Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Գրիգորյան․ «Նույնիսկ փոխթաղապետերն ունեն վարորդներ․ ավտոների եւ վարորդների թիվն ուռճացված է»

Դեկտեմբեր 26,2023 12:10

«Ձեր խոսքում անընդհատ կրճատումների մասին էիք խոսում, բայց իրականում հաստիքացուցակը 787-ից դառնում է  812»,-Երեւանի ավագանու նիստում այս մասին հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանը, երբ քննարկվում էր Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքի եւ հաստիքացուցակի, ինչպես նաև քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագիծը։

«99 ծառայողական մեքենա կա ու 54 վարորդ։ Նույնիսկ փոխթաղապետերն ունեն ծառայողական մեքենա։ Հանձնաժողովում մեզ ասել էին, որ  նույն փոխթաղապետերն ունեն վարորդներ, որոնք սպասարկում են թաղապետարանների աշխատակիցներին առօրյա գործերի համար։ Մենք ծառայողական մեքենանների եւ վարորդների ուռճացված թիվ ունենք։  Կան վարչություններ, որտեղ կա վարչության պետ ու բաժնի պետեր, տեղակալներ։ Անհասկանալի է կառուցվածքային փոփոխություն եք անում,  բաժինները մի վարչության մեջ ներառում, իմաստը ո՞րն է պահել բաժնի պետեր։ Երբ կառուցվածքային բարեփոխում է իրականացվում, աշխատակիցների թվաքանակը պիտի պակասի, ոչ թե հակառակը»,-ասաց Հայկ Գրիգորյանը։

Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն ԺՊ Միլենա Այդինյանն, արձագանքելով Գրիգորյանին, ասաց՝ այս կառուցվածքային փոփոխությունը պիլոտային ծրագիր է, եւ հաշվի առնելով, որ իրականացվում է գործառույթների վերաբաշխում, հաջողելու դեպքում հաջորդ փոփոխության ժամանակ կդիտարկենք ձեր նկատառումները։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ պարզաբանեց, օրինակ բերեց՝ հինգ ճարտարապետ ունենք, խորհրդատուների կարգավիճակով, ամեն չորեքշաբթի նրանք վարչության ղեկավարների հետ նիստերի են մասնակցում, նրանց մասնագիտական կարծիքը դարձնում ենք մեր օրակարգը․«Մենք ունենք գեղագիտական խորհուրդ։ Այսինքն, մասնագիտական այս խմբերն են ստեղծվում, հաստիքացուցակի ավելացումն այդ հիմնավորումն ունի»։

«Ազգային առաջընթացից» Գրիգորի Երիցյանն էլ հետաքրքրվեց՝ 15 խորհրդատուն մի քիչ քիչ չէ՞, գուցե 30 լիներ։

Այդինյանը պատասխանեց՝ բոլոր միջազգային կառույցներում ներգրավում են նեղ մասնագետների, փորձագետների․«Մենք, լինելով հանրային ծառայողներ, սահմանափակումներ ենք ունենում մասնագիտական գիտելիքներով այն մարդկանց  ներգրավելու, որոնք իրականացնում են կետային աշխատանք ու բարձրացնելու են մեր արդյունավետությունը։ 15  խորհրդատուն շատ նորմալ թիվ է, վստահեցնում եմ, որ պակաս է, շատ չէ»։

Այդինյանին արձագանքելով՝ Երիցյանը մի քիչ հեգնանքով ասաց՝ լավ է, որ ուսումնասիրել եք միջազգային փորձը․«Բայց միջազգային փորձով համայնքները ձգտում են ներգրավել պրոֆեսիոնալ մասնագետների իրենց աշխատակազմում եւ դրանց աութսորս չեն անում։ Հաշվի առնելով քաղաքապետարանի թիմի գիտելիքը, մասնագիտական որակն ու փորձառությունը, կարծում եմ խորհրդատուների քանակը քիչ է, կարող է մինչեւ 150  խորհրդատու լինի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031