Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քաղաքապետի օգնականն ու խորհրդականը պատգամավորական աշխատավարձեր են ստանում․ Ի՞նչ են անում այս մարդիկ»․ Սամվել Հակոբյան

Դեկտեմբեր 26,2023 12:42

«Եթե այս բոլոր մարդիկ աշխատեն, պարոն Ավինյանը կարող է գործի չգալ»,-Երեւանի ավագանու այսօրվա նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցությունից Սամվել Հակոբյանը՝ նշելով Երեւանի քաղաքապետի օգնականների, խորհրդականների թվաքանակը։

Նիստում քննարկվում էր Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքի եւ հաստիքացուցակի, ինչպես նաև քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագիծը։

Ըստ նախագծի սահմանվում է, որ քաղաքապետն ունի 7 խորհրդական, յուրաքանչյուրը 629 հազար դրամ աշխատավարձով, 2 գործավար՝  357 հազար դրամ աշխատավարձով, 4 օգնական՝ 544 հազար դրամ աշխատավարձով։

«Ի՞նչ են անում այս մարդիկ։ Դուք ձեր ստվերային, այսինքն հանրությանը չեն երեւում, իրենց աշխատանքը պարոն Ավինյանի համար է, այդ մարդիկ ստանում են պատգամավորական աշխատավարձեր։ Այսինքն, մենք ապրում ենք պառլամենտական երկրում, ու քաղաքապետի խորհրդականն ու օգնականը ստանում է պատգամավորի աշխատավարձ, ինձ համար դա տրամաբանական չէ»,-ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ գլխավոր մասնագետները, առաջատար մասնագետներն ու առաջին կարգի մասնագետները, որոնք ռեալ աշխատող են, ամեն օր ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն աշխատում են, քաղաքացիներին են ընդունում, լսում, լուծում տալիս, քաղաքացու մուննաթը կուլ տվողները  ստանում են 272-289 հազար դրամ․«Եթե դուք ընտրել եք նոր քաղաքականություն, մարդկային ռեսուրսները վստահեցնում եք, որ լավ է լինելու, առաջին կարգի մասնագետի մոտիվացիան ո՞րն է լավ աշխատելու, որ դառնա առաջատար, հետո՝ գլխավոր, եթե այդ երեք պաշտոնների աշխատավարձերի տարբերությունը մեկը 7 հազար դրամ է, մյուսը՝ 9 հազար»։

Հակոբյանը, դիմելով Ավինյանին, ասաց՝ ունեք շատ մեծ անձնակազմ, մեր 15 հոգանոց խմբակցությանը տվել եք մի հատ սենյակ, ձեր օգնականին տվել եք առանձին սենյակ․ «Որ  տենց լավ եք նայում ձեր աշխատողներին, խորհուրդ՝ օգնականներից մեկին, մենք կարող ենք մեր խմբակցության կողմից փողը քցվենք, նվեր տանք, մի հատ ժամ պահեն ձեռքերը, որ ձեզ հիշեցնեն, որ նիստը ժամը տասին է սկսվում։ Մի հատ օգնական էլ թող էս թղթերը բաժանելով գործին լինի, որ նիստը սկսելուց առաջ հստակեցնեք՝ ճի՞շտ օրակարգ եք դրել սեղանին, թե՝ ոչ»։

Գրիգորյանին պատասխանեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը․ «Նախ Երեւանի քաղաքապետն ունի օգնականներ եւ խորհրդականներ, ոչ թե Տիգրան Ավինյանը։ Տիգրան Ավինյանը հետո տուն չի տանելու այդ խորհրդականներին ու օգնականներին։ Խորհրդականներն ու օգնականներն ամեն մեկն իր ոլորտում իրականացնում են իրենց աշխատանքը։ Այդ մարդիկ թաքստոցում չեն, այստեղ նստած են՝ պարոն Արեյանն է, պարոն Շահբազյանն է, պարոն Լազրյանն է» ։

Նա ասաց, որ հանրային կառավարման ոլորտի բարեփոխման տրամաբանությամբ  հաջորդ տարի, երբ տեղի ունենա բարեփոխումը, կքննարկեն կառուցվածքի,  աշխատավարձի ու մոտիվացայի հարցերը․«Ձեզ հետ համաձայն եմ, մարդիկ պետք է մոտիվացված լինեն, պետք է նրանց աշխատանքը պարտադիր միտված լինի արդյունքին։ Այդ մոդելը մենք հիմա փուլային սկսել ենք կիրառել, իսկ ավելի ինստիտուցիոնալ հաջորդ տարի ենք ընդունելու կանոնակարգերը»։

Սամվել Հակոբյանն արձագանքեց՝ Կամո Արեյանի դեմ ոչ ոք ոչ մի բան չունի, մնացած 14  հոգին ինչով են զբաղված։

Ավինյանն էլ պատասխանեց, որ Երեւանի քաղաքապետարանը ամենածանրաբեռնված կառույցներից մեկն է, եւ քաղաքապետը կարող է օրական հարյուրից ավելի գրություններ ստանալ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031