Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Թովմասյան. Արցախի կարող ուժերը պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները, նստեն, ուղիներ քննարկեն. «Հրապարակ»

Դեկտեմբեր 23,2023 11:05

Ավարտվում է 2023 թվականը, որը սեւ տառերով կգրվի մեր պատմության էջերում՝ որպես անդառնալի կորստյան տարի։ 2020 թվականին թվում էր՝ ավելի վատ տարի հայ ժողովրդի կյանքում չի եղել ու չի կարող լինել, բայց պարզվեց, որ ամեն հաջորդ տարին նախորդից ավելի վատն է, իսկ 2023-ը՝ այնքան ողբերգական, որ ահը սրտներումս ենք  ճանապարհում` ոչ մի լավ բան չսպասելով հաջորդ տարվանից։ Երկիրը չունի զարգացման ու մեզ պատուհասած արհավիրքները հաղթահարելու հայեցակարգ, հայրենիքը սիրող եւ պետական շահն իր աթոռից գերադասող իշխանություն։ Տարածաշրջանը ոչ մի կերպ չի խաղաղվում, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, անգամ հայ-ռուսական հարաբերությունները մտել են փակուղի:

Թե ինչպիսին էր քաղաքական տարին, եւ ինչ սպասելիքներ ունեն պաշտոնյաները գալիք տարվանից, փորձեցինք լսել մի քանի կարծիք։ Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանն ասում է՝ ամենավատ երազում չէր կարող նման բան տեսնել՝  Արցախն այլեւս արցախցիներինը չէ, ու իրենք բռնի տեղահանվել են Հայաստան․ «Նախ՝ 10 ամիս ձգվող շրջափակումը, որոնք մղձավանջային ամիսներ էին։ Ճիշտ է, մենք այդ մասին չենք խոսել, լացելու իմաստ չենք տեսել, բայց Արցախի հարցն այսպես անփառունակ չի կարելի փակել․․․ Արցախի կարող ուժերը պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները, նստեն, ուղիներ քննարկեն՝ նույն վերադարձի իրավունքի, կորցրած գույքի եւ այլնի մասին, որոնց միջազգային հանրությունը նույնպես անտարբեր չէ։ Իսկ ՀՀ իշխանությունները․․․ իրենք հիմա ուզում են 29.8-ը պահել անվտանգ, մենք խանգարե՞նք` մենք իրավունք չունենք․․․ Հին աշխարհակարգը փլվում է, եւ նորի ստեղծման ճանապարհին Արցախը հայտնվեց փլատակների տակ, հիմա այն տպավորությունն ունեմ, որ ՀՀ իշխանություններն աշխատանքներն այնպես են կազմակերպում, որ Հայաստանն էլ չհայտնվի փլատակների տակ»։

Գալիք տարվա հետ կապված՝ Թովմասյանը երազանքներ ունի․ «Արցախի հարցով լավ լուրեր լսենք՝ կլինի կարգավիճակի հարց, միջազգային մանդատի ներքո, մեր վերադարձի հարց, թե ռազմագերիների վերադարձի»։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների` Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Լեւոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի գերեվարումը Թովմասյանն ազգային ամոթ է համարում եւ հորդորում՝ միջազգային կառույցների հետ ինտենսիվ համագործակցությամբ ճնշել Ադրբեջանի իշխանություններին` օր առաջ վերադարձնել մեր հայրենակիցներին․ «Այդ մարդիկ ո՛չ ահաբեկիչներ են, ո՛չ անջատողականներ, նրանք դասական պատանդներ են»։ Թովմասյանը հիշեցնում է, որ քաղաքակիրթ մարդկությունը, միջազգային կազմակերպությունները, որ այսօր լռում են մեր պատանդների մասին, ժամանակին` բանակցային գործընթացների շրջանակներում մի սեղանի շուրջ են նստել նույն այդ ղեկավարների հետ, այցելել Արցախ․ «Մի՞թե այդ մարդիկ անջատողականների, ահաբեկիչների հետ են հանդիպել: Կամ՝ երբ այցելել են Արցախ, արդյո՞ք այդ ժամանակ մեր առաջնորդներն անջատողական էին։  Պետք է ակտիվ աշխատանքներ տարվեն՝ օր առաջ մեր գերիներին հետ վերադարձնելու համար, նրանց առաջադրվել են այնպիսի մեղադրանքներ, որոնք ցմահ բանտարկում են սպառնում, անգամ համաներման տակ չեն ընկնում, եւ միայն Ադրբեջանի առաջնորդի կողմից ներում կարող է շնորհվել»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031