Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ կայանատեղի ունենալու դեպքում մարդիկ ոչ թե ավտոտնակ կվարձակալեն, այլ՝ ապահով կայանատեղի

Դեկտեմբեր 25,2023 13:30

Երեւանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ Երեւանում ավտոկայանատեղիների դրույքաչափերը գոտիավորման սկզբունքով սահմանելու մասին աղմակահարույց նախագիծը։ Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է Երեւան քաղաքում սահմանել Ա եւ Բ գոտիներ, Ա գոտիի դեպքում տարեկան գումարը կկազմի 160 հազար դրամ, Բ գոտիի դեպքում՝ 24 հազար դրամ։

Նախագծի հեղինակները պնդում են, որ այս նախաձեռնության հիմքում առաջնահերթ՝ մայրաքաղաքի փոքր կենտրոնն էականորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը:

Ներկայացված նախագծի հետապնդած նպատակների, ռիսկերի եւ խնդիրների մասին զրուցել ենք «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության ավագ իրավաբան Արմեն Հարությունյանի հետ։

– Պարոն Հարությունյան, արդյո՞ք այս փոփոխությունը կնպաստի Երեւանի կենտրոնի բեռնաթափմանը։

– Նախեւառաջ իրավական ակտի նախագծին գնահատական տալու համար պետք է հստակ ուրվագծել դրանով կարգավորվող հարաբերությունների շրջանակը, ինչպես նաեւ այն իրավաչափ նպատակը, որին հասնելու համար ընդունվում է տվյալ իրավական ակտը։

Երեւանի ավագանու 25.12.2012թ. 557-Ն որոշմամբ ավագանին սահմանել է կայանելու համար տուրքի համապատասխան դրույքաչափերը, դրանով իսկ խաթարելով պետական տուրքի գծով պետության կողմից մինչ օրս վարվող չափավոր քաղաքականությունը։ Նախ ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տուրքերի վերաբերյալ կարգավորումներին, որոնք հիմնականում սահմանված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով։ Նշված օրենքի ուսումնասիրությունից կարելի է փաստել, որ դրանք բավականին չափավոր ֆինանսական բեռ են ենթադրում՝ տարբեր պետական մարմինների կողմից այս կամ այն գործընթացն իրականացնելու նպատակով համապատասխան գումարները գանձելու համար։ Որպես ելակետային կետ ընդունվում է 1000 դրամը։ Այսինքն, ստեղծվում է մի իրավիճակ, երբ համապետական մակարդակով պետական տուրքի վերաբերյալ չափավոր քաղաքականությունը նախագծի ընդունմամբ, հակադրության մեջ է հայտնվում Հանրապետության մայրաքաղաքում վարվող պետական տուրքի քաղաքականության հետ, ինչը խնդրահարույց է եւ կարող է վատ նախադեպ եւ վատ իմաստով խթան հանդիսանալ ՀՀ այլ քաղաքներում ավագանիների կողմից նմանատիպ մոտեցումներ կիրառելու իմաստով։

Նախագծի հեղինակների կողմից որպես իրավաչափ նպատակ նշվել է Երեւանի կենտրոնի բեռնաթափումը, միաժամանակ նախագծի հեղինակները որեւէ կերպ չեն անդրադարձել այն հարցին, թե միեւնույն որակի կամ միգուցե ավելի ցածր որակով ծառայությունների մատուցման դիմաց ո՞ր իրադարձության ուժով պետք է 13,3 անգամ բարձրանա գործող դրույքաչափը։ Միաժամանակ, նախագծում առկա չէ ենթադրյալ բեռնաթափման վերաբերյալ որեւէ կառուցակարգ, որը թույլ կտա ենթադրելու, որ իրոք դրույքաչափի կտրուկ բարձրացումը կհանգեցնի կենտրոնի բեռնաթափմանը։ Որպես բեռնաթափման հնարավոր գործիքներ, իմ կարծիքով, կարող են հանդիսանալ որոշակի տեսակի ավտոմեքենաների մուտքի արգելումը, նոր կայանատեղիների կառուցումը, գործող կայանատեղիների թվի այլ եղանակներով ընդլայնումը։ Հետեւաբար, պետք է փաստել, որ ապրանքի/ծառայության գնի (տուրքի) ավելացումը ինքնըստինքյան չի կարող հանգեցնել դրանից օգտվողների թվի նվազեցման։ Օրինակ՝ որքան էլ թանկանա ծխախոտը, միեւնույն է, ծխողների թիվը դրանից կտրուկ չի կարող նվազել։

– Պարոն Հարությունյան, այս փոփոխության ջատագովները սովորաբար օտարերկրյա պետությունների հետ են համեմատություններ անում, որքանո՞վ է դա տեղին, երբ ասում են՝ արտերկրում քաղաքացին չի կարող իր մեքենայով կենտրոն գնալ, կամ կայանումը այնտեղ էլ է թանկ։

– Արտասահմանում այդ սահմանափակումը գործում է բնապահպանական եւ բնակչության առողջության պահպանման նպատակներով, այս առումով մենք դեռ բազում անելիքներ ունենք։ Իսկ զուտ տրանսպորտի մասով բնապահպանական ռիսկերը նվազեցնելու համար կարող է քննարկման առարկա դառնալ նաեւ կենտրոնում միայն էլեկտրամոբիլների եւ փոքր շարժիչով մեքենաների երթեւեկման թույլատրման հնարավորությունը։ Առհասարակ, հասկանալի է նաեւ ամբողջ աշխարհում վճարովի կայանատեղիների եւ վճարովի ճանապարհների ընդլայնման միտումները, որոնք սակայն, իմ համոզմամբ, ներդրվում են աստիճանաբար եւ նախապայման են հանդիսանում որակյալ ծառայությունների դիմաց ավելի գումարներ ստանալու օրինական ակնկալիքի համար։ Այդ իմաստով պետք է նշել, որ կայանատեղիների ծառայությունների որակի եւ անվտանգության բարձրացումը կարող է լուրջ խթան հանդիսանալ եւ հանգեցնել ներկայումս ավտոտնակներ վարձակալած սեփականատերերի կողմից իրենց ավտոմեքենաները համայնքի վարձակալությանը հանձնելու գործընթացին, սակայն ավտոկայանատեղիների անվտանգային եւ կահավորման գործող անմխիթար պայմաններում շատ վաղ է խոսել այդ մասին։ Լավ կայանատեղի ունենալու դեպքում մարդիկ ոչ թե ավտոտնակ կվարձակալեն, այլ՝ ապահով կայանատեղի։

Հաշվի առնելով Երեւան քաղաքի ոչ համաչափ ռելիեֆը, տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորումը պիտք է ստանա համալիր եւ համապարփակ լուծում, եւ չի կարող մեկ ուղղությամբ, օրինակ՝ մետրոյի լրացուցիչ կայանի կառուցման, կամ կայանատեղիների գործող չափերի ընդլայնման միջոցով Երեւանի կենտրոնի ծանրաբեռնվածությունը թուլացնել։

Եվ եթե մենք խոսում ենք քաղաքը բեռնաթափելու մասին, նախեւառաջ պետք է հասկանանք, թե ինչն է եղել ստեղծված իրավիճակի պատճառը։ Իմ համոզմամբ՝ այս իրավիճակը ստեղծվել է երկար տարիներ ձգվող քաղաքաշինական նորմերի կոպիտ ոտնահարման եւ անտեսման արդյունքում, մայթերի զավթման, ինքնակամ շինությունների կառուցման, դրանք հետագայում օրինականացման, առանց պատշաճ հսկողության հսկայածավալ շինարարության իրականացման արդյունքում։ Եվ այսօր պատճառները վերացնելու կամ զսպելու փոխարեն, հետեւանքներն են փորձում վերացվել անհամաչափ միջամտող միջոցների կիրառմամբ, քաղաքացու հաշվին, որը, մեղմ ասած, լեգիտիմ չէ։

– Պարոն Հարությունյան, զուտ իրավական առումով այս նախագիծը սահմանադրականության խնդիր չունի՞, որքանո՞վ է այն համաչափ իրեն սոցիալական պետություն հռչակած Հայաստանում առկա սպառողական զամբյուղին, միջին աշխատավարձի համեմատությամբ։

– Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են։ Սահմանադրության 60 հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը սահմանում են, որ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով, ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

Սահմանադրական վերոգրյալ կարգավորումների լույսի ներքո դիտարկելով նախագիծը՝ հանգում ենք այն եզրահանգման, որ Երեւանի ավագանին Կենտրոնի ավտոմեքենա ունեցող բնակիչների մասով, ամենօրյա սպառման առարկա հանդիսացող ծառայությունների գնի կտրուկ բարձրացմամբ առնվազն միջամտում է վերջիններիս սեփականության իրավունքին։ Այստեղ կարելի է խոսել նաեւ խտրական կարգավորման մասին, որը դրսեւորվում է մեկ քաղաքում ապրող բնակիչների համար առանձին գոտիների սահմանմամբ եւ այդ գոտիներում իրարից էականորեն տարբերվող գումարների գանձնման կառուցակարգի ներդրմանը։ Հարկ է նշել, որ նախագիծը խնդրահարույց է նաեւ Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված՝ համաչափության սկզբունքի պահպանման իմաստով, որի համաձայն՝ հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը: Կարծում եմ՝ ավտոկայանատեղիի դիմաց վարձավճարների բարձրացումը կամ վերանայումը կարող է իրականացվել այն տրամաբանությամբ եւ այն դեպքերում, երբ արձանագրվի տվյալ տարածքի եւ ողջ բնակչության եկամուտների կտրուկ աճ, կայանատեղիների որակի էական բարելավում, այդ թվում՝ այնտեղ կայանող մեքենաների անվտանգությունն ապահովելու իմաստով։ Քաղաքային իշխանությունը կարող է ձեռնամուխ լինել կայանատեղիների վարձավճարի բարձրացմանը, եթե դրա դիմաց եւ դրանից առաջ ձեռնամուխ լինի քաղաքում համապատասխան քաղաքաշինական լուծումների միջոցով նոր որակի ճանապարհների, այդ թվում՝ 2 եւ ավելի հարկ ունեցող նոր սերնդի կայանատեղիների կառուցման գործընթացին, այլապես գործող կարգավորումները եւ վարձավճարները դեռեւս չափազանցված են այն ծառայության դիմաց, որը ստանում ենք։ Փաստացի, այսօր մենք վճարում ենք 12 հազար դրամ ընդամենը «կարմիր գծում» կանգնելու համար, որեւէ կահավորանքի, անվտանգության մասին խոսք չկա, պատահական վնասվելու ռիսկերը բարձր են, իսկ փաստերը՝ բազմաթիվ։ Իմ համոզմամբ, ներկայացված նախագծով նորից ստանալու ենք նույն ծառայությունը, բայց վճարելու ենք անհամեմատ ավելի թանկ՝ 160 հազար դրամ։

Սահմանադրականության խնդիր, միանշանակ՝ կա, ուստի որոշման ընդունելու դեպքում մեր թիմը պատրաստվում է նաեւ տվյալ իրավական ակտը վիճարկել թե վարչական եւ թե սահմանադրական արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով։

Հարցազրույցը՝

Նարինե ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031