Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս օրենքը հայրենի տան դռները փակում է մեր և մեր զավակների առաջ»․ բաց նամակ ՀՀ կառավարությանը և պատգամավորներին

Դեկտեմբեր 25,2023 15:43

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Մենք՝ Սփյուռքում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, անընդունելի ենք համարում այսպիսի ձևաչափով մի օրենքի ընդունում, որը վերաբերում է մեզ, բայց մեզ հետ անգամ չի քննարկվել: Հարկ ենք համարում նշել ու հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր հայերի օրրանն է: Այն ժողովրդավար երկիր է, և Սփյուռքը նրա անբաժան մասն է: Յուրաքանչյուր հայիս պարտքն է ծառայել հայրենիքին՝ մայր Հայաստանին, անկախ տարիքից և սեռից: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ Դուք նույնպես ծառայում եք հայրենիքին, բայց զինվորական համազգեստ չեք կրում, Ձեր զենքը խոսքն է, անտրտունջ աշխատանքը, իսկ ձեր խրամատը՝ Ազգային ժողովը: Դուք պահպանում եք ներքին կարգը, հայ զինվորը՝ սահմանագիծը, իսկ Սփյուռքը՝ արտաքին աշխարհի հետ ակտիվ կապը: Ամեն մեկս մեր ուրույն գործառույթն ունենք, ամեն մեկը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը: Եվ մենք ուժեղ ենք միասին: Կողմ քվեարկելով այդ օրենքի նախագծին՝ Դուք կտրում եք Սփյուռքը մայր Հայաստանից: Մենք մեր հայրենիքից հեռացել ենք ամենատարբեր պատճառներով, մեծ դժվարություններ ենք հաղթահարել այն հույսով, որ մի օր կվերադառնանք հայրենի տուն: Բայց այս օրենքը հայրենի տան դռները փակում է մեր և մեր զավակների առաջ:

Ըստ այդ օրենքի փոփոխությունների՝ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ովքեր կյանքի բերումով հայտնվել ենք արտերկրում, ունենք 4 տարբերակ՝ 1. դատապարտվել 5 տարի ազատազրկման առանց որևէ հանցանք գործելու (մարդ չենք սպանել, գողություն չենք արել, ուրիշի առողջությանը կամ գույքին վնաս չենք հասցրել և այլն), 2. վերադառնալ Հայրենիք և մեկնել զինվորական ծառայության՝ չնայած, որ զինակոչի համար նախատեսված տարիքը լրացել է: Ի դեպ, այդ տարիքային շեմը պատահական չէ սահմանված, 3. վճարել աստղաբաշխական գումար, որը, կարծում ենք, անհնար է վաստակել արդար ճանապարհով, 4. չվերադառնալ Հայրենիք ընդհանրապես՝ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները:

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Կարծում ենք, որ նախորդ կառավարություններն արդեն մեկ անգամ սխալ որոշում կայացրել են՝ քրեականացնելով բանակում չծառայելը, որի արդյունքում մոտավոր հաշվարկներով շուրջ 10,000 քաղաքացի զրկվել է հայրենիք վերադառնալու հնարավորությունից: Կողմ քվեարկելով այս օրենքի նախագծին՝ Դուք ավելի եք խորացնում այս ճգնաժամը:

Կարծում ենք, որ 27 տարին արդեն լրացած քաղաքացիներին զորակոչելով բանակ Դուք չեք կարող համալրել զինված ուժերում զինծառայողների պակասը: Մենք կարծում ենք, որ 27 և 18 տարեկանների ֆիզիկական կարողությունները նույնը չեն և համադրելի չեն։ Բացի դրանից, սա այն տարիքն է, որ տղամարդը պետք է ընտանիք կազմի (շատերն արդեն իսկ ունեն): Մենք առանց այդ էլ բազում խնդիրներ ունենք: Ավելի մի՛ բարդացրեք մեր կյանքը: Մենք պատրաստ ենք բանավեճի և քննարկումների, որի արդյունքում, վստահ ենք, կծնվի լավագույն որոշումը: Հորդորում ենք ձեզ ձեռնպահ մնալ ազգակործան այս նախագծին հավանություն տալուց: Լսե՛ք մեզ, քանի որ Դուք նորից փորձում եք անդառնալի մեծ սխալ գործել՝ կողմ քվեարկելով օրենքի նախագծին: Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր «մեղադրյալ», վերջին խոսքի իրավունք ունի, մի՛ զրկեք մեզ այդ իրավունքից: Վստահ ենք, որ այս օրենքի նախագիծը չի ապահովելու ոչ միայն բանակի համալրումը, այլև պետական բյուջե հավելյալ ֆինանսների մուտքագրում չի լինի: Կարծում ենք, որ այս նախագիծը գրելիս, հեղինակը միայն ներկայացրել է, թե ինչ է պետք, բայց հաշվի չի առել, թե ինչքանով է «պատասխանող» կողմը պատրաստ այդ պահանջը կատարել:

1. Մոռացե՛ք, որ որևէ 27 տարին լրացած անձ գալու է Հայաստան և գնա բանակ: Ու կան բազմաթիվ լուրջ և օբյեկտիվ պատճառներ նմանօրինակ պնդման համար: Մենք համոզված ենք, որ Դուք էլ եք դա շատ լավ հասկանում, այլապես գումարային պահանջ չէր ներկայացվի:

2. Այսօր արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները միլիոնատեր չեն: Ձեր թիրախավորած 10,000-ից միայն 0.1% կկարողանա այդ ֆինանսական պահանջը բավարարել: Պետք է ազնիվ լինել. չենք կարծում, որ դա է Ձեր նպատակը: Ակնկալում եք 150 միլիոն դրամ, բայց այն ոչ մի հարց չի լուծելու:

3. Վերը նշված պնդումներից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ այս օրենքի նախագիծը կարճաժամկետ ազդեցություն է միայն ունենալու: Ինչպես նաև, կարծում ենք, որ այս օրենքով պայմանավորված, բազմաթիվ հայեր դեռ երկար ժամանակ կմնան օտարության մեջ:

4. «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»: Պատժելով և տուգանելով մեզ՝ Սփյուռքում ապրող քաղաքացիներիս, ոչ մի կողմը չի շահի: Դեռևս ոչ մի իրական հանցագործ չի ուղղվել պատիժը կրելուց հետո: Այն, որ այսօր կա բանակն համալրելու խնդիր, և այն անհապաղ լուծում է պահանջում, անվիճելի է մեզ համար: Բայց այդ խնդիրը չի կարելի միայն մի տեսանկյունից դիտարկել: Այս խնդիրը պետք է համակարգային լուծում ստանա:

Ինչպիսի՞ լուծում ենք առաջարկում մենք։ Ինչպես արդեն նշել էինք՝ պատժելով և տուգանելով ոչ Հայաստանի Հանրապետությունն է շահում, ոչ հայաստանաբնակները, ոչ էլ Սփյուռքում բնակվող ՀՀ քաղաքացիները: Հետևաբար պետք է ձեռնարկել հետևյալ հաջորդական քայլերը՝ 1. Համաներում հայտարարել բոլոր 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին՝ հանելով քրեական հետապնդումը. թույլ տվեք մարդկանց վերադառնալ հայրենիք: 2. Մշտական աշխատանքի տեղավորվելուց հետո սահմանե՛ք հարկ աշխատավարձի որոշակի տոկոսադրույքի չափով մինչև թոշակի անցնելը (այդ տոկոսադրույքն էլ պետք է խելամիտ լինի, որպեսզի քաղաքացին կարողանա նաև արժանապատիվ ապրել): 3. Կազմակերպեք եւ պատշաճ մակարդակով իրականացրեք զինվորական պատրաստություն չանցած մարդկանց զինվորական պատրաստվածությունը (ի դեպ, այդ նախագծում կա կետ 1 ամիս ծառայելու հնարավորությամբ, և ասուլիսի ժամանակ էլ օրենքի փոփոխությունների հեղինակը հայտարարեց, որ հնարավոր է մեկ ամսում): Մի՛ իրականացրեք մեկ ամսում, իրականացրեք օրինակ 6 ամսում, բայց աշխատանքից հետո ամեն օր 2-3 ժամով): Հիմա գուցե կասեք, որ, եթե այսպես լինի, բոլորը մինչև 18-ը տարին լրանալը կլքեն երկիրը և 27-ից հետո կվերադառնան: Մենք դրա լուծումն էլ ունենք և առաջարկում ենք ձեզ: Մենք համոզված ենք, որ պատժելու փոխարեն մարդկանց պետք է խրախուսել, որպեսզի քաղաքացու մոտ հետաքրքրություն և ցանկություն առաջանա զինվորական ծառայություն անցնելու համար:

Ելնելով այս մոտեցումից՝ առաջարկում ենք. բանակում 2 տարի պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիներին տալ արտոնություններ՝ 1. անվճար ուսում իրենց նախընտրած մասնագիտությամբ, 2. անվճար բուժսպասարկում, 3. բնակարան ձեռք բերելու հիպոթեքային վարկ՝ զգալիորեն ցածր տոկոսադրույքով, 4. պետական համակարգում աշխատելիս՝ չծառայածներից տարբերակված ավելի բարձր աշխատավարձ: 5. թոշակի տարիքային շեմի իջեցում, կամ ավելի բարձր թոշակ:

Կան բազմաթիվ այլ տարբերակներ և առաջարկներ։ Մենք կարծում ենք, որ այսպիսի լուծումը երկարաժամկետ է, ապահովում է հայրենադարձություն, ընդունելի է բոլոր կողմերի համար, իսկ այսպիսի լուծման արդյունքում մեր պետությունը միայն օգուտ կունենա: Կարծում ենք, որ եկել է ժամանակը վերջապես հասկանալու, որ բանակում ծառայել/չծառայելը չպետք է ինքնանպատակ լինի: Պնդում ենք, որ չի կարելի մարդու կամքին հակառակ գնալ, դա բռնություն է անձի նկատմամբ: Եվ եկեք չմոռանանք, որ այս օրենքին, ցավոք, այլընտրանք էլ կա՝ չվերադառնալ ընդհանրապես Հայրենիք, այդպիսով՝ ո՛չ դատվել, ո՛չ ծառայել, ո՛չ էլ գումար վճարել: Փաստարկմամբ մի քանի պատճառներ նշեցինք, թե ինչու 27 տարեկանից հետո չծառայելը արդարացված է: Կարող ենք նշել մի քանի այլ պատճառներ ևս.

1. Ֆիզիոլոգիա: Հենց այնպես չէ, որ նախկինում շեմը սահմանվել է 27 տարեկան: Այսպիսի շեմ կա շատ երկրներում։ Չի կարելի 27 ու 18 տարեկանի ֆիզիկական կարողությունները դնել նույն հարթության վրա: Փորձեք 27 տարեկանում որևէ մարզաձևի գրանցվել, վստահ ենք՝ ձեզ չեն ընդունի, որովհետև այլևս ճկուն չեք:

2. Ընտանիք: Շատերն արդեն ընտանիք ունեն, երեխա: Եթե այդ տարիքում գնան բանակ, ո՞վ է նրանց ընտանիքները պահելու: Օրինակ, հիմա Հայաստանում իրականացվում են եռամսյա զորահավաքներ: Հայաստանցիներն ունեն աշխատանք, և երբ նրանք մասնակցում են այդ հավաքներին, իրենց աշխատատեղը և աշխատավարձը պահպանվում է: Իսկ արտերկրում ապրողները չունեն այդ հնարավորությունը:

3. Հաղորդակցում: Շատերը մանուկ հասակից են դուրս եկել Հայաստանից և հայերենին այլևս լավ չեն տիրապետում, արդյո՞ք թարգմանիչների օգնությամբ են ծառայելու:

4. Բանակային մշակույթ և կենցաղ: Հաշվի առնելով այս հանգամանքը և կենցաղավարության հայաստանյան բարքերը, ցավոք, 27 տարեկանը չի կարող ծառայել 18 տարեկանի կողքին: Առկա է կրթական, մշակութային և գաղափարական անջրպետ։ Առանձնացնելո՞ւ եք նրանց:

5. Պետական ծառայություններ։ Շատերը դուրս են եկել երկրից մանուկ հասակում և չեն օգտվել որևէ պետական ծառայությունից (մանկապարտեզ, դպրոց, բուժօգնություն), ուստի անընդունելի է նրանց հավասարեցնել այն քաղաքացիներին, ովքեր ապրել են Հայաստանում և օգտվել այդ ծառայություններից: Ինչպես նկատել կարելի է, կան բազում պատճառներ 27 տարեկանից հետո չծառայելու համար: Ըստ այս օրենքի՝ չդատապարտվելու կամ զինվորական ծառայության անցնելու այլընտրանքը 15 միլիոն դրամ վճարելն է: Հայաստանցիների մոտ, կարծում ենք, առկա է շատ թյուր կարծիք, որ Սփյուռքում ապրողները միլիոնատեր են: Դա միայն պատրանք է: Շատ շատերը հեռացել են Հայաստանից վաճառելով գրեթե ամեն ինչ, ապրում են վարձով օտար երկրում, աշխատում են առանց անգամ հանգստի, ապրում են միայն աշխատավարձով: Շատերի շրջանում կա մեծ ցանկություն վերադառնալու, բայց անգամ միջոցներ չունեն: Եվ այժմ եկեք պատկերացնեք, որ 27 տարեկանը մի կերպ կարողացել է հավաքել 15 միլիոն դրամ, գալիս է, վճարում է, իսկ հետո՞: Ոչ տուն ունի Հայաստանում, ոչ աշխատանք, ի՞նչ պիտի անի: Ստիպված պետք է վերադառնա նորից այնտեղ, որտեղից եկել է:

Այստեղից հարց. էլ գալիս է Հայրենիք, որ ի՞նչ անի… Սա է պատճառը, որ օրենք գրողները և մշակողները պետք է լավ մտածեն օրենքը գրելուց առաջ, առավել պատասխանատու լինեն՝ այն ընդունելուց առաջ: Օրենքը պետք է միմիայն բխի պետության շահերից, իսկ այս օրենքը ոչ միայն չի բխում պետության շահերից, այլև հակասում է մեր ազգային շահերին: Մենք հավատացած ենք, որ այս օրենքը սխալ է և շատ վտանգավոր: Ցավոք, դրսում թողնելով հայ երիտասարդներին՝ Դուք դրդում եք նրանց ընտանիք կազմել նաև այլ ազգերի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև նույն բախտին եք արժանացնում Հայաստանում ապրող աղջիկներին՝ գրկաբաց ընդունելով օտարազգերին: Սա ի՞նչ է, եթե ոչ ներքին ցեղասպանություն: Քիչ էր մեզ արտաքին ցեղասպանությունը, այժմ էլ ներսում ենք ցեղասպանվում։ Ինչպես նշեցինք, այսօրվա 27 տարեկանների գերակշիռ մասը դուրս է եկել երկրից ոչ բանակից խուսափելով, այլ կարիքից, սոցիալական դրությունից դրդված: Ուստի, չի կարելի նրանց դասալիքներ և հանցագործ համարել: Հայաստանի Հանրապետության այս օրհասական պահին, երբ Ադրբեջանը նորից զինվում է և ակտիվ պատրաստվում նոր հարձակման (վկայություններն այս մասին չափազանց շատ են՝ ներառյալ անդադար զինումը) այս անգամ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, անընդունելի ենք համարում արհեստական խոչընդոտներ ստեղծելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայրենիք վերադարձի համար: Մի՛ խրախուսեք ձեր հայրենակիցների՝ օտար ափերում դեգերումն այսօրինակ օրենսդրական նախաձեռնություններով։ Փոխարենը նախաձեռնողական եղեք քննարկումներ և համագործակցային կամուրջներ ստեղծելու, քանի որ ինչպես նշեցինք յուրաքանչյուր հայիս հայրենիքը մայր Հայաստանն է և բոլորս մեր ուժերի չափով պետք է փորձենք օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ՝ Անի ՎԱՀԱՆՅԱՆ

Փաստաբան՝ Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031