ՀՖՖ 24-րդ հերթական ժողովում ՀՖՖ գործող նախագահ եւ կայանալիք ընտրությունում նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանը ներկայացրեց 2022 թվականի դեկտեմբերից մինչեւ 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ՀՖՖ գործունեության հաշվետվությունը:
Նա խոսեց իրականացվող կրթական ծրագրերի, ենթակառուցվածքների, մարզերում եւ Երեւանում կառուցված 89 եւ Արմավիրի, Կոտայքի ու Սյունիքի մարզերում կառուցվելիք եւս 40 փոքր խաղադաշտերի, արհեստական խոտածածկով մարզումային դաշտերի մասին, որոնք կնպաստեն ֆուտբոլի մասսայականացմանը, անցկացվող ՀՀ առաջնությունների մասին, որոնք ներառում են տարբեր տարիքային խմբերը, կանաց ու աղջիկների ֆուտբոլը, ինչպես նաեւ ֆուտզալը:
Արմեն Մելիքբեկյանը հաշվետվությունը եզրափակեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ելույթները գնահատելով եւ ապագայի մասին խոսելով:
«Հայաստանի հավաքականը Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ ընթացիկ փուլում վաստակեց 8 միավոր, սակայն իմ կարծիքով ակնհայտորեն նվաճեց երկրպագուների սերը: Պետրակովի՝ գործկոմում ներկայացրած հաշվետվությունից եւ քննարկումից հետո էլ ավելի հստակ էր, որ մենք ուկրաինացի մասնագետին պետք է հնարավորություն տանք շարունակել աշխատանքը ազգային ընտրանիում: Այդ մասին վկայեցին նաեւ գործկոմի անդամները: Տարվա ընթացքում մենք ականատես ենք եղել մի շարք դրական միտումների եւ տեսնում ենք, որ այս հավաքականը կարող է լուրջ պայքար մղել յուրաքանչյուր թիմի դեմ: Ընտրական փուլում մենք ութ հանդիպում ենք անցկացրել եւ միայն մեկն է եղել արդեն այս հավաքականի կողմից բարձրացրած նշաձողին ոչ հարիր: Մեզ, իհարկե, դետալները չեն բավարարել, այդ մասին խոսել ենք գործադիր կոմիտեում: Մարզիչը նախանշել է, թե ինչ աշխատանք է հարկավոր տանել գալիք տարում»,-ասաց Մելիքբեկյանը՝ նշելով նաեւ ռեսուրսները, որոնք ֆեդերացիան տեսնում է՝ առաջին հերթին նկատի ունենալով երիտասարդական հավաքականը: «Եվ ամենակարեւորը: Մեր խնդիրը գալիք տարվա համար Ազգերի լիգայի «C» դիվիզիոնի մեր խմբում հաղթանակն է: Կա վստահություն, որ Հայաստանի այս ազգային հավաքականը լավ ապագա ունի»,-ասաց Արմեն Մելիքբեկյանը նաեւ կարճ անդրադարձ անելով մյուս ազգային հավաքականներին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ