Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից տեղահանված 7 անչափահաս երեխաներով ընտանիքը կենցաղային դժվար պայմաններում է ապրում

Դեկտեմբեր 25,2023 23:58

«Եթե էլի պատերազմ լինի, կուզեմ ութ տարուց լինի, որ էդ ժամանակ զինվոր լինեմ, կռվեմ, Ղարաբաղը հետ բերեմ»․10-ամյա Արթուրի գլխում էլի մի նոր պատերազմով Արցախը վերադարձնելն է։ Արթուրի հայրը՝ Կարենը, կարծես հաշտվել է որդու «երազանքի» հետ, ասում է․«Էրեխեն տեսնում ա, որ հերը շատ ա տանջվում, էս վիճակի հետ չի համակերպվում․․․ ես, իհարկե, չեմ ուզում իմ տղերքը կռիվ տեսնեն, պատերազմ գնան։  Իմ հերն էլ չի ուզել։ Ո՞վ կուզի։ Ոչ ոք։ 44 տարեկան եմ, ինչ աչքս բացել եմ՝ կռիվ եմ տեսել։ Էդ ա մեր ճակատագիրը»։

Ադրբեջանի՝ սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների պատճառով հայերը լքեցին Արցախը: Ադրբեջանն Արցախը էթնիկ զտման ենթարկեց։ Կարենն ու իր ընտանիքի անդամները 100 հազարից ավելի էթնիկ հայերից մեկն են, որոնք լքեցին իրենց տները։ Կարենը հազարավոր արցախցիների նման ստիպված է եղել երեք կամ չորս անգամ տեղահանվել պատերազմի պատճառով։

Կարեն Համբարձումյանի ընտանիքը՝ կինը եւ յոթ երեխաները, 2020 թվականի պատերազմից հետո, Քաշաթաղի Իշխանաձորից տեղափոխվել էին Հայաստան, պատերազմի ավարտից հետո վերադարձել Ստեփանակերտ, ապա՝ Ասկերանի շրջանի Պատարա գյուղ, իսկ 2023-ին՝ Հայաստան։

«Դժոխային ժանապարհ էր, 43 ժամ ճանապարհ ենք եկել, մեքենան բաց էր, ցուրտ էր, երեխաների լացը չէր դադարում։ Մինչեւ տեղ հասանք՝ մի ամբողջ կյանք անցավ»,-ասում է Կարենի կինը՝ Տատյանան։

Հիմա այս ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում։ Տունը ծանոթների միջոցով են գտել, տան տերը առաջարկել է մեկ տարի անվճար ապրել այդ տանը։ Հիմա փորձում են նորից զրոյից տունտեղ դնել։

Արցախից տեղահանվելուց հետո Կարենի ընտանիքն ապրում է Արմավիրի Այգեշատ գյուղի այս տանը

«Մի կյանքի ընթացքում քանի՞ անգամ է հնարավոր տուն ստեղծել։ Ծանր վիճակ է»,-ասում է Տատյանան։

Հին, ճռճռացող կահույքը ՝ պահարանը, աթոռները, մահճակալը հարցուփորձ անելով են գտել։ «Զզեստապահանը բերեցինք, մաքրեցինք, հավաքեցինք, կպցրեցինք իրար, աթոռները հարեւաններից մեկն է տվել, հին էին, ամուսինս ամրացրել է, որ չճոճվեն։ Երբ նոր էինք եկել, սեղանը շատ փոքր էր, երեխաներին հերթով էինք նստացնում  սեղանի մոտ՝ կերակրելու։ Հետո մի լավ աղջիկ ավելի մեծ սեղան բերեց»,-պատմում է Տատյանան։

7 անչափահաս երեխաների համար ապրելու պայմաններն այնքան էլ լավը չեն,  տունը թեեւ ջեռուցում են գազի վառարանով, բայց ամբողջ տունը չի տաքանում, ստիպված են լինում բոլորով հավաքվել մի սենյակում։ Նորմալ սանհանգույց ու խոհանոց էլ չկա, եղածն էլ՝ սառն ու անհարմար։

Արցախից տեղահանված Կարեն Համբարձումյանի երեխաները

Ոչ գազօջախ ունեն, ոչ՝ սառնարան, ինչի պատճառով պատրաստած կերակուրը շուտ փչանում է։

Երեխաների տաք հագուստն էլ լվանալուց հետո մայրը փորձում է արագ չորացնել վառարանի կողքին, որովհետեւ փոխնորդ չունեն։

Կենցաղային այս ծանր պայմանները երեխաների համար տանելի են, հիմա գոնե կրակոցներ չեն լսում, հանգիստ քնում են։

Մեր այցելության ժամանակ ընտանիքի փոքրերը՝ 10 տարեկան Արթուրը, 7 տարեկան Հայկն ու 5 տարեկան Քերոբը, նույնիսկ ծիծաղելով պատմում էին, թե ոնց է ադրբեջանական գնդակը իրենց կողքով անցել․«Վըըըզ, պուլյան անցավ, քիչ էր մնացել, որ կպներ»։

Կարենն էլ պատմում է, որ Սյունիքում կար հնարավորություն բնակվելու, բայց չհամաձայնվեց․ «Էս էրեխեքն էնքան գմփոցներ, կրակոցեր են լսել․․․ փոքրս՝ Անին, երկու տարեկան ա, երբ սեպտեմբերին շրջափակումից հետո եկա տուն, ասեց՝ պապ, էլի կրակո՞ւմ են, ասի՝ չէ, վերջ, էլ կրակել չկա, պրծելա։ Ասի՝ էլ վերջ, առաջնագծում էրեխա չեմ տանի պահեմ, էլ չեմ ուզում իմ էրեխեքը էդ ձայները լսեն»։

10 ամիս հյուծող շրջափակման մեջ ապրելով ու հայրենիք կորցնելով՝ հետո նոր տեղում տնավորվելն ու կրկին կենցաղային դժվարություններ քաշելը, այն էլ այս լենուբոլ աշխարհում, Տատյանայի ասելով՝ ցավոտ բան է։

Հիշում է, թե ինչպես էին ապրում շրջափակման մեջ։

Ամուսինը պոստերում էր, երեխային կերակրելու գործը Տատյանայի վրա էր։

«Հողամաս ունեինք, լոբի, կարտոֆիլ, բազուկ, կաղամբ, գազար էինք աճեցնում։ Էս անգամ չհասցրեցինք հավաքել։ Շաքարի ու հացի հարցն էր ահավոր։ էրեխեքին շշով քաղցր թեյ էի տալիս, որ քաղցի զգացումը կոտրվեր։ Ասենք՝ երեք գդալ շաքարավազի փոխարեն կես գդալ էի լցնում։ Մեծին՝ Մարիամին (12 տարեկան) ընդհանրապես չէի տալիս։  Ձեթ էլ չունեինք, քչություն էր անում։ Մի մեծ կաթսայով ճաշին մի գդալ ձեթ էի լցնում։ Մի հատ օճառով լվացքի հեղուկ էի սարքել։ Օճառը քերիչով անցկացնում էի, եռացրած ջրի մեջ լցնում, կրակի վրա թողնում, խառնում հատիկները՝ մինչեւ լուծվեր, սոդա էի գցում մեջը, որը էլի քչություն էր անում, մի քիչ էլ լիմոնի աղ, եթե շամպուն կար՝ մի քիչ ավելացնում էինք՝ հոտ տալու համար, ու լցնում բանկաների մեջ, պահում, դրանով էի լվացք անում։ Գյուղում երեւի բոլորն էդպես էին անում։ Էրեխեքի պամպերս չկար, մեջը  բամբակ էի դնում»,-պատմում է Տատյանան։

Սուրճն էլ սիսեռից էին պատրաստում։ Տատյանան սիսեռով սուրճի «հատուկ» բաղադրատոմսն է ներկայացնում․«Սիսեռը լվանում էինք, թավայի կամ ջեռոցի մեջ բովում այնքան, որ շագանակագույն դառնար, աղում էինք, հետո խառնում իսկական սուրճի հետ, որը շատ քիչ էր։ Հետաքրքիր համ ուներ։ Էդքան չէինք նեղվում էդ վիճակից, որովհետեւ հույս ունեինք, որ դա ժամանակավոր է, ճանապարհը բացվելու է, ու ամեն ինչ լավ է լինելու»։

Գյուղից դուրս գալու օրն էլ չեն մոռանում, ու երեւի  չջնջվի հիշողությունից։

Կարենն ասում է՝ ամեն վայրկյան սպասում է, որ մի օր գնալու է իր պապական տունը․«Ամեն օր երազումս մեր տունն եմ տեսնում, իմ երկու շներին, մեկը նոր էր ծնել, ձագերին չկարողացա բերել, էդպես աչքերը փակ թողեցի։ Ծանր էր»։

Այդ օրը, ինչպես Տատյանան է պատմում, երեխաները դպրոցում էին, ամուսնուն էլ՝ որպես զինվորական, կանչել էին․«Ահավոր ձայներ էին գալիս, էրեխեքը հերթով եկան տուն,  էդ ձայներից էրեխեքը վախենում էին, կապը կտրվեց, հետո՝ լույսը, ամուսնուս հետ կապը կտրվեց, տեղեկություն չունի, չգիտեի էլ, որ շրջափակման մեջ էր ընկել։  Էրեխեեքն ասում էին՝ մենք գիտենք պապան երբ ա գալու, երբ էս ձայները կտրվեն, ուրեմն պատերազմը պրծել ա, պապան գալու ա։ Ամուսինս եկավ սեպտեմբերի 25-ի երեկոյան։ Հաջորդ օրը գյուղապետն առավոտ հինգին եկավ, թե՝ շուտ արեք, էրեխեքին վերցրեք, բոլորը գյուղը լքում են։ Մենք մեքենա չունեինք, մի հատ Ուրալով եկանք Ստեփանակերտ, Ստեփանակերտից էլ ավելի մեծ մեքենայով եկանք Կոռնիձոր։ Դժոխային ճանապարհ էր, գիշերը՝ ծանր, էրեխեքը թեյ էին ուզում, փոքրս՝ Թագուհին, մի տարեկան ա, կաթնախառնուրդ ա ուտում, ուտել էր ուզում, էդ մեքենայում գյուղից ուրիշ էրեխեք էլ կային, բոլորը լացում էին, մրսում էին, սնունդ չէինք վերցրել։ Քանի որ մեքենաների շարասյունը կանգնած էր, ամուսինս մարդկանցից հարցուփորձ արեց,  փոքր գազօջախ գտավ, ջուր տաքացրեց, որ թեյ ու կաթնախառնուրդ սարքենք»։

Հիմա նոր տեղում նոր կյանքը Կարենը եռանդով է սկսել, տունը կարգի բերելու համար դեռ ահագին գործ կա անելու։ Սկզբում ծանոթ-անծանոթների օգնությամբ որոշ կենցաղային իրեր են ստացել։ Ծանոթներից մեկը՝ Անին, որը նաեւ 2020-ի պատերազմի օրերին է օգնել այս ընտանիքին, ու հենց նրա պատվին էլ  երկու տարեկան դստեր անունը Անի են դրել, առաջին օրերին փորձել է ինչ-որ չափով ընտանիքի հոգսը թեթեւացնել։

Պետական ֆինանսական աջակցություն այս ընտանիքը ստացել է, բայց Տատյանան ասում է՝ ծախսերն ավելի շատ են։ Ամուսինը աշխատանք է փնտրում, ասում է՝ օդանավակայանը մոտ է գյուղին, լավ կլինի, որ այդտեղ գործ գտնի։

Ընտանիքը Ամանորին առանձնապես ուրախությամբ չի սպասում։

«Հատուկ ոչ մի բան չենք անում, սիրտ չկա։ Բայց քանի որ էրեխեքը շատ փոքր են, իրենց համար մի բան կանենք»,-ասում է Տատյանան։

Հնարավոր խաղաղությունից կամ խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունից խոսելիս էլ հուսահատություն կար Կարենի մոտ։ Ասում է․«Ծնողներս կռիվ են տեսել, մենք՝ չորս ախպերներով պաստայաննի կռվի մեջ ենք եղել։ Հա, մի օր  վերջ պիտի՞ լինի, չի կարա մի քանի տարին մեկ կռիվ լինի։ Բայց թուրքի հետ հաշտ ապրել չի լինի, թշնամություն կա, դրան վերջ չկա, ադրբեջանցի ամեն ընտանիք մեր ամեն մի ընտանիքին վնաս է տվել, ո՞նց կարանք միասին ապրենք։ Բայց սահման պետք է լինի, կռիվ չլինի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031