Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանն աջակցում է ՈՒԵՖԱ-ին՝ Սուպերլիգայի դեմ պայքարի հարցում

Դեկտեմբեր 23,2023 15:49

Մեկնարկել եւ ընթանում է ՀՖՖ 24-րդ հերթական ժողովը: Բացելով այն՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշեց, որ ժողովը հրավիրվել եւ գումարվել է ՀՖՖ կանոնադրությանը եւ ՀՀ օրենսդրությանը համապատասխան, որ ՀՖՖ 25 անդամներից ներկա է 23-ը, քվորումն ապահովված է եւ կարելի է սկսել աշխատանքը:

Արմեն Մելիքբեկյանի առաջարկությամբ ժողովի մասնակիցները եւ հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգեցին օրերս կյանքին հրաժեշտ տված Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստ, ՀՖՖ առաջին  նախագահ Նիկոլայ Ղազարյանի հիշատակը: Այնուհետև, նիստը վարողը տեղեկացրեց, որ ՀՖՖ կանոնադրության 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն «Վանաձորի ֆուտբոլային ակադեմիա» ՀԿ-ն եւ «Նորավանք սպորտային ակումբ»-ՍՊԸ-ն  ՀՖՖ անդամությունը դադարեցնելու  մասին դիմում են ներկայացրել, ինչը ու բավարարվել է:

Ժողովի մասնակիցներին ողջունեցին այդ առիթով ժամանած ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների զարգացման պատասխանատու Ջանի Մանկայը, եւ ՈՒԵՖԱ-ի «Հեթ-տրիկ» ծրագրի պատասխանատու Դենիս Բաստարին: Նրանք փոխանցեցին ֆուտբոլի միջազգային այդ կազմակերպությունների  ղեկավարության ջերմ ողջույնները, նշեցին ՀՖՖ-ի հետ տարիների ընթացքում հաստատված համագործակցությունը եւ ՀՖՖ նախագահի երկու թեկնածուներին հաջողություն մաղթեցին ընտրությունում:

Երկրորդ հարցով մասնակիցները հաստատեցին ժողովի օրակարգը, որից հետո ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ձայնը տվեց Արմեն Մելիքբեկյանին՝ ժողովի մասնակիցներին ՀՖՖ նախագահի ուղերձը ընթերցելու համար:

«Ես ուզում եմ օգտագործել ուղերձի հատվածը եւ մի շատ կարեւոր իրադարձության մասին խոսել: ՀՖՖ թիմը, իսկ թիմի անդամ են բոլորը, ՀՖՖ-ի բոլոր շահառուները, վերջին չորս տարվա ընթացքում աշխատել է հայկական ֆուտբոլի զարգացման համար եւ վստահ եմ, իր շահառուների եւ գործընկերների հետ բազմաթիվ դրական քայլեր է կատարել: Բնականաբար, եղել են նաեւ սխալներ: Սակայն մի կարեւոր բանի մենք հավատարիմ ենք մնացել մեր գործունեության մեջ: Եվ ամենակարեւոր սկզբունքներից մեկը եվրոպական մոդելի զարգացումն է, որը մտադիր ենք զարգացնել Հայաստանում::

Ինչո՞ւ եմ սա նշում, որովհետեւ հիմա կան գործընթացներ տարբեր երկրներում, գուցե նաեւ Հայաստանում, երբ արդեն փորձում են հարցականի տակ դնել ֆուտբոլի եվրոպական մոդելը: Երկու օր առաջ  Արդարադատության եվրոպական դատարանը տխրահռչակ Սուպերլիգայի մասին որոշում կայացրեց, որին հետեւեցին բազմաթիվ ակումբների հրաժարական նամակներ: Այսինքն, մարդիկ հրաժարվում են մասնակցել այդ նախաձեռնությանը, բացառությամբ երկու-երեք ակումբի: Այս պահին կարող ենք ասել, որ խոշոր, հարուստ ակումբների միավորումը եւ փակ լիգա ստեղծելու փորձը ձախողվել է, սակայն վստահաբար պայքարը համաշխարհային ֆուտբոլում այս առումով շարունակվելու է:

Պատահաբար, թե ոչ, Հայաստանում նույնպես էլիտար գրուպ ձեւավորելու միտումը կա: Ձայներ են հնչում առ այն, որ մեր անդամները չպետք է ունենան միեւնույն թվով ձայներ: Մյուս բոլոր քննադատությունները, եթե դրանք զրպարտանքի եւ կեղծիքի վրա չեն հիմնված, քննելի են եւ դրանցից միշտ կարելի է հետեւություններ անել: Սակայն ես կարծում եմ, որ մեր դիրքորոշումը  միանշանակ պետք է լինի: Այս առաջարկությունը միանշանակ մերժելի է: Սա խախտում է իրավահավասարության սկզբունքը եւ դեմ է միջազգային ֆուտբոլային կառույցների հիմնական սկզբունքին: Սա նույնն է, ինչպես, օրինակ, ՈՒԵՖԱ-ում Գերմանիայի, Սան-Մարինոյի կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները տարբեր թվով  ձայներ ունենան: Կամ, օրինակ, խորհրդարանական ընտրություններին մարզերում ապրող բնակիչները մայրաքաղաքի բնակիչներից տարբեր քանակի ձայներ ունենան: Մենք բոլորս մի ֆուտբոլային ընտանիքի մաս ենք կազմում: Յուրաքանչյուրը, փոքր ակումբ, թե մեծ, իր չափով կարեւորագույն ներդրում է ունենում հայկական  ֆուտբոլի զարգացմանը:

Ես ցանկանում եմ ընդգծել, որ մշտապես ինքս եւ կոչ եմ անում բոլորին՝ պայքարել իրավահավասարությունը խախտող գաղափարների դեմ: Բացի դա, այս ամբիոնից ցանկանում են եւս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի ֆուտբոլային աջակցությունը ՈՒԵՖԱ-ին՝ Սուպերլիգայի դեմ պայքարի հարցում: Մենք դեմ ենք ֆուտբոլի էլիտարիզացմանը ցանկացած մակարդակում, որովհետեւ ֆուտբոլը բոլորի համար է: Շնորհակալություն ուշադրության համար, մաղթում եմ հաջող ժողով»,- ասաց Արմեն Մելիքբեկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031