Գույքագրման արդյունքում առկա է մոտ 3700 հասարակական ու այլ նպատակային նշանակության հողի վարձակալության պայմանագրեր , որոնցից 1300-ը հաշվարկվում է կադաստրային նոր արժեքով, 400-ի հետ կապված կան խնդիրներ, 160-ի հետ կադաստրային արժեքի փոփոխության դրույթ նախատեսված չէ, 553-ի հետ կապված վարձակալները ծանուցում չեն ստացել, 160-ի հետ կապված լրացուցիչ հարցում է ուղարկվել կադաստրի պետական կոմիտե, 1280 պայմանագրի հետ կապված ծանուցումն ընթացքի մեջ է: Այսօր այս մասին Երեւանի քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
«Բոլոր այն այգիներում, որտեղ մենք պայմանագրով 99 տարով 90-ականներին անհասկանալի տրամաբանությամբ տվել ենք ինչ-որ անձանց եւ վերանայման հնարավորություն նախատեսված չէ, իրավական լուծումներ պետք է գտնենք: Եթե օրինակ օրենքի փոփոխություն է նախատեսում կամ ինչ-որ մի կետով փոխհատուցում էլ տանք, ավելի լավ է փոխհատուցումն էլ տանք, բայց չթողնենք, որ այդ մարդիկ այդ այգիները փտացնեն:Երեւան քաղաքում նման շատ դեպքեր ունենք, հանրային այգիները պետք է վերադարձնել հանրությանը»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ ներկայացրեց ընթացիկ տարում պարտադիր կատարման աշխատանքների ծրագրի շրջանակում արված աշխատանքները: Ըստ նրա՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը 3 վարչական շրջաններում իրականացրել է 8,7 կմ ջրագծի վերակառուցում, կառուցում: Նրա խոսքով, աշխատանքներն ամբողջությամբ կատարված են, մնացել են տնային միացումները, որոնք կավարտվեն մինչեւ եկող տարվա մարտ ամիս: Պարոն Արեյանի խոսքով, վեց վարչական շրջաններում իրականացվել է 1,6 կմ նոր կոյուղագծերի կառուցում, վերակառուցում, աշխատանքները 100 տոկոսով ամբողջությամբ կատարվել են : Նա, ի թիվս պարտադիր կատարման այլ աշխատանքների, շեշտեց հատկապես Երեւան համայնքի բյուջեով 28 հասցեներում 12,6 կմ ծավալով կոյուղագծերի կառուցման ծրագիրը. «Սա աննախադեպ է իր ծավալով ու սոցիալական հասցեականությամբ: Եթե նախորդ 4 տարիներին ամբողջ քաղաքի տարածքում կառուցվել էր ընդամենը 10,5 կմ կոյուղագիծ, միայն 2023-ին համայնքի բյուջեի միջոցների հաշվին կառուցվել է 12,3 կմ կոյուղագիծ: Ընդհանուր առմամբ՝ «Վեոլիա ջուր»- Երեւանի քաղաքապետարան միասին մոտ 14 կմ ծավալի կոյուղագծերի աշխատանք է իրականացվել մայրաքաղաքում այս տարի»:
Քաղաքապետի խորհրդականը կատարված աշխատանքների արդյունքներից ներկայացրեց նաեւ գազատարների ու բազմաբնակարան շենքերի մալուխների նորոգման մասով ու թվարկեց նաեւ այդ աշխատանքների ընթացքում թույլ տված թերացումները. «Մեր գործունեության մեջ շարունակելու է հերթապահ մնալ ամենամտահոգիչ հարցը: Շինհրապարակների կահավորումը, խրամուղիների փորման ժամանակ հետիոտնի եւ երթեւեկի՝ անվտանգության կանոնների պահպանումը եւ քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված տեխնիկական նկարագրի պահանջների պահպանումը: Այս հարցում թերացել են բոլոր շինարարները՝ ե՛ւ «Վեոլիան», ե՛ւ «ՀԷՑ-ը», ե՛ւ «Գազպրոմը» եւ այլ կապալառու կազմակերպություններ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ