Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Կապանի լեռնահարստացման կոմբինատում տեխնածին վթար կամ արտադրական պատահար տեղի չի ունեցել․ ձեռնարկության պարզաբանումը

Դեկտեմբեր 24,2023 13:09

Կապանի լեռնահարստացման կոմբինատը անդրադարձել է Aravot.am-ի հրապարակմանը՝ ներկայացնելով պարզաբանումներ կոմբինատի աշխատակից Գարիկ Գասպարյանի մահվան փաստի առնչությամբ։ Հիշեցնենք, որ ըստ մեր հրապարակման՝ 46-ամյա աշխատակիցը թունավորվել էր կոմբինատում՝ գազի արտահոսքից, տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել էր։

«Վերջին ամիսներին՝ ընկերության տարածքում որեւէ տեխնածին վթար եւ (կամ) արտադրական պատահար տեղի չի ունեցել, չի գրանցվել հաստատված նախագծերով կազմակերպված արտադրական գործընթացի բնականոն ընթացքից որեւէ շեղում, որը կարող էր ընկերության, ընկերությանը ծառայություն մատուցող կազմակերպությունների աշխատողների կամ որեւէ այլ անձի կյանքի եւ առողջության համար վտանգներ առաջացնել»,-նշված է կոմբինատի պաշտոնական պատասխանի մեջ։

Մեզ հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը նշեց, որ Գարիկ Գասպարյանը դեկտեմբերի 21-ին եկել էր աշխատանքի․ նրա ինքնազգացողությունը վատ էր։ Ընկերության բուժաշխատողները խորհուրդ տվեցին դուրս չգալ աշխատանքի ու հորդորեցին դիմել բժշկի։ Գարիկը մտնում է հանք՝ գործընկերներին  տեղեկացնում, որ չի կարողանալու աշխատել եւ տուն է գնում։ Արդեն հաջորդ օրը՝ դեկտեմբերի 22-ին կտրուկ վատացել է նրա ինքնազգացողությունն ու նրան տնից տեղափոխում են հիվանդանոց։

«Ընկերությունը խորը ցավով է տեղեկացել ընկերության կողմից շահագործվող հանքում արդյունահանման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության աշխատակցի՝ Գարիկ Գասպարյանի մահվան մասին։ Մենք միանում ենք կապալառու կազմակերպության անձնակազմին եւ մեր վշտակցությունն ենք հայտնում Գարիկի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ընկերներին»,-նշված է Կապանի լեռնահարստացման կոմբինատի պատասխանի մեջ։

Ձեռնարկությունից այլ մեկնաբանություն չտվեցին՝ հորդորելով սպասել բժշկական փորձաքննությունների պատասխաններին։

Ինչ վերաբերում է կոմբինատի արտադրական առօրյային եւ օգոստոսից հետո կատարված աշխատանքային պայմանների փոփոխություններին՝  խոստացան, որ մեզ հետաքրքրող հարցերին կանդրադառնան հունվար ամսին։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն վաճառեց  շահագործման իրավունքն ու Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը ներկայում  շահագործում է «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն, որի սեփականատերը, համաձայն իրական շահառուների հայտարարագրի, Սասուն Ավետիսյանն է:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031