Փաստաբան Վարազդատ Հարությունյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ «Հայաքվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանի որոշմանը՝ նշելով, որ դատավճռի եզրափակիչ մասը տարընթերցումների տեղիք է տալիս։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Ավետիք Չալաբյանին մեղավոր էր ճանաչել եւ ազատությունը սահմանափակել է 2,5 տարի ժամկետով՝ պարտադրելով այդ ընթացքում ձեռնպահ մնալ հանրային հավաքների կազմակերպումից եւ մասնակցությունից։ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։
«Այս պահին դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, ըստ այդմ՝ որեւէ սահմանափակում չկա պարոն Չալաբյանի գործունեության մասով։ Բայց դատավճռի եզրափակիչ մասը, որը մենք ստացել ենք, հրապարակված մասը բավական վերացական է եւ ընդհանրական։ Ինչո՞ւ, որովհետեւ դատավճռի եզրափակից մասում ասվում է՝ «սահմանափակել ազատությունը, մասնավորապես, կազմակերպել կամ մասնակցել հավաքներին, ինչպես նաեւ հանրային միջոցառումներին»։ Հիմա մենք այդ մասով էլ հարցեր ունենք, որովհետեւ հանրային միջոցառումներ հասկացությունը բավական լայն է, եւ իր մեջ ենթադրում է բազմապիսի հավաքներ, նաեւ ոչ քաղաքական բնույթի»,- ասաց նա։
Փաստաբանը հավելեց․ «Մեզ համար անհասկանալի է, թե, օրինակ, որեւէ աշխատանքային հանդիպում, որը միտված է քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության աշխատանքները կազմակերպելուն, եւ դա տեղի է ունենում հանրության մի փոքր հատվածի հետ, արդյոք կարո՞ղ է իրավասու պետական մարմնի կողմից մեկնաբանվել որպես հանրային միջոցառումների մասնակցություն եւ դատավճռով սահմանված պահանջի խախտում։ Մենք նաեւ դա ենք քննարկման ու վիճարկման առարկա դարձնելու մեր վերաքննիչ բողոքում»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ