Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարտվողականությանը պետք է հակազդել, հայ հասարակության մեջ այդ ներուժը կա»․ «Ոգեզէն»-ը ներկայացնում է՝ ինչպես դա անել

Դեկտեմբեր 23,2023 17:25

Ի՞նչ աշխատանք է տարվում, որ հայ հասարակությունն ունենա ներուժ՝ դիմակայելու աղետներին ու պատերազմներին։ «Ոգեզէն» համահայկական հարթակի տարեկան ամփոփիչ համաժողովի ժամանակ այսօր անվտանգության ոլորտում ակտիվ մասնակցություն ունեցող հասարակական կառույցների անդամները ներկայացրեցին Հայաստանի ու հայ ժողովրդի կարիքները ու դրանցից բխող լուծումների ճանապարհային քարտեզը։

Ըստ «Ոգեզէն»-ի անդամների՝ աշխարհում եւ հատկապես մեր երկրի շուրջ ընթացող զարգացումները պահանջում են պաշտպանական եւ անվտանգային առավել հիմնարար եւ համակարգային լուծումներ։ Եվ հաշվարկներն ու պատմական փորձը ցույց է տալիս, որ միայն պետական հաստատությունների ներուժը բավարար չէ՝ Հայաստանի պաշտպանության ու անվտանգության սպառնալիքներին լիարժեք դիմակայելու համար։ Լուծումներից ամենաարդյունավետը համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգն է։ Որ երկրում այս համակարգը գործում է, այդ երկրները մրցունակ են դառնում իրենց շրջապատող գերտերությունների կողքին։

«Համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի զարգացման» ՀԿ տնօրեն Արման Պողոսյանը համաժողովի ժամանակ մանրամասնեց այս համակարգի էությունը, այն հենվում է պաշտպանության նկատմամբ համապարփակ մոտեցման վրա։ «Ո՞րն է համապարփակ մոտեցումը՝ միավորել պետության հզորության բոլոր տարրերը եւ հանրության ամբողջ ներուժը՝ ապահովելով պետական ու հասարակական կառույցների, անհատների ներդաշնակ փոխգործակցությունը։ Համակարգի նպատակն է, կիրառելով հայ ժողովրդի ամբողջ ներուժը, զսպել թշնամու ագրեսիան, հակազդել պետության ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիքներին եւ նպաստել ճգնաժամի կամ պատերազմի ավարտից հետո պետության վերականգնման գործընթացին»,- ասաց նա։ Արման Պողոսյանի խոսքով՝ համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգը Հայաստանում չի ստեղծվել, այն ՆԱՏՕ-ի ինստիտուտներն են ստեղծել այն երկրների համար, որոնք փոքր են եւ իրենց կողքին ունեն մեծ ու ագրեսիվ ուժեր, դիմադրությունը կազմակերպելու համար լուծում են փնտրում։ Յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկություններից ու անվտանգային միջավայրից ելնելով է կիրառում այս համակարգը։ Հայաստանի դեպքում, նրա խոսքով, նաեւ միջազգային մակարդակով է այս համակարգը ներկայացված, քանի որ ունենք մեծ Սփյուռք։ Սկզբունքը հետեւյալն է՝ ամբողջ հասարակությունը միանում է այս գործին։ Համակարգը կայանալու համար, Արման Պողոսյանի խոսքով, պետության հետ միացումն անխուսափելի է։

«Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում մարդկանց այս գաղափարի շուրջ համախմբելը, եթե Հայաստանում պետական մակարդակով փորձում են մարդկանց պարտվողական թեզեր ներարկել, կոտրել դիմադրողականությունը, նա պատասխանեց․ «Համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգն ասում է՝ 21-րդ դարի այն անվտանգային միջավայրում, որում մենք գտնվում ենք, միայն պետությունն իր պետական ինստիտուտներով ի վիճակի չէ անվտանգության հարցը լուծել։ Որպեսզի դա ստացվի, մենք փնտրել ենք լուծում, ՀՊԱՀ-ը լուծում է։ Այն ենթադրում է ամբողջ ներուժի միավորում, ամեն քաղաքացուց սկսած մինչեւ պետական ապարատ, բոլորը միասնական պետք է սկսեն հակազդել այդ բոլոր սպառնալիքներին։ Ակտիվ պատերազմը վերջացել է, բայց հիբրիդային մեթոդներով պատերազմը շարունակվում է։ Եվ այն պարտվողականությունը, որի մասին դուք նշում եք, դրան հակազդել է պետք, սպառնալիքները չեզոքացնել է պետք։ Այդ չեզոքացնելու համար էլի պետական ներուժը չի հերիքում, մինչեւ հասարակությունը, հասարակական կառույցները բոլորը չորդեգրեն այն սկզբունքը, որ իրենց դերն ունեն այս հարցում, իրավիճակ չի փոխվի»։

Ըստ Արման Պողոսյանի՝ հայ հասարակության մեջ այդ ներուժը կա, ներքեւից վերեւ գործընթացները բավական ակտիվ են։ «Այսինքն՝ այս պահի այդ իմաստով ավելի ակտիվ է հասարակությունը, քան պետությունը։ ՄԵնք դեռ չենք տեսնում ամբողջ քաղաքականությունը, բայց մեծ հույս ունենք, որ պետությունը 2024 թվականին վերջապես կսկսի այս աշխատանքները եւ հասարակության հետ կկայացնի այս համակարգը։ Սա ժամանակ պահանջող գործընթաց է, տարբեր բաղադրիչներ կան՝ ռազմական անվտանգության, պահեստազորի պատրաստման, քաղպաշտպանության, թվային անվտանգությունն ապահովելու համար ի՞նչ է պետք, հիբրիդային տարբեր սպառնալիքներին ո՞նց ենք հակազդելու։ Սա սկիզբն է, եւ լավ է, որ ներքեւից վերեւ է գնում։ Դա կարեւոր է, որովհետեւ երբ մենք գնացել ենք տարբեր երկրներ եւ տեսել ենք, թե ինչպես է վերեւից ներքեւ դա հրամցվում, ժողովուրդը դա չի ընդունում, որովհետեւ իրեն այդ իրականության մեջ չի զգում։ Մեզ մոտ հակառակն է, մեծ նախադրյալներ կան, որ դա արագ կստացվի»,- հավելեց նա։

«Ազատազէն» ռազմակրթական ՀԿ խորհրդի նախագահ Հրանտ Մանասյանի խոսքով՝ իր գործունեության մոտ 2 տարվա ընթացքում «Ազատազէն»-ում ավելի քան 50 հազար մարդ է կրակային վարժանք անցել։ «Սա տպավորիչ արդյունք է։ Սա հենց այն է, ինչի մասին մենք խոսում ենք, այսինքն՝ սա հենց այդ համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգն է, երբ բոլորը պետք է ունենան զենք իրենց տանը, պետք է լինեն պարապած եւ իմանան իրենց անելիքը ոչ միայն մարտական գործողությունների ժամանակ, այլ նաեւ արտակարգ իրավիճակներում։ Սա այն նպատակն է, որին մենք հավատում ենք եւ հետ չենք կանգնելու այդ ճանապարհից»,- ասաց Հրանտ Մանասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031