Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը իրեն հաջորդողին, լավագույն դեպքում, թողնելու է «զրոյական կետ»․ «Փաստ»

Դեկտեմբեր 23,2023 11:43

Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանն, այո, կարողացավ խառնել մեր ծրագրերը: Չնայած, ամբողջ երկրի ծրագրերն է վաղուց խառնել, մեր ծրագրերն ինչ է, որ չխառնի: Բանն այն է, որ այսօր որոշել էինք ձեզ ներկայացնել փաշինյանական ստերի ու կեղծ խոստումների հերթական «յոթնյակը»: Բայց նա նորից խոսեց, հարցազրույցեց՝ հիմնականում հերթական ստերն ու նախորդ ստերի հղկված ծաղկաքաղն արտանետելով լրահոս: Ուստի մենք էլ որոշեցինք թեթևակի ի մի բերել Արցախի թեմայով Նիկոլ Փաշինյանի հրապարակային կեղծիքների ու նենգախեղումների մի մասը:

Փաշինյանը, պետք է ասել, 2018-2020 թվականներին, այսինքն՝ իր պաշտոնավարման առաջին երկու-երկուսուկես տարվա ընթացքում Արցախի հարցի հետ կապված հիմնականում զբաղված է եղել երկու բանով. ա) ամեն կերպ տապալել ու փակուղի մղել բանակցային գործընթացը՝ լեգիտիմացնելով ադրբեջանաթուրքական տանդեմի ռազմատենչ մղումները, բ) հնարավորինս խարխլել թշնամական ագրեսիային դիմակայելու մեր ռազմական, քաղաքական, հասարակական կարողունակությունը: Սակայն այդ ամբողջ ժամանակահատվածում նա գերազանցապես բոլոր հրապարակային ելույթներում ցուցադրել է (հենց՝ ցուցադրել է) «ուլտրաոչմիթիզականություն», «գերհայրենասիրություն», արել է ճչան հայտարարություններ, որոնց սև մարգարիտը «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» ոչ իր արտահայտության բացականչումն էր 2019-ի օգոստոսին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում: Իսկ հաջորդող ժամանակահատվածում, այսինքն՝ իր կապիտուլյացիոն ստորագրությամբ ավարտված 44-օրյա պատերազմից հետո ու մինչև օրս Փաշինյանը, Արցախի հանձնումը գլուխ բերելուն զուգահեռ, կենտրոնացած է եղել իր՝ առաջին նախագահի խոսքերով՝ «ազգակործան-պատուհասային» գործունեությունն ու քայլերը հնարավոր ու անհնար ստերով, «կռուտիտներով» արդարացնելու վրա:

Փաշինյանի հիմնական թեզերից մեկն այն է, թե դեռևս 1991-ին կնքված Ալմա-Աթայի հռչակագրով (ըստ էության՝ ԽՍՀՄ «ապամոնտաժման» մասին հայտարարությունը) արդեն իսկ Արցախը առհավետ ճանաչվել է ադրբեջանական տարածք, Ադրբեջանի մաս, այնպես որ, ինքն այս հարցում ոչ մի մեղք չունի: Առիթ եղել է արդեն նշելու, որ այս «թեզը» չի դիմանում որևէ քննադատության: Նախ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը Արցախի խնդրի մասին չէր և չէ: Երկրորդ՝ այդ հռչակագրին Հայաստանը միացել է իր խորհրդարանի սահմանած և ընդունած վերապահումներով, որոնք հենց Արցախի խնդրով են պայմանավորված: Երրորդ՝ եթե Ալմա-Աթայի հռչակագիրը պիտանի լիներ հակամարտության կարգավորման համար, ապա նախորդած տասնամյակներում միջնորդներից, Հայաստանի, Արցախի, տո թեկուզ հենց Ադրբեջանի գլխավոր բանակցողներից մեկնումեկը գոնե կփորձեր հիմնվել այդ թղթի կտորի վրա:

Մինչդեռ նախորդած տասնամյակների ընթացքում ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը, ո՛չ էլ անգամ Ադրբեջանը, առավել ևս՝ ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը, ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի, Ալմա-Աթայի հռչակագրի մասին ծպտուն իսկ չեն հանել:

Առհասարակ, ՀՀ բոլոր նախկին նախագահները կամ նրանց ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հրապարակավ բացահայտել ու հերքել են Նիկոլ Փաշինյանի ստերը, նրա արտանետած կեղծիքները՝ կոնկրետ Արցախի խնդրի հետ կապված: Անժխտելի փաստը հետևյալն է. Տեր-Պետրոսյանը իրեն հաջորդած ղեկավարին թողել է ազատագրված Արցախ, ամբողջական ՀՀ, Ռոբերտ Քոչարյանը իրեն հաջորդող ղեկավարին թողել է ազատագրված և ամրացած, պաշտպանունակ Արցախ և պաշտպանունակ ու ամբողջական ՀՀ, Սերժ Սարգսյանը իրեն հաջորդողին թողել է ազատագրված, ամուր Արցախ, պաշտպանունակ և ամբողջական ՀՀ: Իսկ այ, հաջորդողը՝ Նիկոլ Փաշինյանը, ընդամենը 5 տարվա մեջ «հասել է» Արցախի հայաթափմանը, ՀՀ-ի սուվերեն տարածքի հարյուրավոր քառակուսի կիլոմետրերի կորստի, պաշտպանունակության կտրուկ անկման, անվտանգության ապահովման ծայրահեղ ծանր վիճակի: Նա իրեն հաջորդողին, լավագույն դեպքում, թողնելու է բզկտված Հայաստան, կոտորածի ու բնաջնջման ռեալ սպառնալիքի տակ դրված Հայաստան, մի խոսքով՝ ավերակներ, թողնելու է «զրոյական կետ», թողնելու է ոչինչ: Միայն մեկ սևեռում նա ունի՝ չթողնել իշխանությունը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031