Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գծի ուղիղ արձագանք, արտաքին պահանջով եւ ճաշակով Հայոց պատմության դասագիրք. Արշակ Սրբազանի արձանագրումները

Դեկտեմբեր 26,2023 13:25

«Դասագիրքը հեղեղված է բազմաթիվ սխալներով եւ բացթողումներով, բայց ես սկզբից եւեթ ուզում եմ կատարել մի հաստատում. երբեք զմայլված չեմ եղել նախընթաց տարիներին դասագրքի մեջ տեղ գտած գիտելիքներով, նախընթաց դասագրքերի մեջ էլ մեկնաբանություններ, դիրքորոշումներ կային, վիճելի ներկայացումներ կային՝ մասնավորաբար Պապ թագավորի հետ կապված, որին ոմանք (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) հաճախ հղում են անում եւ որպես առաջնորդող կերպար են ընդունում, բայց այն, ինչ այս դասագրքում է գրված, որեւէ ձեւով համադրելի չէ նախընթաց դասագրքերի հետ »,- Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած եւ նրա տիկնոջ խմբագրած Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Մայր Աթոռում հրավիրված ասուլիսի ժամանակ:

Արշակ Սրբազանի ձեւակերպմամբ, թեեւ կոմունիստական պատմագիտության մեջ որոշակի գաղափարախոսական շերտերը առավելություն էին ստանում, սակայն այդ դրանք էական ազդեցություն չէին թողնում պատմական կերպարների, իրադարձությունների նսեմացման առումով. «Որեւէ ձեւով կասկածի տակ չէր առնվում Վարդանանց սխրանքը, Վարդանի,  եկեղեցու առաքելությունը, այն դեպքում, երբ  կոմունիստական հասարակարգը աթեիստական բնույթ ուներ»: Վերադառնալով այս դասագրքին՝ Սրբազանը նշում է. «Եթե սրանից 10 տարի առաջ որեւէ մեկը փորձեր մեզ համոզել, որ հնարավոր է Հայաստանում լինի այդպիսի դասագիրք, հավանաբար նրան կմեղադրեինք դավադրապաշտության մեջ, բայց այս օրերին կատարվող բացահայտումների շրջանակում արձանագրում ենք, որ այն, ինչ այսօր տեղ է գտել այդ դասագրքում, նախապատրաստվել է տարիներ առաջ:

Երբ ես ծանոթացա  2018 թ․ դեկտեմբերին հրապարակված մի շարք կազմակերպությունների պատրաստած զեկույցին (այդ թվում՝ Բաց հասարակության հիմնադրամներ, Թրանսփերենսի ինթերնեշնլ եւ այլն), որտեղ ներկայացվում էր Հայաստանի զարգացման ծրագիրը, հեռանկարները, անդրադարձ էր կատարվում նաեւ կրթության ոլորտին, տեսա, որ  շեշտված կերպով այդ առաջադրանքների մեջ հետեւյալ միտքն էր արտահայտվում, որ պետք է ձերբազատվել կարծրատիպերից: Իսկ թե որոնք են  այդ կարծրատիպերը, կարծում եմ, որ մեր այսօրվա իշխանությունների բառապաշարում շատ հստակ է, թե դրանք ինչպես են մեկնաբանվում իրենց բառարանում:

Օրինակ, ըստ այդ տրամաբանության, ազգային ինքնությունը որոշակիորեն կարծրատիպի արժեք ունի, ցեղասպանության վերաբերմունքը կարծրատիպի արժեք ունի, մեր պահանջատիրությունը, հայ դատը կարծրատիպի արժեք ունի… Առաջադրանք հետեւյալն էր՝ բոլոր հնարավոր ճանապարհներով պետք է հրաժարվել այս կարծրատիպերից՝ Հայ դատից, հայկական ինքնությունից, ու հայկականության վերաբերյալ  անհասկանալի իրենց պատկերացումները պետք է զետեղվեին: Այս առումով որեւէ անակնկալ չէր  կարող լինել, որ դասագրքում պետք է ընդգրկված լինեին այս հայեցակարգային հիմնադրույթները:

Հանրային մեր գիտակցության մեջ Հայկ Նահապետը ընդունված է որպես հայ ժողովրդի նախահայր, մինչդեռ դասագրքում նրա վերաբերյալ ընդամենը մեկ հիշատակություն կա, այն էլ Պարույր Սկայորդու՝ որպես նախահայր ներկայացնելու կոնտեքստում… Արարատ լեռան սրբազան լինելու, Սուրբ Էջմիածնի մասին շատ կցկտուր մեկանգամյա հիշատակություն է: Իհարկե, Արարատ, Արագած սարի այս համադրության մեջ վերջին շրջանի հայտնի եւ Արարատ սարի հիշատակությունը պահանջատիրության հետ կապելը որոշակի մտավախություններ է առաջացնում որոշ մարդկանց մոտ: Եվ ես կասկած չունեմ, որ սա քաղաքական գծի ուղիղ արձագանքն է դասագրքերի մեջ: Հաջորդ հատվածը քրիստոնեության հետ է կապված. չգիտեմ ինչ տրամաբանությամբ եկեղեցու հիմնադիրը դարձել է Տրդատ թագավորը, իսկ մենք  էլ միամտորեն կարծում էինք, որ եկեղեցու հիմնադիրը Քրիստոսն է եւ առաքյալներն են քարոզել…Զավեշտական ձեւակերպումներ կան, կարող է դա բարեմտության, միամտության կամ անտեղյակության հետեւանք  է, ասում են՝ Թադեոս առաքյալը նահատակվեց Սանատրուկ արքայի արքունիքում: Ինչքան փորձում եմ իմ երեւակայությունն ուժեղացնել, չեմ պատկերացնում, թե ոնց պետք է Թադեոս առաքյալը արքունիքում նահատակված լիներ…

Դասագրքում մոտավորապես այսպիսի ձեւակերպում կա, որ պատմությունը պետք է վերատեսենք, միգուցե պատմության նկատմամբ մեր մոտեցումնե՞րը պետք է վերատեսենք, որովհետեւ պատմությունը հնարավոր չի վերատեսել… Առաջին հայացքից կարող է Հայաստանում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների համատեքստում փոքր-ինչ չափազանցված թվալ մեր արձագանքը Հայ ժողովրդի պատմության դասագրքի հետ կապված, բայց հավատացնում եմ, որ այս արձագանքը, եթե ոչ պակաս, ապա հաստատ ավել չէ: Մենք գործ ունենք սերունդների դաստիարակության հետ, սերունդների գիտակցության մեջ մխրճվում են կերպարներ, իրադարձություններ, դրանց վերաբերյալ յուրահատուկ մոտեցումներ, եւ ինչպես Միքայել սրբազանն արձանագրեց՝ հերոսները դառնում են հակահերոսներ, հակահերոսները ՝ հերոսներ…

Պատմությունը նրա համար է, որ ոգեշնչվենք դրանով, այն ապագային գնալու հույս, վստահություն եւ ներշնչում տա: Վստահ եմ, որ որեւէ մեկը իր կյանքի պատմությունը հիշելիս չի կենտրոնանում ողբերգությունների վրա, այլ կենտրոնանում է իր կենսագրության այն հատվածների վրա, որ իրեն ապրելու, առաջ ընթանալու կամք են ներշնչում: Մենք պատմության մեջ ունենք ոգեշնչող իրադարձություններ, բայց դասագրքերով, պատմության եղծմամբ, պատմության նկատմամբ նոր մոտեցումների դրսեւորմամբ փորձ է արվում այդ իրադարձությունները նսեմացնել, ջնջել կամ ոչնչացել:

Ըստ Մայր Աթոռի դիվանապետի. «Եթե ունենք Արարատ սրբազան լեռ, որը մեր հանրային գիտակցության մեջ ձեւավորված է որպես մարդկության երկրորդ ծննդավայր, եթե ունենք Սուրբ Էջմիածին, որը խորհրդանշում է Հայաստանում քրիստոնեության պետականորեն առաջին ընդունման կենտրոնը, եթե ունենք Հայկ Նահապետ, ինչու նսեմացնել, հեռացնել դա մեզանից: Տպավորություն է ստեղծվում, որ մեզ մոտ փորձ է արվում շարադրել պատմությունը՝ համաձայնեցնելով արտաքին պահանջներին ու ճաշակներին, ու ամբողջ վտանգն  այստեղ է…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031