Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սա ուղերձ է հանրությանը՝ ձեզ խելոք պահեք, թե չէ Մալյանի նման կբանտարկվեք». Նարեկ Մալյանի հարցազրույցը՝ կալանավայրից

Դեկտեմբեր 25,2023 10:47

– Պարոն Մալյան, Հայաստանը վարչապետի շուրթերով ժողովրդավարության բաստիոն է հայտարարվել, բայց անկախ Հայաստանի պատմության մեջ այսքան քաղբանտարկյալներ չեն եղել: Դուք Ձեզ զգո՞ւմ եք ժողովրդավարության բաստիոնի, ժողովրդավարության միջնաբերդի բնակիչ:

– Այն, ինչ ընդունված է անվանել ժողովրդավար, իրականում լիբերալ ֆաշիզմ է: Այդ առումով, այո, կարելի է փաստել, որ Հայաստանը լիբերալ ֆաշիզմի դրսևորումներով, այսինքն՝ այլակարծության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականությամբ աշխարհում առաջատարներից է: Բռնությամբ հանրությանը պարտադրվող իշխանական նարատիվները չեն հանդուրժում որեւէ քննադատություն, իսկ քննադատների նկատմամբ կիրառվում է ճնշումների ողջ ներկապնակը՝ «մատից ծծած»  քրգործերով բանտարկումներից մինչեւ ֆիզիկական ոչնչացում: Արմեն Գրիգորյանին սպանեցին հրապարակային՝ բոլորի աչքի առաջ: Այսպես կոչված ժողովրդավարության միջնաբերդերի գործառույթն այսօր իրականացնում են Երեւանի եւ Բաքվի բերդերը, ու նշված «բերդերի» բնակիչ-քաղբանտարկյալներն ամեն օր իրենց մաշկի վրա զգում են, թե ինչ է ժողովրդավարությունը Ալիև-Փաշինյան զույգի կատարմամբ:

Ի դեպ, լիբերալ ֆաշիզմի խնդիրը համաշխարհային է, և այսօր աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններ, պատերազմներ, ըստ էության, այդ դրսևորումների դեմ են: Լավ լուրն այն է, որ լիբերալ ֆաշիզմը, մեծ հաշվով, արդեն պարտված է, և մոտակա տարիներին աշխարհը վերջնականապես կթոթափի այդ կեղծավոր, արյունոտ, բռնությամբ զուգորդված ժամանակակից ստրկության լուծը:

Ըստ իս՝ մյուս կարեւոր դիտարկումն այն է, որ լայնածավալ եւ լկտի ռեպրեսիաներն աշխարհի ցանկացած իշխանության համար սեփական աթոռը պահելու ամենավերջին գործիքն են: Ռեպրեսիան անվերադարձ գործընթաց է: Իշխանությունը կարող է սկզբնական շրջանում խաղալ ժողովրդավարություն, ձևացնել, թե հարգում է իր երկրում բազմակարծությունը, բայց հերիք է ընդամենը մեկ անգամ դիմի ռեպրեսիաների, ու այլևս երբեք հետվերադարձ չի կարող լինել՝ թեկուզ ձևական ժողովրդավարական ռեժիմին: Քանի որ ռեպրեսիոն վիճակը, ինչպես արդեն նշեցի, բռնապետերի վերջին գործիքն է, դրան անխուսափելիորեն հաջորդում է իշխանության կորուստը: Այդպես եղել է և կլինի միշտ՝ առանց որևէ բացառության: Բացահայտված բռնապետերն իրենց իշխանությունը կարող են ժամանակավորապես երկարացնել նավթի պաշարների կամ միջուկային զենքի հաշվին, սակայն ոչ մեկը, ոչ մյուսը Հայաստանի Հանրապետությունը չունի: Հետևությունները թողնում եմ ընթերցողին:

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այդքան մարդկանց ձերբակալում, փակում կալանավայրերում, ո՞րն է պատճառը: Օրինակ, ի՞նչ վտանգ են զգացել իշխանությունները Ձեզ հետ կապված:

– Իշխանական բռնաճնշումները եղել են բոլոր ժամանակներում՝ սկսած իսպանական ինկվիզիցիայից մինչև լիբերալ ֆաշիզմ: Բոլոր ժամանակներում բռնաճնշումների նպատակը մեկն է եղել՝ իշխանության կողմից հռչակված միակ ճիշտ «կրոնը» բռնությամբ պարտադրել հպատակներին: Բռնաճնշումների կարճաժամկետ նպատակները երեքն են: Առաջին՝ լռեցնել այն մարդկանց, ովքեր խոսում են իշխանական միակ «ճշմարտության» դեմ կամ կասկածի տակ են առնում այդ միակ «կրոնի» ճշմարտացիությունը: Երկրորդ՝ պատժել այն մարդկանց, ովքեր իրենց գործողություններով կամ խոսքով համարձակվել են դեմ դուրս գալ իշխանական «ճշմարտությանը» և վնաս են հասցրել իշխանական քարոզչության պարտադրված գծին: Երրորդ՝ վախ տարածել հանրության մեջ՝ նպատակ ունենալով վախի միջոցով կանխելու այլակարծության օջախների առաջացումը և հպատակներին պահելու միակ «ճիշտ» քարոզչական գծի մեջ:

Կոնկրետ իմ օրինակում առկա են բոլոր երեք նպատակները: Ինձ պատժում են, քանի որ ահռելի վնաս եմ հասցրել ՀՀ-ում ադրբեջանաթուրքական հեղափոխության միջոցով իշխանությունը զավթած լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցին: Ինձ փորձում են լռեցնել՝ բանտարկելով, մեկուսացնելով հասարակությունից, արգելելով տեսակցություններս, հեռախոսազանգերս եւ ամեն տեսակի կապ արտաքին աշխարհի հետ: Եվ երրորդ՝ իմ օրինակով փորձում են վախ ներշնչել հանրության շրջանում: Չէ՞ որ բոլորը տեսնում են, որ իմ քրգործում չկա տուժող, չկա վկա, չկա հետևանք, չկա գեթ մեկ ապացույց, կա միայն մեկ բան՝ Մալյան Նարեկին բանտարկելու մեծ ցանկություն: Բռնապետերից մեկն ասում էր՝ կա մարդ, կգտնենք քրեական հոդվածը: Սա ուղերձ է հանրությանը՝ ձեզ խելոք պահեք, թե չէ Մալյանի նման կբանտարկվեք:

Դատարանում հայտարարեցիք՝  ինչ արել եմ` արել եմ լավ, քիչ ու էլի եմ անելու: Չե՞ք փոխել Ձեր կարծիքը:

– Ոչ միայն այս գործի շրջանակներում եմ այս հայտարարությունն արել: Ես դա ասել եմ միշտ՝ իմ դեմ հարուցված տասից ավել քրեական գործերով: Ես չեմ կարծում, որ երբեւէ ապօրինի բան եմ արել, հետևաբար, կաշկանդված չեմ արարքներս կրկնելուց: Այսօր իմ՝ կալանքի տակ լինելու միակ պաշտոնական հիմքն այդ հայտարարությունն է: Իշխանությունն ինձ բանտում է պահում այդ հիմքով՝ պատճառաբանելով, թե ազատության մեջ գտնվելով նոր «հանցանք» կկատարեմ: Կալանքիս որոշման մեջ այդ հայտարարությունն է գրված: Դեռ չապացուցած իմ հին «հանցանքը», խախտելով օրենքը և անմեղության կանխավարկածը՝ հայտարարում են հնարավոր նոր «հանցանքի» մասին: Ինձ ակնարկել են, որ եթե հրաժարվեմ այդ հայտարարությունից, ինձ կազատեն բանտից, ինչպես եղավ զոհվածի մայր Գայանե Հակոբյանի դեպքում: Բնականաբար, իմ դեպքում որևէ գործարք բացառվում է: Եթե իմ խոսքի գինն իմ ազատությունն է, ես պատրաստ եմ վճարել այդ գինը:

–  Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ այսքան հեշտ ընդունվեց Արցախի հանձնումը, հանրությունը «լռեց», հարմարվեց, ընդդիմությունը հիմնականում բավարարվեց հայտարարություններով:

– Արցախի հանձնման մեղավորությունը միանշանակ այս իշխանական խմբի վզին է. սա չի էլ քննարկվում: Կգա ժամանակ, և անհատապես կորոշվի այդ խմբի յուրաքանչյուր անդամի մեղքի բաժինը: Իսկ հանրության լռելու, ոչ բավարար կազմակերպվածության, անզորության զգացման համար մեղավորն ո՞վ է՝ իշխանությո՞ւնը: Չեմ կարծում: Իշխանությունը դավաճանեց, իսկ ո՞վ պետք է կազմակերպեր դավաճանության դեմ արդյունավետ պայքար, ո՞վ կամ ովքե՞ր մի քանի անգամ տապալեցին փողոցային պայքարը, եւ ամեն անգամ տապալման մեջ անամոթաբար մեղադրեցին ժողովրդին: Իսկ ամեն տապալումից հետո դավաճան իշխանությունն ավելի ամրացավ, լկտիացավ: Սրանք հարցեր են, որոնց անպայման հրապարակային անդրադարձ է լինելու:

Իմ մասնակցած վերջին հանրահավաքը, որից հետո մինչ օրս բանտում եմ, սեպտեմբերի 19-ին էր: Ովքե՞ր այդ օրը հավաքված մարդկանց արդար ցասումը, վճռականությունը հերթական անգամ վերածեցին անբովանդակ զավզակության: Ես բանտում իմացա, որ Արցախն ընկավ, որ Արցախը հանձնեցին թշնամուն: Լուրը լսելուց խցում լացում էի…

Նարեկ Մալյանի նորատիպ գրքի շապիկը

– Կալանավայրում գրելու, ինչ-որ բաներ վերանայելու հնարավորություն ունենո՞ւմ եք: Նարեկ Մալյան գրողը ստեղծագործական նորություններ ունի՞:

– Պատմվածքներ եմ գրում, որոնք առանձին ժողովածուով կհրապարակեմ: Մի պատմվածք դատավորիս մասին եմ գրել, դեռ չեմ որոշել՝ հրապարակե՞լ, թե՞ ոչ: Երևի դատավճռից հետո կհրապարակեմ: Նորությունն այն է, որ Newmag հրատարակչությունը ձեռք է բերել իմ «Զրոյական կետ» վեպի իրավունքները: Մոտ մեկ ամսից այն լույս կտեսնի: Բանտից կկազմակերպեմ շնորհանդես եւ կհրավիրեմ իմ սիրելի ընթերցողին: Փորձում եմ բանաստեղծություններ գրել: Էքսկլյուզիվ կարգով կհրապարակեմ դրանցից մեկը, որ «Խոստում» եմ վերնագրել.

Ես խոստանում եմ խավարը ցրել,

Կստացվի, թե ոչ՝ կիմանանք վերջում:

Ես խոստանում եմ չարքի դեմ կռվել,

Դժվար է հաղթել նրան իր որջում:

 

Ես խոստանում եմ դեւին սատկացնել,

Հազարներն արյուն են տվել այդ գործին:

Ես խոստանում եմ շղթան խորտակել,

Թող չխանգարեն վճռական փորձին:

 

Ծաղրում եմ տգետ դավաճաններին,

Ծիծաղում եմ դատարաններում:

Չեք կարող այլևս դուք ինձ բանտարկել,

Քանզի արդեն ապրում եմ բանտում:

– Կալանավայրից հետո շարունակելո՞ւ եք Ձեր ակտիվ հասարակական գործունեությունը:

– Շատ դժվար հարց է: Ցանկությունս չի պակասել եւ նույնիսկ ավելացել է, սակայն այս պահին լավ չեմ պատկերացնում՝ ինչ է նշանակում «կալանավայրից հետո»: Երբ ինձ բանտարկեցին, Արցախը հայկական էր, այժմ հայրենիքիս կեսը չկա: Ես ծանր ապրումներ եմ ունենում այդ մասին մտածելուց: Չգիտեմ՝ արդյո՞ք ինչ-որ մեկին այսքանից հետո պետք կլինի իմ կռիվը: Հնարավորիս անկեղծ եմ պատասխանում: Ես միշտ շարքում եմ, միշտ առաջնագծում: Սակայն բանտից դուրս եմ գալու այնպիսի իրականություն, որտեղ իմ հայրենիքի մի մասն այլևս չկա…

– Կա՞ մի բան, ինչի համար ափսոսում եք:

– Մեղավոր եմ զգում, երբ սկսում եմ մտածել, որ կարող էի ավելի շատ արդյունք տալ, սակայն չստացվեց: Ափսոսում եմ իմ կորցրած հայրենիքի համար, այն հայրենիքի, որի համար հազարավոր երեխաներ իրենց կյանքը չխնայեցին: Իսկ այսօր փորձ է արվում նրանց զոհաբերությունն առ ոչինչ հայտարարելով՝ պղծել այդ երեխաների հիշատակը:

– Ըստ Ձեզ՝ Հայաստանում մնացե՞լ են ազատ մտածող, կարծիքը բարձրաձայնող եւ սկզբունքներից չհրաժարվող մարդիկ:

– Վստահաբար այդպիսի հայեր կան, բոլոր թիմերում կան վճռական, սկզբունքային և անզիջում մարդիկ՝ վառ անհատներ, ինչպես նաեւ բոլոր թիմերում կան մորթապաշտ, օպորտունիստ, քաղաքական առևտրականներ: Վերջինները, ցավոք, օժտված են նաև բնատուր անպատկառությամբ: Դա է պատճառը, որ հանրությունն իրական պայքարի փոխարեն հինգ տարի է՝ ականատես է լինում հարթակում իրարից բարձրախոս խլելու եւ ապահով աթոռներ զավթելու գարշելի տեսարանին: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեկ օրակարգի շուրջ միավորվեն բոլոր թիմերի վառ անհատականությունները: Այդ ժամանակ կտեսնեք իրական պայքարն ու հաղթանակը ոնց է լինում:

– Այս փուլում ամենից շատ ինչի՞ կամ ո՞ւմ կարիքն ունի Հայաստանը:

– Հայաստանն, առաջին հերթին, կարիք ունի անհապաղ կանգնեցնելու ազատ անկում հիշեցնող այս գահավիժումը: Կանգնեցնելուց հետո հանրային համերաշխություն հաստատելու՝ դավաճանության բոլոր, նույնիսկ այս պահին չերևացող մասնակիցներին օրենքի ողջ խստությամբ պատժելու միջոցով: Հաջորդ քայլով Հայաստանը կարիք ունի գոնե մի փոքր միջազգային սուբյեկտայնության: Մենք կարծես ապակի լինենք՝ մեր միջով նայում են, բայց մեզ չեն տեսնում: Հայաստանը կարիք ունի դաշնակիցների: Նույնիսկ ահաբեկչական Ալ Քաիդան կամ ԻԳԻԼ-ը դաշնակից երկրներ ունեն, իսկ Հայաստանը որբի պես մնացել է մենակ: Հայաստանը կարիք ունի արդար, խիստ և ռացիոնալ կառավարիչների: Հայաստանը կարիք ունի ազատվելու իրեն գռփող, խոպանչու հոգեբանությամբ օտարներից: Հայաստանը կարիք ունի անհապաղ ազատվելու Ալիևի և Էրդողանի կողմից նշանակված իշխանությունից:

Զրույցը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031