Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը ներկայացրեց այգու 3D մոդելավորման տարբերակը եւ հայտնեց, որ այգու տարածքը կընդլայնվի՝ հասնելով 34 հեկտարի:
«Սա մեզ թույլ է տալու տարածքում ստեղծել 2 ջրամբար, ունենալ նոր փղանոց, որովհետև փղերը չեն կարող միայնակ ապրել, և մեզ պետք է երկրորդ փիղ, իսկ ներկայիս ազատավանդակը թույլ չի տալիս, ինչպես նաև նոր կենդանատեսակներ չենք կարողանում փոխանակմամբ և նվիրատվությամբ ստանալ, որովհետև ազատավանդակի պայմանները չեն ներում»,- ասաց Հայկազյանը:
Կենդանաբանական այգու համար առաջարկվելու է երկրորդ մուտք Գյուրջյան փողոցից, իսկ լրացուցիչ մուտքը Նոր Նորքից լինելու է ծառայողական, որտեղ տեղակայվելու են կարանտինային շենքեր, պահեստներ: Տիկին Հայկազյանի խոսքով,նախագծով նախատեսվում է նաև ճոպանուղի ստեղծել. «Աշխատանքները փուլերի ենք բաժանել, այսինքն՝ սկսելու ենք վթարային ազատավանդակների տեղափոխումից, փղանոցի և պարսպի կառուցումից: Սրանք արդեն իսկ նախատեսված են հաջորդ տարվա բյուջեով»:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվեց՝ նախագծում նախատեսված մանկապարտեզն ինչի՞ համար է, ի պատասխան՝ Սիրարփի Հայկազյանն ասաց, որ նման բան կարելի է հանդիպել եվրոպական այգիներում, դա նախատեսված է տարիքով փոքր կենդանիների՝ ձագերի համար:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ