Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչ վերաբերում է ՀՀ իշխանության անդամների աղմուկ-աղաղակին, դա իրենց, գործը չէ իրենք ի՞նչ գործ ունեն Արցախի նախագահի հրամանագրերի հետ»․Ավետիք Չալաբյան

Դեկտեմբեր 25,2023 15:05

«Հայաքվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, որ իշխանությունը շրջանառության մեջ է դրել արտահերթ ընտրությունների թեզը, քաղաքական գործունեության ի՞նչ ծրագրեր ունի։
«Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ «Հայաքվեն» քաղաքացիական նախաձեռնություն է, եւ որպես այդպիսին այն ստեղծված չէ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Թե որտեղից է այդ արտահերթ ընտրությունների թեզը դրվել շրջանառության մեջ, դժվար է ասել, բայց միարժեք կարող եմ ասել, որ Հայաքվեն որպես այդպիսին ընտրություններին մասնակցելու որեւէ նպատակ չի հետապնդում։ Եթե այդպիսի ընտրություններ տեղի ունենան Հայաքվեին մասնակցի առանձին անձինք, որոնք ունեն քաղաքական հավակնություններ, կարող են այդ ընտրություններին տարբեր ձեւաչափերով մասնակցել, բայց դա ապագայի հարց է, երբ որոշակիություն կառաջանա այդ ընտրությունների հետ կապված։ Դա այս պահին սպեկուլյացիա է՝ կլինի, թե՞ չի լինի։ Եթե հստակություն լինի, «Հայաքվեի» առանձին վերցված մասնակցիներն իրենց դիրքորոշումը դրա հետ կապված արտահայտեն»,- ասաց նա։

Ավետիք Չալաբյանն անդրադարձավ նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրին՝ ասելով, որ Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել որեւէ առանձին պաշտոնյայի հրամանագրով։ «Արցախի Հանրապետությունն ստեղծված է համաժողովրդական հանրաքվեի հիման վրա։ Նույնիսկ Արցախի Ազգային ժողովը նման լիազորություններ չունի, միակ խելամիտ ձեւը նոր հանրաքվե անցկացնելն է եւ Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիների կարծիքը հարցնելն է, որն այս պայմաններում այդքան էլ իրատեսական չէ։ Ուստի, «Հայաքվեի» կարծիքով՝ Արցախի Հանրապետությունը շարունակում է իր գոյությունը, սակայն նրա տարածքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը միայն այն չափով է իրավաչափ, որքանով դա վերաբերում է իր ենթակայության տակ գործող կառույցներին։ Դա չի կարող վերաբերել հանրապետությանն ընդհանրապես»,- նշեց նա։ Ըստ Չալաբյանի՝ մյուս մարմինները, օրինակ, Արցախի Ազգային ժողովը, Գերագույն դատարանը շարունակում են իրենց գործունեությունը, նախագահը դրանք լուծարելու իրավասություն չունի։ «Բայց ես կարծում եմ, որ արդարացված կլիներ, որպեսզի այն հրամանագիրը, որը սեպտեմբերին ուժի պարտադրանքի տակ Արցախի նախագահն ստորագրել էր, դա հիմա առ ոչինչ ճանաչվի հենց նախագահի կողմից։ Դա ամենաարդարացված ու ամենակարճ ընթացակարգը կլիներ»,- ասաց նա։

«Ինչ վերաբերում է ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների աղմուկ-աղաղակին, ես կարծում եմ, որ սա իրենց խնդիրը չէ ընդհանրապես, իրենք ի՞նչ գործ ունեն Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերի հետ։ Եթե իրենք ասում են՝ Արցախի Հանրապետությունը պետք է ուղիղ բանակցի Ադրբեջանի հետ, ապա Արցախի Հանրապետության նախագահը պետք է իր՝ բանակցելու իրավազորությունը վերականգնի եւ շարունակի բանակցել։ Ես կարծում եմ, որ իրենց խուճապային տրամադրությունների պատճառը լրիվ ուրիշ տեղ պետք է փնտրել։ Եվ Արցախի Հանրապետության իշխանությունները բացարձակ իրավասու եւ իրավազոր են իրենց գործողություններն իրենց տրամաբանությամբ կառուցել»,- հավելեց Չալաբյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031