Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաց «ագենտուրայի» ղեկավարների մոտ

Դեկտեմբեր 26,2023 10:00

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, իսկ այնուհետեւ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այսինքն՝ այն կազմակերպությունների միջոցառումներին, որտեղից Հայաստանը, ըստ նույն Փաշինյանի քարոզիչների, եթե ոչ այսօր, ապա վաղը դուրս է գալու: Այն կազմակերպությունների, որոնց առանցքում Ռուսաստանն է, իսկ վերջինս, ըստ այդ քարոզիչների, ձգտում է Հայաստանում հեղաշրջում իրականացնել իր «ագենտուրայի» («5-րդ շարասյան») միջոցով: Նույն առասպելաբանության համաձայն` մեր երկրում ծաղկում եւ փթթում է ժողովրդավարությունը, իսկ ահա չար Ռուսաստանը վտանգ է ներկայացնում, խանգարում է, չի ցանկանում, որ մենք այսօրվա դրախտային վիճակում լինենք:

Ամենահետաքրքիրն այն է, որ այս՝ պուտինյան միջոցառումներից հետո նույն քաղաքագետ-փորձագետ-գործիչները չեն ասի՝ «մեր շեֆը սխալվել է՝ դրանց մասնակցելով»: Նրանք կներկայացնեն դա՝ որպես «շեֆի» խորամանկ քայլ, որն ուղղված է Ռուսաստանի գլխի տակ փափուկ բարձ դնելուն եւ իրականում դեպի «քաղաքակիրթ Արեւմուտք» թեքվելուն: Դրանից, ի դեպ, կարելի է եզրակացություններ անել նշված քարոզիչների անկեղծության մասին:

Բայց հիմնական խնդիրն, իհարկե, ինքնին քարոզչության մեջ չէ՝ դա, ի վերջո, սովորական երեւույթ է: Խնդիրը Հայաստանի իշխանությունների երեսպաշտությունն է: Նրանք հրահանգ են տալիս իրենց փորձագետներին եւ գործիչներին, որ վերջիններս հայհոյեն ռուսներին եւ «ՌԴ ագենտուրային» (այսինքն՝ Հայաստանի ընդդիմությանը)՝ շատ լավ իմանալով, որ իրենց սեփական քաղաքականությունը մեկը մեկին համապատասխանում է Պուտինի եւ Էրդողանի ծրագրերին:

Ինչո՞ւ է դա, իմ կարծիքով, վատ: Նախ՝ այդպիսով վարկաբեկվում են իրական ժողովրդավարական եւ ճշմարիտ եվրոպական արժեքները, որոնք, ի դեպ, միշտ չէ, որ համընկնում են ԵՄ-ական արժեքների հետ: Իսկ առավել կարեւոր է, որ քաղաքական դիսկուրսը կառուցվում է կեղծ այլընտրանքների, խեղված իրականության ու հասարակական կրքերը բորբոքելու վրա: Այդ մթնոլորտում որոշում ընդունողների ձեռքերն ազատ են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nimar says:

    Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, այնուամենայնիվ այս թերթի էջերում հետևողական, համառ,
    սկզբունքային քարոզչություն եմ տեսնում գործող իշխանությունների դեմ, բայց երբեք չեմ պնդի,
    որ դա արվում է ինչ-որ մեկի հրահանգով:
    Ինչու՞ երկրի ղեկավարը չպետք է գնար ՌԴ: Որովհետև խելացի և մտահոգ տեսքով մամուլում անընդհատ
    փայլատակող մեկուկես տասնյակ մարդիկ մոդայիկ էին համարում «վեկտորների» մասին խոսել հեռուստատեսությամբ,
    սոցիալական ցանցերում և թերթերու՞մ։
    Քաղաքական գործիչները կարող են ատել միմյանց և անկեղծորեն ցանկանալ ոչնչացնել միմյանց,
    բայց դա ամենևին չի խանգարում նրանց ձեռք սեղմել և քաղաքավարի կերպով խոսել փոխադարձ
    հետաքրքրություն ներկայացնող խնդիրների մասին։ Հայաստանի չափ ու միջազգային ազդեցություն
    ունեցող երկրի ղեկավարի համար ՌԴ նախագահի հետ անմիջական շփումների ու քննարկումների
    հնարավորությունը, կարելի է ասել, բացառիկ է, և դրա բաց թողնելը դժվար կլինի բացատրել այլ կերպ,
    քան հիմարությամբ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031