Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարծեմ 2023 թ. գարնանն էր… Ստեփանակերտի «Ռոսիա» սրճարանում Ռուբեն Վարդանյանի հետ նստած՝ զրուցում էինք Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներից: Այդ օրերին նա նոր էր թողել պետնախարարի պաշտոնը: Խոսում էինք հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական ծանր վիճակից, կարծիքներ փոխանակում իրադրությունից դուրս գալու ելքերի շուրջ և… հարցնում եմ.
-Թշնամու ճամբարից Ձեր մասին հաճախ են ակնարկում, դա Ձեզ չի՞ անհանգստացնում:
-Ինձ ավելի շատ անհանգստացնում է Արցախում տիրող այսօրվա մթնոլորտը, երբ մարդիկ զբաղված են մեկը մյուսին «սևացնելու» հանցավոր անգործունեությամբ, այլ ոչ թե միասնական ուժերով իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելով…
Կարդացեք նաև
-Մեր առաջին հանդիպման ժամանակ ես Ձեզ ասել էի, որ արցախցիներին լավ չեք ճանաչում, հիշո՞ւմ եք…
-Իսկ ես էլ ասացի, որ աշխարհի բոլոր մարդիկ նույնն են, պարզապես, նրանց ոչ թե հասկացնել, այլ հասկանալ է պետք… Այսօր մենք՝ ոչ միայն նրանց, այլև ինքներս մեզ չենք հասկանում… Ինձ համար, օրինակ, զարմանալի չէր լինի, եթե վաղը 200 դոլարով ինչ-որ մի վարձկան մահափորձ կատարի իմ դեմ… Ես դրանից չեմ վախենում, ես վախենում եմ նրա համար, ով, 200 դոլարի դիմաց պատրաստ է գնալ պատվիրված սպանության…
Հ.գ.-2023թ. սեպտեմբերի 27-ին Հակարի կամուրջի մոտ ադրբեջանցիների կողմից տեղադրված ապօրինի անցակետում Ռուբեն Վարդանյանը կալանավորվել և տեղափոխվել է Բաքվի բանտ: Առայսօր նա գտնվում է գերության մեջ…
Հ.գ.գ.- Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը բոլոր հնարավորություններն ուներ խուսափելու գերությունից, բայց, ինչպես իր որդին կասեր․ «Նա խոսքի մարդ է, ասել է՝ մինչև վերջ կլինի ժողովրդի կողքին, այդպես էլ արել է…»։