«Կարիք չկա ասելու, թե որքան աբսուրդային է իմ դեմ դատական գործը եւ հատկապես կայացված դատավճիռը։ Առաջին իսկ օրվանից այն եղել է զուտ քաղաքական, եւ այդ դատավճիռը նույնպես զուտ քաղաքական նպատակ ունի»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայաքվեի» համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով դատարանի՝ իր վերաբերյալ կայացրած որոշմանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Ավետիք Չալաբյանին մեղավոր էր ճանաչել եւ ազատությունը սահմանափակել է 2,5 տարի ժամկետով՝ պարտադրելով այդ ընթացքում ձեռնպահ մնալ հանրային հավաքների կազմակերպումից եւ մասնակցությունից։ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։
«Այս քրեական գործի նպատակն ի սկզբանե եղել է վարկաբեկել ինձ եւ սահմանափակել իմ ազատությունը։ Եվ օրենքն ու իրավունքը զոհաբերվել են այդ նպատակին։ Արդյունքում՝ մենք ստացել ենք այս տարօրինակ դատավճիռը»,- ասաց նա։ Չալաբյանը նշեց, որ այս քաղաքական գործը դարձել է բացարձակ ռեկորդակիր օրենքի եւ իրավունքի խախտումների տեսանկյունից։ «Այդ խախտումներից ամենակարեւորները ես կցանկանայի ընդգծել։ Նախ, այն հարուցվել է օրենքի բացահայտ խախտումով՝ փաստացի մեկ մերձիշխանական, կիսալեգալ կայքի միջոցով կազմակերպված մատնության միջոցով։ Եվ խախտվել են Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քրեական գործերի հարուցման բոլոր ընթացակարգերը։ Այդ հիմքով ընդհանրապես քրեական գործ չպետք է հարուցվեր։ Երկրորդ, այդ քրեական գործը հարուցվել է մեկ հոդվածով, որը պետք է վերացվեր 2022 թվականի հուլիսին ուժի մեջ մտած Քրեական նոր օրենսգրքով։ Եվ մենք ենթադրում էինք, որ վերացվել է, քրեական գործը կարճվել է։ Սակայն դրանից տառացիորեն մի քանի օր առաջ ՔՊ իշխող մեծամասնությունը Ազգային ժողովում ընդդիմության բացակայության պայմաններում արագացված ընթացակարգով եղած Քրեական օրենսգրքի 236 հոդվածին ապօրինի կարկատան է կատարել, մի նախադասություն է ավելացրել, որով այս այսպես կոչված արարքը նորից քրեականացվել է։ Ընդ որում, նախատեսվել է ավելի խիստ պատիժ։ Եթե նախկինում մինչեւ մեկ տարվա պատիժ էր նախատեսված, հիմա նախատեսվում է մինչեւ երեք տարվա պատիժ։ Հատուկ ուզում եմ նշել, որ զարգացած աշխարհի որեւէ երկրում այսպիսի արարքն ընդհանրապես քրեականացված չէ։ Իսկ Հայաստանի դեպքում էլ այս քրեականացումն առերեւույթ հակասում է թե ՀՀ Սահմանադրությանը, թե Հավաքների մասին ՀՀ օրենքին, որտեղ այդպիսի սահմանափակում ընդհանրապես դրված չէ։ Նյութապես շահագրգռելու մասին որեւէ սահմանափակում չկա օրենքով նախատեսված, եւ քանի որ մարդիկ կարկատան են արել, ուղղակի մոռացել են նաեւ Սահմանադրությունն ու Հավաքների ազատության մասին օրենքը փոխել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ըստ Չալաբյանի՝ դատավարությունն ընթացել է աղաղակող խախտումներով։ Նախ, դատարանը հրաժարվել է հարցաքննել գործով անցնող մի շարք վկաների, ընդ որում, նրանք եղել են մեղադրական կողմի վկաները, որոնք նախաքննության շրջանում կանչվել են հարցաքննության, չեն ներկայացել։ Մենք առաջարկել ենք նրանց դատակոչել, բայց դատարանը հրաժարվել է։ Ըստ Չալաբյանի՝ օրինական են ճանաչվել բացահայտ ապօրինի ճանապարհով ստացված ապացույցները։ Նաեւ առանցքային վկայի հետ հակընդդեմ հարցման իրավունքը չի ապահովվել։ Արդյունքում՝ այդ վկայի նախաքննական ցուցմունքն է օգտագործվել դատարանում՝ առանց հնարավորություն տալու այդ ցուցմունքը վիճարկելու։ «Դա դեռ բավական չէ, նախորդ տարի դատարանն ինձ լրիվ ապօրինի կալանքի դատապարտեց, որը 4 շաբաթ հետո Վերաքննիչ դատարանը բեկանեց՝ եւս մեկ անգամ ցույց տալով, որ դատարանի գործունեությունը միտումնավոր է, դրանում օրենքի բազմաթիվ խախտումներ կան։ Այսքանով հանդերձ դատական այս ամբողջ գործընթացը չկարողացավ կատարել իր առանցքային խնդիրը, այն, ինչն իրենց առջեւ դրել էին գործող իշխանությունները՝ ապացուցել իմ մեղքը։ Իմ մեղքը դատարանում ապացուցված չէ, եւ որեւէ ապացույց ներկայացված չէ, որ որեւէ առնչություն ունեմ որեւէ հանրահավաքի հետ։ Փոխարենը պետական մեղադրանքի կողմը տարբեր կեղծ ենթադրություններ է օգտագործում, նույնիսկ բացահայտ ստեր է օգտագործում։ Սակայն, քանի որ դատարանն ի սկզբանե քաղաքական պատվեր էր կատարում, մեղադրական դատավճիռը կարծում եմ՝ դեռեւս մեկ ու կես տարի առաջ էր կայացրել։ Եվ դատալսումներն այդ դատավճռի վրա որեւէ կերպ չէին ազդելու։ Սակայն փաստացի ազդեցին, որովհետեւ իրականացված եւ փայլուն պաշտպանությունը, եւ հանրային արձագանքը, եւ լրագրողների կողից այս գործի լուսաբանումն իրենց բերեց այն եզրակացության, որ ազատազրկման հետ կապված բացարձակ աբսուրդ վճիռ հասարակությունը չի ընդունի, որովհետեւ ոչ մի տրամաբանության մեջ այն չէր տեղավորվում։ Դրա համար տվել են այն դատավճիռը, որը տվել են, այսինքն՝ ոչ թե ազատազրկում, այլ ազատության սահմանափակում։ Սակայն դա էլ ապօրինի բնույթ ունի, դրա նպատակն ակնհայտորեն իմ հասարակական-քաղաքական գործունեությունը սահմանափակելն է։ Սակայն այս իշխանությունները չարաչար սխալվում են, եթե կարծում են, որ կարող են որեւէ դատավճռով սահմանափակել մարդու հիմնարար իրավունքը։ Իսկ քաղաքական ազատությունները մեր հիմնարար իրավունքներն են, որոնք եւ ես, եւ իմ գործընկերները շարունակելու ենք իրականացնել»,- հավելեց նա։
Ավետիք Չալաբյանն ասաց, որ իրենց պայքարը շարունակվելու է թե հանրային, թե իրավական հարթությունում։ Այս դատավճիռն առաջիկայում բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում։ Եթե արդարություն չգտնեն ՀՀ դատական ատյաններում, կդիմեն Սահմանադրական դատարան, նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Քաղաքական պայքարի տեսակետից այս դատավճիռը որեւէ կերպ որեւէ ձեւով չի կարող ազդել մեր վճռականության վրա, մենք այս իշխանությունների պարտվողական քաղաքականության դեմ ինչպես պայքարել ենք ամբողջ տարվա ընթացքում, այնպես էլ շարունակելու ենք պայքարել, նույնիսկ ավելի վճռական ենք լինելու։ Ուստի, նրանց ակնկալիքները, որ սրանով կարող են փորձել մեր ու մեր վճռականության վրա ազդել, սին են»,- ընդգծեց նա։
Չալաբյանն անդրադարձավ հարցին, թե այսպիսով այդ դատավճիռը կարո՞ղ է պարտադրել իրեն հանրային-քաղաքական գործունեություն չծավալել։ Նա նշեց, որ ազատության սահմանափակումը քաղաքական գործունեության վրա չէ, այլ հանրահավաքների կազմակերպման ու մասնակցության վրա է։ Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակելուց 1 ամիս հետո։ Եթե այն բողոքարկվում է վերադաս ատյանում, դրա կատարումն այդ բողոքարկման ընթացում կասեցվում է։ «Ուստի, մի սպասեք, որ այդ դատավճիռը միանգամից ուժի մեջ է մտնելու, իմ քաղաքական գործունեությունն էլ միանգամից սահմանափակվելու է։ Իրավական ընթացակարգերն առնվազն եւս մի քանի ամիս հնարավորություն են տալիս քաղաքական գործունեությամբ ազատ զբաղվել։ Այդ ընթացքում մենք փորձելու ենք հասնել նրան, որպեսզի այս դատավճիռը չեղարկվի։ Այս դատավճիռը Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունի, այսպիսի պատիժ դեռ ոչ ոքի նկատմամբ չի սահմանվել, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այսպիսի դատավճիռը երբեւիցե օրինական ուժի մեջ չմտնի»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ