Թյուրըմբռնում կա, թե խորհրդարանական համակարգը երաշխավորում է ժողովրդավարության ներկայությունը: Իհարկե, տեսականորեն խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում պետության փաստացի ղեկավարը (վարչապետը և իր կաբինետը) գտնվում են օրենսդիր մարմնի անմիջական վերահսկողության ներքո: Ավելին, ի տարբերություն նախագահական համակարգի, խորհրդարանական համակարգը գործող իշխանության աշխատանքի չարդարացման դեպքում նախատեսում է արագ և սահուն պաշտոնազրկում, որովհետև դրա համար անհրաժեշտ է ընդամենը խորհրդարանական մեծամասնության համաձայնությունը:
Բայց Հայաստանի միակուսակցական մեծամասնության պարագայում մի շարք հարցեր են առաջանում, որոնցից մեկը վերաբերում է խորհրդարանական փոքրամասնության նշանակությանը: Ի՞նչ որոշիչ վերահսկողական կարողություն ունի խորհրդարանական փոքրամասնությունը Կառավարության նկատմամբ:
Այսօրվա խորհրդարանական փոքրամասնությունը բացի պաշտոնյաներին հարցեր տալուց և ելույթ ունենալուց, այլ բան անել չի կարող, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը միակողմանիորեն «լուծում է բոլոր հարցերը»: Փոքրամասնության նախաձեռնությամբ նույնիսկ ուղերձներ և հայտարարություններ չեն կարող ընդունվել, որովհետև չմասնակցելով քվեարկությանը՝ մեծամասնությունը կարող է տապալել նախագիծը:
Ուստի որպեսզի քաղաքական մեծամասնությունը հավասարակշռված լինի, պետք է քաղաքական փոքրամասնությանն էլ ընձեռել որոշակի սահմանադրական մեխանիզմներ, որով կհակազդի մեծամասնությանը: Սա իր հերթին կհանգեցնի իշխանության և ընդդիմության միջև հարկադրված համագործակցության:
Կարդացեք նաև
Հակառակ դեպքում, պետությունը մի տեսակ ամբոխապետության է նմանվում: Ազատ ընտրության միջոցով ձևավորված մեծամանությունը կարող է իրագործել այն, ինչ ճիշտ է համարում՝ անտեսելով այդ նույն ազատ ընտրության միջոցով ձևավորված փոքրամասնությանը:
Տրամաբանական հակափաստարկ կարող է բերվել, որ խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության ծայրահեղ բևեռացված լինելու դեպքում հակակշիռները կարող են խափանել գրեթե բոլոր նախագծերի ընդունումը՝ կոնսենսուսի բացակայության պատճառով: Այլընտրանքը կարող է լինել Հանրապետության Նախագահի հավասարակշռող դերը: Խորհրդարանական հանրապետություններում նախագահը վերքաղաքական խորհրդանիշ է՝ ժողովրդի միասնության մարմնավորումը:
Ցավոք, Հայաստանում սա էլ է դժվար իրականություն դարձնել, քանի որ ամեն ինչ կենտրոնացված է վարչապետի շուրջ։ Ինչպես խորհրդարանական ընդդիմությունը, այդպես էլ նախագահը, որևէ փոփոխություն չի կարող մտցնել հայաստանյան քաղաքական կյանքում: Վրաստանում, օրինակ, այդպես չէ: Նախագահն ունի վետո կիրառելու իրավունք:
Չկեղծվող ընտրությունները երկիրը ավտոմատ չեն դարձնում ժողովրդավարական: Եթե ժողովրդի մեծամասնության կամքը և քմահաճույքները զսպող, հակակշռող ուժ չկա, դա բռնապետության մի ձև է: Արիստոտելը դրան օխլոկրատիա է անվանում: Հենց մեծամասնության բռնապետությունը, այսինքն՝ ժողովրդի և խորհրդարանի կողմից իշխանության չվերահսկված լինելը հանգեցրեց Արցախի կորստին, որևհետև դեմագոգիան ամբոխին հաջողությամբ հավատացրել էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս Հայաստանը ճանաչել էր շատ վաղուց (2016-ին, 2007-ին, 1999-ին, 1998-ին, 1992-ին, 1991-ին):
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ