Aravot.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 21-ին քաղաքացի Դիանա Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն՝ հայտնելով, որ փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է Քննչական կոմիտեի կողմից փոխանցված տեսահոլովակը, որտեղ իրեն հարցեր են տալիս:
Մարտիրոսյանը հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 15-ին հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության, հակառակ կողմի փաստաբան Ա. Բաբայանը դեկտեմբերի 21-ին իր հարցաքննությունից որոշ հատված հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում՝ խախտելով իր իրավունքը: Դիանա Մարտիրոսյանի հաղորդման վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
Փաստաբան Արսեն Բաբայանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Մարտիրոսյանի կողմից ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանն, ասաց. «Նախաքննությունն ավարտվել է Դիանայի մասնակցությամբ, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, նյութերն էլ օրենքով սահմանված կարգով տրամադրվել է, այդ թվում՝ տեսանյութը: Ավարտված նախաքննության վարույթի նյութերի հրապարակումը թույլատրելի է»:
Պարոն Բաբայանն ասաց՝ շատ զարմացել է, որ փոխարենը Դիանա Մարտիրոսյանը ներողություն խնդրի, դեռ ինչ-որ անհեթեթ գործողությունների է դիմում. «Փոխարենը ներողություն խնդրի, որ շատ զզվելի սուտ է ասել, ու մարդուն այդ աստիճան զրպարտել է ու հետո ստիպված է եղել իր սուտը բացահայտել քննչականում, դեռ ինչ-որ գործողությունների է դիմում, որն, ի դեպ, անհեթեթություն է, որովհետեւ իրավական առումով այդտեղ որեւէ խնդիր չկա»:
Կարդացեք նաև
Սոցիալական կայքում հայտնված տեսանյութը, որտեղ Մարտիրոսյանը հարցաքննվում էր, Արսեն Բաբայանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում էր: Ավելի վաղ Դիանա Մարտիրոսյանը պարոն Բաբայանի պաշտպանյալներից Տաթեւիկ Վիրաբյանի մասին հայտարարել էր, թե վերջինս 30.000 դրամի դիմաց մասնակցել է հավաքների: Պարոն Բաբայանի հաղորդման հիմքով նախաձեռնվել էր վարույթ, բերման ենթարկվել Մարտիրոսյանը ու հարցաքննության ժամանակ պարզվել էր, որ վերջինս իրականում նման տեղեկություններ չի ունեցել:
«Երեւի անգրագիտության հետեւանք է, իր շրջապատում չկա որեւէ մեկը, որը իրավաբանությունից մի քիչ կհասկանա, հաջորդը այս իշխանությանը հատուկ նենգության մասին է խոսում: Փոխարենը գլուխները կախեն, փորձում են էլի ինչ-որ բաներ անել: Լավ է , որ հաղորդում է ներկայացրել, հիմա ես նոր հաղորդում կներկայացնեմ՝ կեղծ մատնության հիմքով, որ իմ դեմ կեղծ մատնություն է արել, թե կատարել եմ հանցագործություն: Այսինքն՝ եւս մեկ անգամ քիթը կքսվի գետնին, կհասկանա, որ չի կարելի զրպարտչական, իրենց հատուկ ոճով գործողություններ անել»,- Մարտիրոսյանի՝ հաղորդում ներկայացնելու քայլին այսպես արձագանքեց Արսեն Բաբայանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ