Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական բացառիկ  ծրագիր, որը 3 ամսում փոխել է Հայաստանի հեռավոր գյուղերի կյանքը

Դեկտեմբեր 23,2023 23:09

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ, Հայաստանի 3 մարզերում՝ Շիրակում, Գեղարքունիքում և Սյունիքում իրականացրել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը՝ հզորացնելով համայնքների ենթակառուցվածքները, ճիշտ օգտագործելով արևային էներգիան․ նույնիսկ ամենահեռավոր գյուղերի դպրոցներում արևային ֆոտովոլտային կայաններ տեղադրելով, այգիներ հիմնելով։

Ծրագիրը ֆինանսավորվել է Ավստրիայի զարգացման գործակալության կողմից․ ընդհանուր արժեքը 53 միլիոն 418 հազար 100 դրամ է։

Նշենք, որ երիտասարդների մասնակցությամբ բնապահպանական այս կարևոր ծրագիրն իրականացվում է նաև Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերում, սակայն «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» պատասխանատու է երեք մարզերի համար․ ենթադրամաշնորհ է տրամադրել Շիրակում, Գեղարքունիքում և Սյունիքում։

Սեղմ ժամկետում՝ այս տարվա սեպտեմբերից-նոյեմբեր, 10 հաստատությունների համար արևային ֆոտովոլտային կայաններ են հիմնվել, 160 աղբամաններ տեղադրվել Շիրակի մարզի տարբեր համայնքներում,  չորս կենտրոնական  զբոսայգիների ոռոգման խողովակներ են անցկացվել, կանաչապատել և տեղադրել են նստարաններ։ Տեղադրել են նաև երկու գազային հակակարկտային կայաններ և հոսանքի գեներատոր, ֆոտոբլոկ և նաև էկոաղբամաններ, 4 ջրային ու նաև էլեկտրական տաքացուցիչներ։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, որն այս ծրագրի մոնիտորինգի և որակի խորհրդատուն է, ասում է․ «Երբ կարիքի գնահատման արդյունքներն էինք ուսումնասիրում, զարմանալի էր տեսնել, որ կան դեռևս դպրոցներ, որոնք ջեռուցվում են նավթով։

Ես հիշում եմ 2000-ականների սկիզբը, երբ ինքս աշակերտ էի ու որոշ տարիներ տնակային դպրոցում էի սովորում․ այդ ժամանակ առկա էին նավթով վառարանները։ Ինձ թվում էր, թե  այդ ամենը մեր օրերում այլևս իրականություն չէ, սակայն ականատես եղանք դպրոցների, որոնք դեռևս նման ձևով են ջեռուցվում։ Երբ տեղեկացանք, որ էլեկտրական տաքացուցիչ էին ուզում, զարմանալի էր՝ ինչի՞ համար, պարզվեց, սա իրենց համար արդեն նորարարություն է, որ պետք է նավթի վառարաններին հրաժեշտ տան»։

Ըստ պատասխանատուների՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը  յուրատեսակ է նրանով, որ ենթադրամաշնորհային ծրագրի դիմել են դպրոցի ուսուցիչները, համայնքապետարանի աշխատակիցները՝ երիտասարդների ակտիվ մասնակցությամբ, փորձել փոփոխություններ բերել իրենց համայնքում։ Նրանցից շատերը գուցե և առաջին անգամ են իրենց կյանքում ծրագիր գրել։

Արթուր Նաջարյանի պարզաբանմամբ, ծրագրին դիմելու համար պարտադիր համայնքում պիտի երիտասարդների խումբ ձևավորվեր, ու համայնքապետարանը կամ դպրոցը հենց այդ խմբի հետ պիտի քննարկեր շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխություններով պայմանավորված ռիսկերը։ Այսինքն՝ երիտասարդները եղել են ծրագիրը մշակողներից ու գաղափարներն առաջ մղողներից մեկը, նրանք առանց երիտասարդների մասնակցության, իրավունք չեն ունեցել դիմել ծրագրի։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն էլ համայնքներում շրջակա միջավայրի պահպանության գործում  երիտասարդների ու դեռահասների իրազեկվածության բարձրացումն էր, կրթական բաղադրիչը։

960 երիտասարդ մասնակցել է «Կլիմայի փոփոխությունների և շրջակա միջավայրի պահպանում» թեմայով դասընթաց-տեղեկատվական հանդիպումների։

Երեկ Գյումրիում ծրագրին մասնակցած համայնքապետերի, դպրոցների տնօրենների, ուսուցիչների ներկայությամբ տեղի ունեցավ ամփոփիչ միջոցառումը, որտեղ մանրամասն ներկայացվեց յուրաքանչյուր համայնքի վրա ծախսված գումարն ու  կատարված դրական փոփոխությունը։

Ինչպես իր ելույթում նշեց Արթուր Նաջարյանը, ծրագրի հիմնական ուղղությունները 3-ն են եղել՝ բացահայտել կլիմայական ռիսկերը, նվազեցնել համայնքի խոցելիությունը կլիմայի փոփոխության անբարենպաստ գործոնների և ծայրահեղ դրսևորումների նկատմամբ, և 3-րդ՝ ստեղծել հնարավորություն՝ համայնքների զարգացման համար։

Երեք մարզերից ընդհանուր առմամբ ընտրվել ու ֆինանսավորվել են 18 ծրագրեր, Շիրակի մարզում՝ 12-ը, Գեղարքունիքում՝ 4-ը, Սյունիքում՝ 2-ը։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան, «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի համակարգող Մկրտիչ Դալլաքյանն էլ տեղեկացրեց, որ ծրագիրը մեկնարկել է 2020 թվականից, բազմաթիվ խոչընդոտների են հանդիպել, սահմանված ժամանակահատվածից երբեմն հետ ընկել, այդուհանդերձ բազմաթիվ ձեռքբերումներ են ունեցել։ Նա կարևորեց ուսուցիչների դերը երիտասարդներին բնակլիմայական կրթություն  փոխանցելու գործում․  6 մարզերից մոտ 400 ուսուցիչ է մասնակցել։

Այդ ուսուցիչները, ըստ բանախոսի, վերջերս արժանացել են կրեդիտների․ ԿԳՄՍ նախարարության կողմից ողջ ծրագիրը՝ որպես կրթական բաղադրիչ, արժանացել է 2 կրեդիտի։

Նա նաև նշեց, որ 33 խոշորացված համայնքներում կլիմայական ռիսկերի աննախադեպ բացահայտում է եղել այս ծրագրի շրջանակում։ Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ներկայացուցչի, կլիմայական ռիսկերը բացահայտելն ու դրանք դիմակայելու, մեղմացնելու փորձ ձեռք բերելն անչափ կարևոր է։

Արթուր Նաջարյանն էլ մանրամասնեց, թե որ համայնքում ինչ կարևոր աշխատանք է իրականացվել։

Նա ասաց․  «Շիրակի մարզից Ախուրյանի համայնքապետարանը դիմել և ծրագիր է իրականացրել Լեռնուտի մանկապարտեզում՝ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման համար, արդյունքում հատկացվել է 2 միլիոն 880 հազար դրամ։

Նշենք, որ  շինությունը, որտեղ տեղադրվել է արևային կայանը,  բացառիկ է, որովհետև համայնքային կենտրոն է, որտեղ տեղակայված է և՛ դպրոցը, և՛ մանկապարտեզը։

Սա իրականում մեզ համար մեծ հաջողություն է, որ համայնքապետարանի միջոցով կարողացանք այդ ներդրումը կատարել։

«Ամասիայի այգու բարեկարգում և կանաչապատում»  ծրագրի համար, որին դիմել է Ամասիայի համայնքապետարանը,  հատկացվել է 3 միլիոն 325 հազար դրամ։

Սա իրենց համայնքի հիմնական այգին է, որտեղ իրականացվել է ոռոգման համակարգի անցկացում, ջրատարի կառուցում, որը բավական դժվար է այս օրերին իրականություն դարձնել և կանաչապատման հատվածը, որը հիմնականում իրականացվելու է մարտ ամսին։

Արթիկի գեղարվեստի դպրոցում արևային պանելներ են տեղադրվել։ Արթիկի համայնքապետարանն էր դիմել և մրցույթով անցել էր, 3 միլիոն 350 հազար դրամ է հատկացվել։

Հաջորդը «Երիտասարդները հանուն Անի համայնքի կանաչ ապագայի» ծրագիրն է, Անիի համայնքապետարանն է դիմել։ Անիի համայնքապետարանը ամենաշատ ծրագրային հայտեր ներկայացրած համայնքն է, ընտրության ժամանակ ծրագրերի մեծ մասը բաժին է ընկել Անի համայնքին։

Ծրագրի շրջանակներում ամբողջապես աղբամաններ են տեղադրվել Անի խոշորացված համայնքի մի քանի բնակավայրերում՝ Մարալիկում, Ձորակապում, Սառնաղբյուրում և Լանջիկում, իրենք ձեռք են բերել նաև ձյան մաքրման հատուկ սարք, որը բազմաֆունկցիոնալ է, կատարում է և՛ կանաչապատման աշխատանքներ և՛ նաև ձյան մաքրման, հողագործական աշխատանքներ, որի համար 3 միլիոն 37 հազար դրամ է հատկացվել։

Հաջորդ ծրագիրը, որը մեզ համար մի փոքր ամբիցիոզ է, բայց շատ կարևոր է, Ախուրյանի խոշորացված համայնքի  Ազատան բնակավայրի միջնակարգ դպրոցի կողմից  է իրականացվել։

Երիտասարդների միջոցով բարենպաստ կլիմայական պայմանների ապահովումն է Ազատանում։ Ինչի մասին է խոսքը․ կա չօգտագործված, անմխիթար վիճակում գտնվող այգի՝ համայնքի կենտրոնում գտնվող հուշարձանի հատվածում, որը դպրոցի և համայնքապետարանի աջակցությամբ․ համայնքապետարանն այստեղ ֆինանսական ներդրում ևս ուներ, բարեկարգվել և ամբողջապես ոռոգման համակարգ է անցկացվել։ Այն կանաչապատ տարածք է դառնում և ամենակարևորն՝ այդտեղ փորվել է ջրհոր։

Գիտեմ, որ բավականին տաժանակիր աշխատանք է եղել, որովհետև այդ ծանր աշխատանքից հետո ջուրը դուրս չէր գալիս, բայց վերջապես կարողացել ենք հաղթահարել։ Այնտեղ ջրային ռեսուրսների խնդիր կար, ջրազրկված վիճակում էր գտնվում և այնտեղ ջրհոր է փորվել և հույս ունենք, որ այդ անմխիթար հատվածը, որը շատ գեղեցիկ  է իրականում, ամբողջապես բարեկարգ կդառնա։ Այնտեղ տեղադրվել են մեծ թվով ծառեր։

«Երիտասարդները հանուն մաքուր էներգիայի» ծրագիրն իրագործվել է Լանջիկ գյուղում, ծրագրին դիմել է Լանջիկի միջնակարգ դպրոցը, որի համար հատկացվել է 3 միլիոն 350 հազար դրամ։ Սա մեզ համար ամենաուրախալի հանգամանքներից է, գիտեք Լանջիկը Հայաստանի ամենացուրտ համայնքներից է և այնտեղ անգամ հոկտեմբեր-նոյեմբերի սկզբին մեր մոնիտորինգային այցի ժամանակ սարսափելի ցուրտ էր»։

Բանախոսը նշեց, որ արևային  էլեկտրավահանակներ են տեղադրվել Իսահակյանի, Մարալիկի թիվ 2, Սառնաղբյուրի, Կամոյի, Ախուրյանի թիվ 1-ին դպրոցներում։

Գեղարքունիքի մարզում Վարդենիսի համայնքապետարանն է դիմել ծրագրի, արդյունքում տեղադրվել է գազային-հակակարկտային կայան, հատկացվել  է 2 միլիոն 700 հազար դրամ։

Ճամբարակի համայնքապետարանն էլ, համագործակցելով «Խելացի, ինտելեկտուալ շարժման» հետ, դիմել է մի ինքնատիպ գաղափարով, որը կրում է՝ «Ճանաչի՛ր բնությունը, պահպանի՛ր Սևանը» խորագիրը։

Ու քանի որ ծրագիրը նաև կրթական բաղադրիչ ունի, պատրաստել  են վեց սոցիալական հոլովակներ Սևանի պահպանման մասին։ Այստեղ շեշտը դրված է իրազեկության բարձրացմանը, հոլովակները հետագայում օգտագործվելու են դպրոցներում՝ համապատասխան առարկայի շրջանակներում

Գեղարքունիքի Գեղամասարի միջնակարգ դպրոցն էլ դիմել է՝ «Արև Գեղամասարին» խորագիրը կրող գաղափարով՝ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման համար։

Ջրատաքացուցիչներ են տեղադրվել Գեղարքունիքի Ճամբարակի ավագ դպրոցում, 4-րդ դպրոցում, Դրախտիկ և Վահան բնակավայրերում։ Այս համայնքներում, ըստ Արթուր Նաջարյանի, կան նաև նախակրթարաններ, և համայնքի համար, հատկապես ձմռան շրջանում, մեծագույն խնդիր է տաք ջրի հարցը լուծելը։

 

Արթուր Նաջարյանի տեղեկացմամբ՝ Սյունիքի մարզից էլ  «Տարոն» երիտասարդական զարգացման Հ/Կ-ն է դիմել՝ ծրագրեր իրագործելու համար։ Ըստ բանախոսի, իրենց համար բավականին բարդ էր կյանքի կոչելը, քանի որ Սյունիքում արցախյան դեպքերով պայմանավորված, հոգեբանական վիճակն է խաթարված, այդուհանդերձ կազմակերպիչները կարողացել են իրականացնել։

Ծրագրերից մեկն իրագործել է Մեղրիի «Կոմունալ տնտեսության բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, այն ներառել է Ագարակ համայնքի կենտրոնական զբոսայգու ոռոգման համակարգի արդիականացումը, բարեկարգումը և մասնակի կանաչապատումը, աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։

Բանախոսը նաև նշեց, որ բացառիկ տեսանկարահանող սարք է ձեռք բերվել, որը նախատեսված է ինչպես ջրից դուրս, այնպես էլ ջրի մեջ նկարահանումների համար։ Վարդենիսի համայնքապետարանը օգտագործելու է այն Սևանա լճի մասին սոցիալական հոլովակների պատրաստման համար։ Դրանք դառնալու են տեղեկատվական նյութեր՝  ուսուցիչների, աշակերտների և թեմայով հետաքրքրվող մասնագետների համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031