«Ազատություն» ռ/կ. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Ծննդյան պատարագից հետո հավատացյալներին դիմել է “Urbi et Orbi”՝ «Քաղաքին և աշխարհին» հասցեագրված ավանդական ուղերձով: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը խոսել է Գազայի հատվածում, Իսրայելում և աշխարհի այլ շրջաններում մոլեգնող հակամարտությունների մասին:
«Թող խաղաղություն գա Իսրայել և Պաղեստին, որտեղ պատերազմը կործանում է այդ ժողովուրդների կյանքը։ Սիրտս ցավում է անցյալ հոկտեմբերի 7-ի նողկալի հարձակման զոհերի համար, և ես կրկնում եմ իմ հրատապ կոչը՝ ազատելու պատանդ պահվողներին։ Ես խնդրում եմ դադարեցնել ռազմական գործողությունները», – հայտարարել է 87-ամյա Ֆրանցիսկոսը:
Նա իր ուղերձում ընդգծել է նաև «Ուկրաինայում, Սիրիայում, Եմենում, Լիբանանում, Հայաստանում և Ադրբեջանում հակամարտություններին վերջ տալու կարևորությունը»:
«Պատերազմին «ոչ» ասել նշանակում է «ոչ» ասել սպառազինությանը։ Մարդու սիրտը թույլ է, եթե մեր ձեռքերում մահվան գործիքներ գտնենք, վաղ թե ուշ դրանք կկիրառենք։ Իսկ ինչպե՞ս է կարելի խոսել խաղաղության մասին, երբ զենքի արտադրությունը, վաճառքը և առևտուրն աճում են», – ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։