«Առավոտի» զրուցակիցն է «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։
– Տիկին Քարամյան, Արցախից բռնի տեղահանված անձինք մի շարք լուրջ խնդիրների են բախվում, թոշակներն ու նպաստները ստանալու համար մարդիկ պետք է անպայման ժամանակավոր հաշվառվեն, իսկ հաշվառման համար օրերով հերթեր են կանգնում։ Այսինքն՝ այս տեմպերով աշխատանքի դեպքում հնարավոր է մարդիկ ամիսներ շարունակ թոշակ ու նպաստ չստանան։ Նաեւ ահազանգեր կան, որ որպես փախստական՝ արցախցիները չեն կարող Հայաստանում որեւէ գործարք իրականացնել, դարձյալ ժամանակավոր հաշվառում են պահանջում։ Տպավորություն է, որ իշխանություններն արցախցիների համար դիտավորյալ խնդիրնե՞ր են ստեղծում, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն ու այս խառնաշփոթը։
– Գրեթե նման վերաբերմունք էին ցույց տալիս 2020 թվականին տեղահանվածների հանդեպ: Ճիշտ է, մեր դեպքում թոշակները եւ նպաստները մարդիկ ստացան ժամանակին: Սկզբնական շրջանում նույնիսկ տեղահանվածների համար նախատեսված նպաստներ ու բնակվարձի փոխհատուցում էին ստանում, բայց դա տեւեց ընդամենը 6 ամիս, հետո սկսվեցին խնդիրներ: Այս անգամ, 2023 թվականի սեպտեմբերի վերջին տեղահանված անձինք միանգամից կանգնեցին ֆինանսական դժվարությունների առջեւ, չհաշված՝ չհիմնավորված իրավական խնդիրները: Անհասկանալի խոչընդոտները՝ կապված քաղաքացիության, հաշվառման հետ, ավելի ու ավելի են նմանվում ծաղրանքի: Այսինքն՝ եթե այն թեզը, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից, մի երկու տարի առաջ ընդամենը ընկալվում էր կենցաղային մակարդակով, հիմա արդեն դա պարզ երեւում է պետական մակարդակով: Այն ջրբաժանի քարոզը, որը տարվում է կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների շուրթերով, արցախցիների մոտ միայն հուսահատություն ու երկրից հնարավորինս արագ հեռանալու ցանկություն է առաջացնում:
Բնակարանային, կացարանի խնդրի վերաբերյալ ընդհանրապես անիմաստ է խոսել: 2020-2021 թթ. Արցախի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ արցախցիների համար ոչ մի բնակարանաշինություն չի իրականացվելու Հայաստանի տարածքում, ու բոլոր տեղահանվածները, որոնք ուզում են բնակարան ունենալ, պետք է վերադառնան Արցախ: Հիմա, երբ Արցախը հանձնված է Ադրբեջանին, անհասկանալի է, թե ինչպես են լուծվելու բնակարանային խնդիրները: Դեռ 2021 թվականից պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ մենք բարձրացնում էինք բիզնես ծրագրերի, գյուղատնտեսական տարբեր ծրագրերի անհրաժեշտության մասին: Սակայն, այդպես էլ հնարավոր չէր հասնել ոչ մի գործունեության, գործարքի ծավալման հնարավորության։ Եթե 2020 թվականի տեղահանվածների պահով դեռ հույս կար, որ մարդիկ կարող են վերադառնալ Արցախ, այնտեղ գործունեություն ծավալել, հիմա գրեթե այդ հնարավորությունը հավասար է զրոյի: Վարչապետի վերջին հարցազրույցը դրեց վերջակետը. Հայաստանի կառավարության ղեկավարը վերջնականապես հասկացրեց, որ Արցախը Հայաստանի համար մշտական բեռ էր, եւ այսուհետ էլ կլինի այդպիսին, այդ իսկ պատճառով արցախցիները կամ պետք է վերադառնան որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կամ մնան որպես Հայաստանի քաղաքացիներ:
Կարդացեք նաև
– Մարդիկ նաեւ իրենց իրավունքների ու քաղաքական հարցերն են բարձրացնում, օրինակ, տեղեկացված չեն՝ եթե հրաժարվեն «070» կոդով անձնագրերից, հետագայում Արցախ վերադառնալու հնարավորություն կունենա՞ն, գույքային հատուցման հնարավորություն կլինի՞։ Ի՞նչ միտում եք տեսնում այս գործընթացում ընդհանրապես, ինչո՞ւ են ստիպում ՀՀ անձնագրեր ունեցող արցախցիներին հրաժարվել այդ անձնագրերից ու, ըստ կառավարության ձեւակերպման, ՀՀ քաղաքացիություն ստանան։
– Արցախցիների անձնագրերի հարցը նույնպես բարձրաձայնվում էր 2020 թվականից: Այն ժամանակ մեզ ասում էին, որ մենք չենք կարող փախստական համարվել, քանի որ ունենք Հայաստանի Հանրապետության անձնագրեր: Հիմա էլ պնդում են, որ մենք կամ ՀՀ քաղաքացիություն պետք է ստանանք, կամ փախստականի կարգավիճակ, բայց անպայման նշենք հատուկ ձեւաթղթում, որ չունենք ոչ մի երկրի քաղաքացիություն: Այսինքն՝ երկու դեպքում էլ մենք պետք է հրաժարվենք մեր Արցախում ապրած տարիներից: Մյուս կողմից, Արցախի հաշվառում ունեցող բոլոր 150 000 ավելի քաղաքացիներ ներառված են Հայաստանի Պետական ռեգիստրում, իսկ ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում, ըստ Միգրացիայի ծառայության պետ Արմեն Ղազարյանի, նրանց հաշվառման դիմաց կդրվի հատուկ նշան, որը ցույց կտա, որ նշված անձինք տեղահանվել են Արցախից:
Ամեն դեպքում, Հայաստանի ներկայիս իշխանությունները, կատարելով ռուս-ադրբեջանա-թուրքական ծրագրի դրույթները, ուզում են վերջնականորեն փակեն Արցախի խնդիրը, ինչպես ասում են՝ դե յուրե: Բայց դա այս իշխանությունների, Պուտինի, Ալիեւի եւ Էրդողանի ժամանակներում: Մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի փոփոխվող աշխարհը 5 կամ 10 տարի հետո: Դրա համար չպետք է հրաժարվենք Արցախի հանդեպ մեր իրավունքներից, ինչն էլ անում են Արցախի հասարակության ներկայացուցիչների մի մասը:
– Մոտենում է հունվարի 1-ը, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախը լուծարելու հրամանագիրը չեղարկելու մասին տարբեր տեղեկություններ կան։ Կան հայտարարություններ, որ այդ հրամանագիրը հենց Սամվել Շահրամանյանն ինքն է չեղարկելու։ Դուք ի՞նչ տեղեկություն ունեք, եւ ի՞նչ պետք է անել։
– Մեզնից ոչ ոք չի տեսել, անձամբ չի ընթերցել Շահրամանյանի հրամանագիրը: Ադրբեջանական տիրությում իրենց վերլուծաբանները խոսում են այն մասին, որ Շահրամանյանը՝ «ընտրվելուց» հետո պարբերաբար այցելում էր Շուշի, քննարկումներ իրականացնում ադրբեջանական կողմի հետ: Ըստ այդ վերլուծաբանների՝ պայմանավորվածություն կար, որ Շահրամանյանն ինքն է կազմակերպելու տեղահանությունը: Սակայն ինչ-ինչ պատճառներով ադրբեջանցիները դիմեցին նոր ագրեսիայի, ինչից հետո ժողովուրդը մնաց անտեր-անտիրական, ու մի քանի օր հետո, երբ բացվեց ճանապարհը, իրենք լքեցին Արցախը:
Ինչ վերաբերում է կչեղարկի Շահրամանյանն իր իսկ հրամանագիրը, թե ոչ, դժվար է ասել: Այդ 22 պատգամավորների նախագահը, ինչպես նրանց անվանում են արցախցիները, հրաժարվում է հանդիպել Արցախի հասարակության ներկայացուցիչների հետ: Նրա հանդիպումները ԱԺ պատգամավորների, կուսակցությունների ղեկավարների հետ անցնում են փակ դռների հետեւում: Այսինքն, այն բոլոր ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք մեկընդմեջ լսվում են, սպառիչ պատասխան չեն տալիս, թե ինչով են զբաղված Արցախի իշխանությունները զանգվածային տեղահանությունից հետո: Այնպես որ, դժվար է ասել,՝ գիտակցո՞ւմ է Շահրամանյանը իր գործունեության վտանգավորությունը, թե՞ ոչ: Կան լուրեր, որ Շահրամանյանը մինչ այժմ կապ ունի Ադրբեջանի ԱԱԾ հետ, մյուս ինֆորմացիայի համաձայն, նրա հետ կապի են դուրս գալիս Արցախի նախկին նախագահները, որոնք գտնվում են Բաքվի բանտում: Լրատվական վակուումը, որը տիրում է թե Հայաստանի, թե Արցախի շուրջ, հնարավորություն չի տալիս որեւէ եզրակացություն անել իշխանավորների գործունեությունից:
Փոխարենը, շատ ակտիվ գործում են Արցախի հասարակության ներկայացուցիչները: Ինչպես գիտեք, 200 ավելի ստորագրություններով հայտարարություն է հրապարակվել, որում ՀԿ-ներ, քաղաքապետներ, գյուղապետներ դիմել են միջազգային հանրությանը՝ պահանջելով ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ ներկայացրել այն պայմանները, որոնց պարագայում կվերադառնան իրենց Հայրենիք։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.12.2023