Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ու տարածաշրջանային մշակութային շատ դրսևորումներ ներկայացվել են ադրբեջանականի ներքո․ հայ մշակույթի բռնյուրացման ձգտումները շարունակվում են

Դեկտեմբեր 26,2023 13:12

Monumentwatch.org – «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի շուրջ վերջերս շատ են ակտիվացել ադրբեջանական տարաբնույթ միջոցառումները և հանրային ու միջազգային ամենատարբեր հարթակներում հայ մշակույթի բռնյուրացման ձգտումները։

Այսպես, 2023 թվականի դեկտեմբերի 15-ից Ադրբեջանի «Արվեստի ազգային թանգարան»-ում բացվել է «Արևմտյան Ադրբեջանը մշակութային հիշողության մեջ» ցուցահանդեսը։

«Արևմտյան Ադրբեջան» հնարած եզրույթի տակ Ադրբեջանը փորձում է ներկայացնել Երևանի պատմությունը՝ դեկորատիվ արվեստի, լուսանկարների, պատմական փաստաթղթերի կեղծման և ադրբեջանական նորաստեղծ ինքնության ստեղծման լույսի ներքո։ Ցուցադրության հիմքում Երևանի պարսից խաների պալատի, Երևանի բերդից ծագող առարկաների և բազմաթիվ հուշարձանների լուսանկարներն են, որոնք ներկայացվում են որպես «Արևմտյան Ադրբեջան»-ի մշակույթ։

Այդպիսի միջոցառումներից մեկը 2023 թվականի նոյեմբերի 23-24-ը Նախիջևանում տեղի ունեցած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» փառատոնն էր, որին նախորդել էր «Ճանապարհ, որը տանում է դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաժողովը: Կազմակերպիչներն էին Նախիջևանում Բաքվի լիազոր ներկայացուցչությունը, Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և այլն։ Փառատոնի պաստառը կրկնում է Հայաստանի Հանրապետության քաղաքական քարտեզը, իսկ փառատոնի շրջանակներում ներկայացված տարբեր լուսանկարներով ու դեկորատիվ արվեստի առարկաներով կրկին փորձ է արվել ներկայացնել ՀՀ քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով։

Փառատոնի շրջանակներում հայկական ու տարածաշրջանային մշակութային շատ դրսևորումներ ներկայացվել են ադրբեջանականի ներքո, այդ թվում՝ բանահյուսության օրինակներ, գրքերի ցուցահանդես, խոհարարական և նյութական մշակույթի նմուշներով ստենդներ, համերգային ծրագիր, ֆիլմեր, գրականության նմուշներ, գիտական ​​հետազոտություններ, հոդվածների ժողովածու, նկարներ՝ նվիրված «Արևմտյան Ադրբեջան»-ին։ Փառատոնի շրջանակներում ներկայացվել է նաև խոհանոցային ամենատարբեր ուտեստներ՝ «իրևանյան խոհանոց» անվան տակ։

«Միջոցառման» քարոզչական ուղեկցության շրջանակներում Ադրբեջանի պետական քարոզչամեքենան խոսում է նույնիսկ Հայաստանի (իրենց «եզրաբանությամբ»՝ իբր «Արևմտյան Ադրբեջանի») արհեստածին «Ադրբեջանի գիրկ վերադարձնելու» և այլ նմանօրինակ եզրույթների մասին:

Մեր արձագանքը

Ադրբեջանի կողմից հայերի հայրենազրկման, իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ Սրանք անընդունելի գործողությունների ամբողջություն են, որոնց նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։ «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ եզրույթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռուբեն Գալիչյանի հետևյալ հոդվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031