Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասինն» իր զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին՝ ողջունելով ԱՀ նախագահի հրապարակած լուրը

Դեկտեմբեր 25,2023 16:36

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը ողջունում է 2023 թ․ դեկտեմբերի 22-ի Արցախի Հանրապետության նախագահի և պաշտոնյաների հանդիպմանը հրապարակված լուրը, ըստ որի՝ ղեկավարվելով ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի հոկտեմբերի 19-ի հրամանագրի դրույթներով՝ Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, դատավորները, խորհրդարանը և մնացյալ բոլոր պաշտոնյաները շարունակում են իրենց աշխատանքը հասարակական հիմունքներով, այսինքն՝ Արցախի Հանրապետության լուծարման մասին որոշում այլևս գոյություն չունի։

«Միասին» շարժումն իր սկզբնավորման պահից ցայսօր, իսկ նրա կազմի մեջ գտնվող քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները Արցախյան շարժման առաջին իսկ օրերից պայքարել են Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացման, Արցախի Հանրապետության կայացման իրավաքաղաքական օրինակարգությունը միջազգային ասպարեզներում ճանաչելի և ընդունելի դարձնելու համար։

Այսօր՝ Արցախի լիակատար բռնազավթման և արցախահայության ցեղասպանությունից մազապուրծ իրենց հազարամյա հայրենիքը լքելու դժնի օրերին, առավել քան կարևոր է կայացնել իրավական և քաղաքական ճիշտ որոշում, չշեղվել հանուն ինքնորոշման և անկախության պայքարի միջազգայնորեն ճանաչված ուղուց, անտեսել թշնամու սպառնալիքները։

«Միասինն» իր զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին և բնակչությանը, որը հայտնվել է բռնի տեղահանվածի կարգավիճակում։ Արձանագրում ենք՝ Արցախի ինքնորոշման և Ադրբեջանից անկախ, հետագայում Հայաստանի հետ վերամիավորվելու որոշումը ողջ հայության ազգային խնդիրն է։ Ուստի բոլորս միասին պետք է շարունակենք մեր համակարգված գործունեությունը հայաստանյան և միջազգային քաղաքական-իրավական բոլոր հարթակներում՝ ապահովելու արցախահայության վերադարձն իրենց պատմական հայրենիք և ինքնորոշման իրավունքի կայացումը։

Սրանով է պայմանավորված Արցախի Հանրապետության նախագահի նոր հրամանագրի անհրաժեշտությունը, որով չեղարկվում է 2023 թ․ սեպտեմբերի 28-ի որոշումը։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031