի ունենա։ Եթե շինթույլտվությունը երեք տարով է, ուրեմն երեք տարում պիտի ավարտվի։ Բայց նույնիսկ այս փոքր կառուցապատման դեպքում այդ գաջն ու ավազը տասնամյակով հարեւանները չպետք է շնչեն։ Մենք բոլորս ուզում ենք ոլորտում կանոնակարգում լինի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ