Հատված Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզից
«Մեր ամեն օրվա մտածումը պիտի դառնա մեր ՏԱՆ վերականգնումը։
Ինչքան էլ որ կենցաղը մեզ ստիպի մանր, փոքր բաների մասին մտածելու, մեր բնական պայմաններն ապահովելու, այդուհանդերձ, չի կարող մասնավոր կերպով ինչ-որ բան բարելավված լինել, եթե ընդհանուրը ավերակված է, դա անհնար է։
Օրինակը առաքյալը տալիս է․ չի՛ կարող ձեռքը ուրախանալ, եթե ոտքը և ամբողջ մարմինը կրակի մեջ է կամ ցավում է։
Եվ հետևաբար, մեր բոլոր մտածումների առանցքը ամեն գործի մեջ պետք է լինի մեր ընդհանրական պատվի, ուրախության, կյանքի և դրանով նվաճված հաղթանակների և խաղաղության վերականգնումը։
Անխաղաղ մարդն ամեն ինչ հոշոտող գազանի է նման։ Բայց ներսում հաղթանակած խաղաղություն ունեցող մարդն արարող և բարիք ստեղծող է։
Եվ ամեն օր՝ մեր քնելիս, թե արթնանալիս, ճանապարհ գնալիս, թե այլ գործերով զբաղվելիս, մեր մտածումն անընդհատ պիտի լինի ՎՐԵԺԻ զգացումը՝ մեր տունը վերականգնելու ձգտումով»։
Պարբերաբար կարդալով կամ լսելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի մտքերը և պատգամները, իմ մոտ կարծիք է ձևավորվում, որ մեր կրոնական առաջնորդներն ավելի նվիրյալ են մեր ժողովրդին և հայրենիքին, քան մեր քաղաքական և հասարակական գործիչները: Նմանատիպ տպավորություն եմ ստանում նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դիրքորոշումները կարդալիս և լսելիս:
Անկեղծ ասած, մեր ժողովուրդն ավելի հեշտությամբ հավատում է պոպուլիստական և էմոցիոնալ մտքեր արտահայտող ոչ իրատես ու շաղակրատ մարդկանց, քան՝ խելացի, հավասարակշռված ու հայրենասեր անհատներին: Հաշվի առնելով, որ ներկա պահին մեր քաղաքական դաշտը ամլացած է, իսկ մեր ընդդիմադիրները ուղտի ականջում երկարատև քնած են, ես լուրջ այլընտրանք եմ համարում, որ մեր խելացի, կրթված և հայրենասեր հոգևորականները ազգի համար այս փոթորկաշատ ժամանակաշրջանում իրենց վրա վերցնեն պատասխանատվություն և առաջնորդեն հուսահատված ժողովրդի պայքարը հանուն Հայրենյաց: Միգուցե այսօրվա իրավիճակի համար էլ համահունչ է Պարույր Սևակի այն հուսադրող միտքը.
Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար…