«Հայկական անիմացիոն ֆիլմերի պաստառներ» ամփոփիչ ցուցահանդեսի բացմամբ ամփոփվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ԱՐՄԱՆԻՄԱՑԻԱ 85» համահայկական նկարչական մրցույթ–փառատոնի արդյունքները:
Մրցույթն անցկացվել է Հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում:
Հիմնական նպատակը երեխաներին հայկական անիմացիայի հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելն է, նրանց գեղարվեստական ճաշակը բարձրացնելն ու պաստառների ստեղծման ավանդույթներին, տեխնիկաներին և նորարարական մոտեցումներին ծանոթացնելը։
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Կարդացեք նաև
ԿԳՄՍ փոխնախարարը շնորհավորել է մասնակիցներին և կարևորել մրցույթ-փառատոնի դերն արվեստասեր և տաղանդավոր երեխաներին բացահայտելու, խրախուսելու և ճանապարհ հարթելու տեսանկյունից:
Մրցույթ-փառատոնին մասնակցել է 10-18 տարեկան 76 պատանի՝ աշխարհի 4 երկրի 27 կրթական հաստատություններից: Լավագույններին ընտրել է մասնագիտական ժյուրին: Նրանք արժանացել են 7 մրցանակի, 3 հատուկ մրցանակի և 9 պատվոգրի։ Բոլոր մասնակիցները ստացել են մասնակցության վկայականներ։
Նախագծի շրջանակում երեխաները մասնակցել են վարպետության առցանց դասերի, որոնք վարել են ոլորտի լավագույն մասնագետները՝ տեսական ու գործնական գիտելիքներ, հմտություններ փոխանցելով անիմացիայի, պաստառների և գրաֆիկ դիզայնի մասին: Մասնակիցները հնարավորություն են ունեցել իրենց ստացած գիտելիքները կիրառելու նոր ձևաչափում։
Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 14-ը։ Հասցե՝ Աբովյան 13:
Մրցույթն անցկացնում է Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցելով:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ