Դեկտեմբերի 15- 21-ը ընկած ժամանակահատվածում Երեւանում իրականացվել է 24 նմուշ խմելու ջրի լաբորատոր հետազոտություն, արդյունքում շեղումներ չեն արձանագրվել: Երեւանում տվյալ ժամանակահատվածում բնակչության շրջանում արձանագրվել է աղիքային վարակների 49, օդակաթիլային վարակի՝ 366, մանկական վնասվածքների՝ 110, մակաբուծային հիվանդությունների՝ 5, քիմիական թունավորումների 31 դեպք:
Այսօր այս մասին քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեց հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը:
Անցնող շաբաթվա ընթացքում արտառոց դեպքեր չեն գրանցվել սննդի անվտանգության ոլորտում: Այս մասին էլ քաղաքապետին զեկուցեց ՍԱՏՄ-ի ներկայացուցիչը:
2023 թվականի ընթացքում հասարակական կարգի պահպանության ծառայությունը իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Երեւանում քաղաքաշինության, առեւտրի ու ծառայությունների, ինչպես նաեւ կոմունալ տնտեսության ոլորտներում զանցանք թույլ տված անձանց նկատմամբ կազմել է ընդհանուր թվով 1006 արձանագրություն: Ծառայության ներկայացուցիչը հայտնեց նաեւ, որ 1006 արձանագրությունից առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ինքնակամ կառուցված շինությունների մասով կազմվել են 298 արձանագրություն, կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակները կազմակերպված չլինելու վերաբերյալ կազմվել են 405 արձանագրություն, ավարտած շինություններն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելու վերաբերյալ 24 արձանագրություն ու կոմունալ տնտեսության ոլորտում եւ աղբահանության նորմերը չպահպանելու համար կազմվել է 155 արձանագրություն, առեւտրի եւ ծառայությունների ոլորտում՝ 74 արձանագրություն:
Կարդացեք նաև
Ապամոնտաժվել են 200 ինքնակամ կառուցված շինություններ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ