Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ական հիշողություններ

Դեկտեմբեր 24,2023 10:25
avetiq ishxanyan

Պատանեկան տարիներից, երբ սկսեցի երազել Հայաստանի անկախության մասին, մեծ հարգանքով էի լցված Հայաստանի անկախության համար բանտերում տառապող այլախոհների նկատմամբ։ Նրանցից ոչ մեկին անձամբ չէի ճանաչում: 70- ականների սկզբներին էր, երբ մեր տուն հյուր եկավ  Մարզպետ Հարությունյանը։ Այսօրվա պես հիշում եմ նրա հրաժեշտի  խոսքերը․ «Շուտով կտեսնեք, ամբողջ սովետի քաղբյուրոն խառնելու եմ իրար»։ Նրա այս մեծ-մեծ խոսքերը ինձ հիասթափեցրին, բայց մտածում էի, թե մյուսներն այդ աստիճան պարզունակ չեն, հատկապես ամենահայտնի այլախոհ Պարույր Հայրիկյանը։

Նույն 70-ականներին էր,  մի երեկո մեր բնակարան ներխուժեցին դատախազության աշխատողները և հորս՝ Ռաֆայել Իշխանյանին տարան դատախազություն։ Տանը ես ու քույրս՝ Վարդուհին, մնացինք։ Անհանգստացանք և փորփրելով հորս արխիվն ու հավաքելով տանը եղած հակախորհրդային գրականությունը, մեր խելքով, փորձեցինք այլ՝ առավել ապահով տեղ թաքցնել։ Մի քանի ժամից հայրս վերադարձավ։ Պարզվեց, Պարույր Հայրիկյանը, կարդալով հորս հոդվածներից մեկը, բանտից նամակ էր ուղարկել հորս, կարծիք հայտնելով հոդվածի մասին, որն էլ բնականաբար ընկել էր ԽՍՀՄ ԿԳԲ-ի ձեռքը։ Դատախազությունում հորս ցույց էին տվել նամակը, հնարավորություն տվել կարդալ և ստորագրել, որ ծանոթացել է նամակի բովանդակության հետ։ Այս դիպվածն, անկեղծ ասած, մի փոքր կասկած առաջացրեց Պարույր Հայրիկյանի նկատմամբ։ Մտածում էի` մի՞թե նա չի հասկանում, որ իր նամակով կարող է վնասել հասցեատիրոջը։ Տվյալ դեպքում, հարցը կոնկրետ հորս չէր վերաբերում, ուղղակի իմ կարծիքով, ամեն ոք պատասխանատու պետք է լինի իր համար և չփորձի խաղալ այլոց ճակատագրերի հետ։

Ինչևէ, արդեն 80-ականների վերջին, երբ սկսվեց արցախյան շարժումը, և ես անձամբ այդ շարժման ակտիվ  մասնակից էի, բայց նաև մեծ համակրանք ունեի Ազգային Ինքնորոշում Միավորման ( ԱԻՄ) և նրա առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ։

Երբ 1988թ․ մարտին Պարույր Հայրիկյանին կալանավորեցին, նրան հնարավորություն էին տվել զանգահարել Երևանի դատախազությունից նրա նախընտրելի հեռախոսահամարով։ Պարույր Հայրիկյանը զանգահարեց մեր տուն։ Հեռախոսով նա հայտնեց, որ եթե 300 ստորագրություն հավաքվի ի պաշտպանություն իրեն, ապա իրեն ազատ կարձակեն։ Հաջորդ ամբողջ օրը, ես ու եղբայրս՝ Վահանը, ձեռնամուխ եղանք ստորագրահավաքին։ Այն անցնում էր մեծ դժվարությամբ։ Մարդիկ, ոգևորված լինելով արցախյան շարժմամբ, անհանգստանում էին, թե արդյոք Պարույր Հայրիկյանն ու մյուս անկախականները չե՞ն վնասում շարժման նպատակին։ Ամեն դեպքում, հատկապես մեր  «Հայգունմետգիտնախագիծ» ինստիտուտում, ինձ վստահելով, համարյա բոլոր աշխատակիցները  ստորագրեցին դիմումը։ Երկու օրում, հավաքելով անհրաժեշտ 300 ստորագրությունները, ես անձամբ այն ներկայացրեցի Երևանի դատախազություն։ Այդ ընթացքում, նաև փոքրաթիվ ցուցարարներով, պահանջում էինք Պարույր Հայրիկյանին ազատ արձակել։

Ոչ ստորագրահավաքը, ոչ էլ ցույցերը չօգնեցին, և Պարույր Հայրիկյանը արտաքսվեց ԽՍՀՄ-ից։

1988թ․ դեկտեմբերի ավերիչ երկրաշարժից, «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մեծամասնության կալանավորումից և պարետային դրություն հաստատելուց հետո, Հայաստանում արցախյան շարժումը որոշակի ժամանակով ընդմիջվեց, անցնելով ընդհատակյա գործունեության, և արդեն 1989թ․ ապրիլից նոր թափ հավաքեց։ Այդ բազմահազարանոց հանրահավաքների ժամանակ, ինչ-որ պահի, ԱԻՄ-ականները սկսեցին թռուցիկներ տարածել «Հայրիկյան վարչապետ» բովանդակությամբ։ Սա իմ երկրորդ տարակուսանքն էր Պարույր Հայրիկյանի նպատակի անկեղծության հանդեպ։

1990թ․ մայիսին կայացած ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի (ԳԽ) ընտրություններում, Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) աջակցությամբ (ՀՀՇ-ն ոչ  միայն Պարույր Հայրիկյանի դեմ թեկնածու չառաջադրեց, այլ իր ցուցակով պաշտպանեց նրա թեկնածությունը), Պարույր Հայրիկյանը հեռակա կարգով, առանց Հայաստանում լինելու, ընտրվեց ԳԽ պատգամավոր։

Պարույր Հայրիկյանը Հայաստան վերադարձավ 1990 թվականի աշնանը։ Ինչպես, 1989թ․ մայիսի վերջին, Մոսկվայի բանտերից ազատված «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, այնպես էլ արտաքսումից վերադարձած Պարույր Հայրիկյանին, ժողովուրդը դիմավորեց որպես ազգային հերոսի։

Ռադիոյով լսեցի, որ Պարույր Հայրիկյանը գնացել էր ԳԽ նիստերի դահլիճ (Մելիք-Ադամյան փող․), շտապեցի այնտեղ՝ նրան հանդիպելու։ Երբ մտա ԳԽ, Պարույրն արդեն հեռացել  էր։ ԳԽ սրճարանում տեսա մի խումբ ծանոթների։ Նրանց թվում էին եղբայրս և նախկին ԱԻՄ-ական, ապա ՀՀՇ-ի վազգենմանուկյանական թևի ներկայացուցիչ, ապա լևոնական և Լևոն Տեր-Պետրոսյանի օգնական՝ Ալեքսանդր Արզումանյանը։ Բոլորի մեջ Ալիկը շատ մռայլ դեմքի արտահայտություն ուներ։ Բոլորին ջերմորեն բարևեցի ու դիմեցի Ալիկին․

-Ալիկ, մի անհանգստացիր, Պարույրը կդառնա նախագահ, դու էլ՝ նրա օգնականը։

Բոլորը հռհռացին։ Պարզվեց, մինչ իմ գալը, նույն խոսքերն ասել էր եղբայրս։ Հետագայում Ալեքսանդր Արզումանյանը դարձավ դեսպան, արտգործնախարար, ցախավելամարտիկ, ապա նորից լևոնական, ՀԱԿ-ակական, հետո՝ նեոՀՀՇ-ական, այնուհետև՝ ազատ դեմոկրատ, հետո՝ Րաֆֆու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ապա սերժսարգսյանական՝ նշանակվելով դեսպան, այժմ՝ նիկոլական։ Տիպիկ հայաստանյան «դասական» քաղաքական գործիչ։ Չէ՞, Էդմոն Մարուքյան։

1990թ․ աշնանը կայացավ ՀՀՇ երկրորդ համագումարը։ Զարմանալիորեն, համագումարին, որպես ՀՀՇ պատվիրակ, մասնակցեց Պարույր Հայրիկյանը։ Ոչ միայն մասնակցեց, այլև համաձայնեց իր թեկնածությունն առաջադրել ՀՀՇ վարչության անդամի ընտրությանը։ Նա ձայների մեծ քանակությամբ ընտրվեց ՀՀՇ վարչության անդամ։

Հաջորդ օրը ՀՀՇ նորընտիր վարչության անդրանիկ նիստն էր մեկ օրակարգով՝ վարչության նախագահի ընտրության։ ՀՀՇ երկրորդ համագումարում, վարչության ընտրությունների արդյունքում, վարչության անդամներ էին դարձել շատ «դասական»՝  նախկին կոմունիստ, քաղաքական գործիչներ, քանի որ արդեն ՀՀՇ-ն իշխանության էր, այլևս վտանգ չկար կալանավորման, և ինչպես ժամանակին կոմկուսը, այժմ էլ ՀՀՇ-ն էր դարձել  պաշտոն ստանալու միակ հարթակը։ Անհասկանալի էր վարչության առաջին նիստին Պարույր Հայրիկյանի բացակայությունը։ Հետագայում պարզվեց, որ նա ձևականորեն էր մասնակցել  ՀՀՇ համագումարին և ընտրվել վարչության անդամ, քանի որ ոչ միայն առաջին, այլև հետագա ոչ մի վարչության նիստերի նա չմասնակցեց։ Կարծում եմ, որ նա չէր կարող հանդուրժել, որ ինչ-որ կազմակերպության մեջ, որի անդամ է, ինքը չլինի առաջին դեմքը, և մնացած բոլորը իրեն չերկրպագեն։

Նիստը բացեց Համբարձում Գալստյանը․

-Առաջարկում եմ որպես ՀՀՇ վարչության նախագահ՝ Վանո Սիրադեղյանի թեկնածությունը, այլ առաջարկներ կա՞ն։

Բնականաբար, բոլորը լռեցին, քանի որ համարյա ոչ ոք այլևս չուներ սեփական կարծիք, և Համբարձումի առաջարկն ընդունվում էր որպես ՀՀՇ վերնախավի որոշում։

Քաջ գիտակցելով, որ որոշման վրա չեմ կարող ազդել, այնուամենայնիվ, որոշեցի չարաճճիություն անել և ձեռք բարձրացրեցի։

-Առաջարկում եմ Պարույր Հայրիկյանի թեկնածությունը։

Այս առաջարկությունը ցնցեց հատկապես ՀՀՇ վարչության նոր անդամներին։ Նրանք վախվորած նայեցին իմ կողմը, ոմանք հետ քաշվեցին։

Իմ առաջարկին հետևեց Համբարձումի հեգնական  խոսքը․

-Շատ օրիգինալ առաջարկ էր, բայց քանի որ առաջարկվել է, պիտի քննարկենք։

Ձայն վերցրեց Բաբկեն Արարքցյանը․

-Ըըըը, չեմ հասկանում, ըըը սա ի՞նչ, ըըը օտարամոլություն է։ Պարույր Հայրիկյանը,  դեռ, ըըը պիտի ապացուցի, որ ըըը արժանի է ՀՀՇ անդամ լինելու, էլ ու՞ր մնաց, ըըը ՀՀՇ վարչության նախագահ, ըըը, վերաբերյալ։

Պատասխանեցի․

-Ի՞նչ օտարամոլության մասին է խոսքը։ Եթե Պարույրն արժանի չէր ՀՀՇ անդամ լինելու, ապա երեկ համագումարի ժամանակ, ելույթ ունենայիր և այդ մասին հայտարարեիր։ Որպես ՀՀՇ վարչության անդամի թեկնածու՝ Պարույրը ահռելի շատ ձայներ է ստացել։ Իմանալով, որ նա չի ընտրվի, առաջարկեցի նրա թեկնածությունը, որպես այլընտրանք, որ միայն մեկ թեկնածու չլինի։ Բայց, քանի որ Պարույրը բացակայում է, և հնարավոր է, որ ինքը չհամաձայնվեր, ես հանում եմ իմ առաջարկը։

Համբարձումն անդրդվելի էր․

-Ո՛չ, չենք հանում, դնում ենք քվեարկության։

Քվեարկության արդյունքում, բնականաբար, Վանոն  ընտրվեց վարչության նախագահ, ստանալով, եթե հիշողությունս չի դավաճանում՝ ընդամենը մինուս երեք ձայն։ Որքան հիշում եմ, ձեռնպահ քվեարկեցինք ես, Տիգրան Սարգսյանն ու Տիգրան Պասկևիչյանը։ Պարույր Հայրիկյանը ստացավ, միայն իմ՝ իրեն առաջադրողի ձայնը և երկու ձեռնպահ, նույն մարդիկ, ովքեր ձեռնպահ քվեարկեցին նաև Վանոյին։

Անցան ամիսներ, արդեն 1991 թվականն էր, կարծեմ գարունը՝ մարտ կամ ապրիլ ամիսը։

Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ, ԱԻՄ-ը գրավեց ՀԿԿ Երևանի քաղկոմի նախկին, այժմ ՍԴ-ի շենքը։ Կարծում եմ, որ Պարույր Հայրիկյանն այդ քայլին գնաց, որպես օրինակ ունենալով ՀՀՇ-ն, որը գրավել և իր գրասենյակն էր դարձրել նախկին Տեխնիկայի տունը (այժմ Սիրիայի դեսպանատունը)։ Բայց Պարույր Հայրիկյանն իր արարքն այլ կերպ բացատրեց։ Ըստ նրա թվաբանական հաշվարկների՝ քանի որ ինքը 17 տարի բանտարկված է եղել, ապա պետությունը նրան պարտք է, ուստի և այդ շենքը կլինի այդ կորսված տարիների փոխհատուցումը։ Կարճ ժամանակ անց բոլոր ԱԻՄ-ականներին շենքից վայրենաբար հեռացրեց Վազգեն Սարգսյանն՝ իր հրոսակախմբով։ Ինձ այդ մասին պատմեց այն ժամանակ ԱԻՄ անդամ, իմ կողմից վստահելի, նույնպես ԽՍՀՄ այլախոհ և տարիներ բանտերում անցկացրած Ռազմիկ Մարկոսյանը։

Պարույր Հայրիկյանի արարքին հատուկ նիստով  անդրադարձավ ՀՀ ԳԽ-ն և ԳԽ-ի կողմից նրան դատապարտող խիստ հայտարարություն ընդունվեց։ Հաջորդ օրը հրավիրվեց ՀՀՇ վարչության արտահերթ նիստ։ Վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը, բացելով նիստը, ներկայացրեց օրակարգը՝ Պարույր Հայրիկյանի արարքը դատապարտող և նրան ՀՀՇ վարչությունից հեռացման մասին հայտարարության ընդունում։ Ներկայացվեց նաև հայտարարության նախագիծը։

Եվ սկսվեց․․․ Վարչության անդամները, միմյանց հերթ չտալով,  քննադատում էին Պարույր Հայրիկյանին, շատերը համարելով, որ հայտարարությունը մեղմ է կազմված և անհրաժեշտ է ավելի խստացնել։ Երբ բոլոր ցանկացողները խոսել էին, և Վանոն  արդեն ցանկանում էր եզրափակիչ խոսք ասել և նախագծի նախնական տարբերակը դնել քվեարկության՝ ձեռք բարձրացրեցի՝ ձայն խնդրելով։ Ահա իմ ելույթի բովանդակությունը․

-Իմ խոսքով միտք չունեմ Պարույր Հայրիկյանին պաշտպանելու։ Իհարկե, նրա արարքը դատապարտելի է, բայց երեկ Գերագույն Խորհրդում, արդեն ավելի քան խիստ որոշում ընդունվեց։ Կարծում եմ, որ այն բավական է։ Չարժե մարդուն անընդհատ հարվածել, դա, իմ կարծիքով, պատիվ չի բերում ՀՀՇ-ին։ Ինչ վերաբերում է Պարույրին ՀՀՇ վարչությունից հեռացնելուն, ապա դրան լիովին համաձայն եմ, քանի որ նա չի մասնակցել վարչության ոչ մի նիստի։ Ավելին, նրան պետք է այդ իսկ պատճառով վաղուց հեռացրած լինեինք, բայց ոչ հիմա։ Այժմ նման որոշումը կընկալվի որպես Պարույրի արարքի կրկնակի  դատապարտում, որին ինչպես ասացի, համաձայն չեմ։ Առաջարկում եմ, մոտավորապես մեկ ամիս հետո, առանց աղմուկի, որոշում կայացնենք և նրան վարչությունից հեռացնենք։

Վարչության անդամները, պատրաստ լինելով հարձակման, նայեցին Վանոյի կողմը։ Նիստերին մասնակցում էր նաև վարչության անդամ չհանդիսացող Լևոն Կիզոկյանը, ապագա մաքսային վարչության պետի տեղակալը։ Նա Վանոյի կողքին նստած, կատարում էր գրագրի պարտականություն։ Եվ հանկարծ Լևոնն իր խելքով, զգալով վարչության անդամների ընդհանուր տրամադրությունը, որոշեց հաճոյանալ բոլորին և ձեռքը պարզելով դեպի ինձ, նայելով Վանոյին, գոչեց․

-Բա սա վարչության անդամի ասելու բան ա՞․․․

Ուզում էր խոսքը շարունակել, բայց թույլ չտվեցի․

-Հլա մի դուրս արի, խոսենք, արրաա՛․․

Այստեղ արդեն Վանոն միջամտեց, նայելով Լևոնին, ասաց․

-Արա՛, սո՛ւս մնա, երբ վարչության անդամը խոսում ա, հասկացա՞ր։

Դրանից հետո, տեղից խոսեց նախկին կոմունիստ, «Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Կամո Վարդանյանը․

-Լավ, էդ դու չէի՞ր, որ Պարույրին առաջարկում էիր վարչության նախագահ։

-Իսկ էդ դուք չէի՞ք, երբ Պարույրը հանուն Հայաստանի անկախության, բանտում նստած էր, օգտվում էիք կուսակցական նոմենկլատուրայի բարիքներից։

Կամո Վարդանյանը լռեց։ Հարցը փակեց Վանոն․

-Ավո ջան, մի նոմենկլատուրչիկ ունենք, թող հանգիստ մնա։ Ավոն ինձ համոզեց, ոչ մի հայտարարություն չենք անում, որոշ ժամանակ անց Պարույրին կհեռացնենք վարչությունից նիստերին չմասնակցելու համար։ Լյով, ինձ կհիշեցնես, էղա՞վ։

Լևոն Կիզոկյանը գլխով արեց։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Շնորհակալություն Ավետիք Իշխանյանին, դիմակազերծման գործընթացը շարունակելու համար։

  2. Մարդ says:

    Շնորհակալություն Ավետիք Իշխանյանին, ինքնադիմակազերծման գործընթացը շարունակելու համար։

  3. Геворг says:

    Այդ ի՞նչ գործիչ է եղել ողորմածիկ Ռաֆայել Իշխանյանը, որ բանտից մի նամակ ստանալ վախենում էր։ Ու ինչու՞ ՀՀՇ-ն կարելի էր շենք-եր գրավել, Պարույրին՝ ոչ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031