Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է ավագանու այսօրվա նիստը։ Խմբակցությունը հայտարարել է, որ այսօր բողոքի ցույց են անելու Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ՝ ընդդեմ տեղական տուրքերի դրույքաչափերի բարձրացման։
Նշենք, որ խմբակցութունը «Ո՛չ թալանին» նախաձեռնությամբ մայրաքաղաքում իրազեկման ցույցեր էր անում եւ հանրությանը կոչ անում միանալ այսօրվա ցույցին։
«Մայր Հայաստանը» Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությանը եւս կոչ է անում չմասնակցել այսօրվա նիստին, քվորում չապահովել, քանի որ այսօր ընդունվելու է որոշում, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից բարձրացնել տեղական տուրքերը եւ վճարները։
«Մայր Հայաստան» խմբակցությունից Նարինե Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Հանրային ձայնը» այսօրվա բոյկոտի մասին ծանուցվել է։
Կարդացեք նաև
«Եթե դուք իսկականից հայ ազգի թշնամին չենք, եթե դուք իսկականից Ավինյան Տիգրանի գրպանի ընդդիմությունը չեք, եւ դրա համար լավ կոմպրոմիսների չեք գնացել, ապա մի մտեք եւ մի ապահովեք քվորում»,-«Հանրային ձայնին» դիմեց Նարինե Հայրապետյանը։
Նա ասաց, որ ամեն գնով փորձելու են կանխել քվորումի ապահովումը․«Փորձելու ենք ՔՊ-ի ձեռքը հանել քաղաքացու գրպանից, որովհետեւ այս գիքորները իրենց բազազարտեմների տեղ դրած իրենց պահում են վերջին ջեբկիրների նման»։
Այս պահին Երեւանի քաղաքապետարանի շենքը պահպանում են մեծ թվով ոստիկաններ։ Հիշեցնենք, որ Նարինե Հայրապետյանը քաղաքացիներին կոչ էր արել միանալ ցույցին եւ շրջափակել քաղաքապետարանի շենքը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ