Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում կոմպոզիտորի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը:
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Արամ Խաչատրյանը (1903-1978 թթ.):
Կարդացեք նաև
Նամականիշի վրա նաև պատկերված են կոմպոզիտորի ստորագրության անգլերեն տարբերակը, Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված լոգոտիպը, «Արամ Խաչատրյան» գրառումը՝ հայերեն և անգլերեն:
Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գանձարանի նմուշներից են: ՅՈՒՆԵՍԿՕ-ն Խաչատրյանին դասել է 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ