Ամանորից առաջ մի շարք լրատվամիջոցներ ՊՆ նախաձեռնությամբ եղան հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանի զորամասերից մեկում եւ մարտական դիրքերում՝ ազատ շփվելու զինծառայողների հետ, ծանոթանալու ծառայության պայմաններին, զինվորների նիստ ու կացին, բանակի մարտական ոգուն։
Այն հենակետում, որտեղ եղավ Aravot.am-ը, մարտական հերթապահություն իրականացնում են պայմանագրայինները, որոնք մոտակա գյուղերի բնակիչներ են։ Ըստ էության տղաները նախ եւ առաջ պաշտպանում են իրենց տունը, գյուղերը, մայրաքաղաքը եւ երկիրը։ Նրանք քաջածանոթ են տեղանքին, գիտեն թշնամուն, նրա հոգեբանությունը։ Ամանորը դիմավորելու են դիրքերում։ Դա նրանց համար արդեն սովորական բան է։ Դեկտեմբերի 31-ի գիշերը կանցկացնեն խրամատում, որպեսզի թիկունքում խաղաղ նոր տարի գա։ Ու մտովի կշնորհավորեն իրենց ընտանիքի անդամներին։
Դիրքի ավագ, սերժանտ Մելքումյանը վստահ տեսք ունի, բայց միշտ զգոն է, ամբողջ ուշադրությունը թշնամու կողմը, նույնը՝ նաեւ ծառայակիցները։ «Այս պահին հարաբերական անդորր է, հակառակորդի կողմից շարժ չի նկատվել, հրադադարի խախտումներ չեն արձանագրվել»,- զեկուցում է նա վերադասին։
Կարդացեք նաև
Զինծառայողները մարտական դիրքերում էլ աշխատում են ժամանակն արդյունավետ տնօրինել․ բարձրացնում են ֆիզիկական պատրաստվածությունը, ինչի համար ստեղծել են սպորտի անկյուն, ինչպես նաեւ տեսական գիտելիքներն են զարգացնում՝ պատրաստվելով ատեստավորման քննություններին, ինչը ավելի մարտունակ բանակի մեկ մասնիկը դառնալու հնարավորություն է եւ իրենց ընտանիքի սոցիալական պայմանները բարելավելու միջոց։
Հրաժեշտի պահին դիրքապահները որպես ամանորյա մաղթանք, խնդրեցին փոխանցել հետեւյալը․ «Թող գալիք տարին բոլորիս արժանապատիվ խաղաղ վիճակ բերի։ Եվ այն, ինչ եղել է 2020-2023 թվականներն, թող էլ երբեք չկրկնվի ու բոլորիս ընտանիքներում թող տիրի սերն ու համերաշխությունը»։
Նույնպես պայմանագրային, մայոր Հրաչյա Պ․-ն հպարտությամբ է խոսում հրետանավորի իր մասնագիտության մասին։ «Հրետանավորի գործն ընտրել եմ, որովհետեւ հրետանին իսկապես մեծ ուժ է ու մարտի դաշտում հենց հրետանին է շատ խնդիրներ լուծում։ Իզուր չէ, որ հրետանին կոչում են պատերազմի աստված։
Ամեն օր պետք է հարստացնել գիտելիքները։ Ատեստավորումը մեր համար հերթական քննություն է՝ տարեվերջյան կամ կիսամյակային։ Պետք է միշտ պատրաստված լինենք, որպեսզի ապահովենք եւ բարձրացնենք մեր բանակի մարտունակությունը»,- ասում է մայորը եւ վստահեցնում, որ հայ զինվորը հոգեբանական առումով ամուր է։
Ամփոփելով շրջայցը՝ զորամասի հրամանատարը լրագրողներին ասաց․ «Դուք այցելեցիք դիրքեր, տեսաք կահավորվածությունը, ինժեներական աշխատանքները, ինչպես նաեւ անձնակազմի կեցության ու անվտանգայի պայմանները։ Իսկ վերջում նաեւ հետեւեցիք զորամասում իրականացվող վարժանքներին։ Հատկապես կարեւորում եմ, որ կառուցվել է թիկունքի նոր մասնաշենքը եւ ընթացքի մեջ է զորամասի մարզադահլիճի շինարարությունը»։
Խոսելով զինծառայողների ատեստավորման մասին՝ գնդապետն ասաց․ «Շատ լավ ծրագիր է, որը բարձրացնում է մարտունակությունը եւ անձնակազմի կենցաղային պայմանները։ Ցանկություն հայտնողները բավականին շատ են։ Պայմանագրային զինծառայողների մեծ հոսք կա։ Ես ինքս անունս լրացրել եմ եւ նույնպես պատրաստվում եմ ատեստավորվել»։
Հարցին, որ հատկապես վերջին երեք տարիներին բոլորին հետաքրքրում է բանակում տիրող հոգեբանական վիճակը՝ նորակոչիկից մինչեւ ամենաբարձր սպայական կազմ, ի՞նչ կասի դրա, ինչպես նաեւ սահմաններում խաղաղության մասին, զորամասի հրամանատարը պատասխանեց․ «Խաղաղությունը բոլորիս առաջնային նպատակն է։ Բարոյահոգեբանական վիճակը բարձր է եւ պատերազմից հետո ավելի է բարձրացել, որովհետեւ գիտակցությունը ծառայության նկատմամբ ավելի իմաստավորվել է։ Եթե համազգեստը կրում է ցանկացած զինվոր, սպա, նրա առաջադրանքը արժանապատիվ խաղաղությանը միտված խնդիրը կատարելն է։ Իսկ թե պատերազմը զինվորականի համար ավարտված է, թե դեռ շարունակվում է, պատասխանը մեկն է․ զինվորականը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմին»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ